ՔՈԱՖ-ի Սոցիալական աշխատանքի ծրագիրը․ հզորացնելով ընտանիքներին, վերափոխելով համայնքները

Անի Մուրադյան
November 12, 2025
Child & Family Services

Խմբագրի նշում․ այս նյութն անդրադառնում է զգայուն թեմայի, պարունակում է ընտանեկան բռնության դեպքեր։ 

Արմավիրի գյուղերից մեկում ՔՈԱՖ-ի սոցիալական աշխատող Էմմա Վարդանյանը խոհանոցի սեղանի շուրջ նստած է մի երիտասարդ մոր ու նրա փոքրիկի հետ։ Երեխան խոսքային ու վարքային դժվարություններ ունի, իսկ մայրը, ընտանեկան բռնությունից հետո, փորձում է վերականգնել իր կյանքը։

Ամենշաբաթյա այցելությունների արդյունքում Էմման օգնում է նրան քայլ առ քայլ  վերափոխել իր իրականությունը՝ ծանոթացնելով պետական ծրագրերի, ուղղորդելով հոգեբանի և լոգոպեդի մոտ ու քաջալերելով նոր մասնագիտություն ձեռք բերել։ Երկու տարի անց այս երիտասարդ կինը կայուն եկամուտ ունի, աշխատում է որպես վարսավիր, իսկ նրա երեխան ուրախությամբ հաճախում է մանկապարտեզ։

Ահա սա է ՔՈԱՖ-ի սոցիալական աշխատանքի ծրագրի էությունը՝ համապարփակ աջակցություն, որի նպատակն է ձևավորել ավելի դիմացկուն, իր իրավունքներն ու արժեքներն իմացող հասարակություն։

Ինչու է սոցիալական աշխատանքը կարևոր Հայաստանի համայնքներում

Հայաստանի համայնքներում բնակվող ընտանիքները հաճախ են բախվում բազմատեսակ մարտահրավերների՝ աղքատություն, առողջապահական ծառայությունների անհասանելիություն, ընտանեկան բռնություն, կրթական հնարավորությունների բացակայություն և սեփական իրավունքները չճանաչող հասարակություն։ ՔՈԱՖ-ի սոցիալական աշխատողները հիմնականում առաջին և միակ մասնագետներն են, որ գալիս են այս տներ, լսում, ուղղորդում և աջակցում:

Էմման՝ ՔՈԱՖ-ի առաջին սոցիալական աշխատողներից մեկը, որն ունի ավելի քան տասնամյա փորձ ոլորտում, ասում է.

«Սոցիալական աշխատանքը պարզապես մասնագիտություն չէ, այն կոչում է։ Դու պիտի հավատաս մարդկանց ներուժին։ Մեր նպատակը նրանց այնքան ուժեղ դարձնելն է, որ մի օր այլևս մեր կարիքը չունենան»։

Սոցիալական աշխատանքի ծրագրերի ղեկավար Նախշուն Աֆանեսյանը, վստահ է՝ այս փոփոխությունը հնարավոր է դարձել ոչ միայն կարեկցանքի, այլև համակարգված աշխատանքի շնորհիվ։

«Մեր մոտեցումը համակարգային է։ Ճգնաժամային իրավիճակներին արձագանքելուն զուգահեռ մենք յուրաքանչյուր ընտանիքում կառուցում ենք վստահության, անվտանգության և զորեղացման միջավայր։ Ամեն հաջողության պատմության հետևում ամիսներ տևած թիմային աշխատանք և հետևողական աջակցություն է», — նշում է նա։

Դաշտային աշխատանքից մինչև Երեխայի և ընտանիքի կենտրոններ. ինչպես զարգացավ այս մոդելը

ՔՈԱՖ-ը սոցիալական աշխատանք իրականացնում է դեռևս 2003-2004 թվականներից։ Սկզբնական փուլում մեր թիմը գնում էր համայնքներ և հանդիպումներ կազմակերպում դպրոցների դասասենյակներում կամ ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների սենյակներում։ Չկային մշտական, հարմարավետ ենթակառուցվածքներ, կար միայն նպատակ ու հանձնառություն՝ աջակցելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին։

Այս իրավիճակը փոխվեց 2021 թվականին, երբ բացվեցին առաջին Երեխայի և ընտանիքի կենտրոնները (ԵԸԿ)՝ մեկ տանիքի տակ միավորելով հոգեբանի, սոցիալական աշխատողի ու լոգոպեդի ծառայությունները։ Այսօր ընտանիքները կարող են ամբողջական աջակցություն ստանալ՝ խորհրդատվությունից մինչև հոգեբանական և կրթական ծառայություններ։ Իսկ նրանց, ովքեր չեն կարողանում կենտրոն հասնել, սոցիալական աշխատողները շարունակում են այցելել տանը։

Արդեն լիարժեք մոդելի շնորհիվ այսօր համայնքաբնակ ընտանիքները հնարավորություն ունեն օգտվելու ՔՈԱՖ-ի բազմամասնագիտական թիմի աջակցությունից։

ՔՈԱՖ-ի Սոցիալական աշխատանքի ծրագրի կառուցվածքը

Ծրագիրը հիմնված է երկու հիմնաքարային ուղղության  վրա.

1. Դեպքի վարում

  • Ճգնաժամային իրավիճակում գտնվող ընտանիքների բացահայտում և աջակցություն
  • Սոցիալ-տնտեսական, իրավական և հոգեբանական գնահատումներ
  • Անհատական աջակցության պլանի մշակում
  • Խորհրդատվություն, հետևողականություն և ուղղորդումներ
  • Արձագանք արտակարգ դեպքերին, ինչպիսիք են՝ պատերազմ, համաճարակ, տեղահանում և այլն։

2. Կրթական ծրագրեր

  • Ծնողավարման և իրազեկման դասընթացներ
  • Մարդու իրավունքների և ներառականության ծրագրեր երեխաների համար
  • Ընտանեկան բռնության և բուլինգի կանխարգելման արշավներ
  • Տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ծրագրեր

Մեր սոցիալական աշխատողները նաև կարևոր պատասխանատվություն են կրում վերաիմաստավորելու Հայաստանում իրենց մասնագիտության ընկալումը։ Եթե երբևէ նրանց ընդունում էին պարզապես որպես օգնություն բաժանողների, այսօր ՔՈԱՖ-ի շնորհիվ նրանք համարվում են արժանապատվության վերականգնողներ, ուղղորդողներ, նոր կյանքի հիմք ստեղծողներ։

Իրական ազդեցության մասին պատմություններ

ՔՈԱՖ-ի ազդեցությունը լավագույնս արտացոլվում է այն ընտանիքներում, որոնց հիմնադրամն աջակցում է: ՔՈԱՖ-ում աշխատելու ընթացքում Էմման աշխատել է հարյուրավոր մարդկանց հետ, բայց մի քանի պատմություններ առանձնապես հատկանշական են։

Վիրավոր վետերանը նոր կյանք է կառուցում

2020-ի պատերազմը շատերի կանքում լուրջ հետք թողեց՝ ֆիզիկական վնասվածքներից մինչև հոգեբանական տրավմաներ, կորուստներ ու ֆինանսական դժվարություններ։ Այդպիսի զինվորներից մեկը Էմմայի մեկամյա ջանքերի շնորհիվ ստացավ հոգեբանի աջակցության, վերականգնման, նպաստի և մասնագիտական ուսուցման հնարավորություն։ Այսօր նա ունի սեփական վարսավիրանոց։

«Ես ուղղակի ճանապարհ ցույց տվեցի»,- ասում է Էմման։-«Մնացածը ինքն արեց։ Սա է սոցիալական աշխատանքի իմաստը»։

Հաղթահարելով բռնության արատավոր շրջանը

Երիտասարդ մայրը, որը երկար տարիներ ապրել էր բռնության մթնոլորտում և չուներ ընտրելու իրավունք ու ազատություն, եկավ ՔՈԱՖ իր մեկամյա երեխայի հետ։ Մեծ ուշադրությունից խուսափելու համար նա բոլորին ասաց, որ երեխայի համար է գալիս կենտրոն. մասնակի ճշմարտություն՝ թաքցնելու իր հուսահատությունը։ ՔՈԱՖ-ի խորհրդատվական և մասնագիտական ծրագրերի շնորհիվ նա վերագտավ ինքնավստահությունն ու անկախություն ձեռք բերեց։ Նրա երեխան, որը մի ժամանակ ընկճված էր և ուներ խոսքային դժվարություններ, այսօր վստահ է զգում իրեն իր հասակակիցների շրջապատում։

Ստեղծելով անվտանգ միջավայր երեխաների համար

Յորաքանչյուր ամառ Էմման ներգրավվում է ՔՈԱՖ-ի «Մարդու իրավունքներ» ամառային դպրոցի աշխատանքներում, որտեղ երեխաները սովորում են կարեկցել, ինքնաարտահայտվել և պաշտպանել իրենց իրավունքները։ Էմման ժպիտով է հիշում․ «Երեխաները ինձ ասացին՝ «Ընկեր Էմմա կգա՞ս մեր դպրոցում էլ դասավանդես, էնքա՜ն հավես է»։ Էմման ասում է՝ սա իր համար ամենահաճելի պահերից է, քանի որ խորապես գիտակցում է, թե որքան կարևոր են այս թեմաները ինքնաբավ և անկախ սերունդ ձևավորելու ճանապարհին։

Հաճախ հանդիպող մարտահրավերներ

Յուրաքանչյուր ընտանիք յուրահատուկ է, բայց ՔՈԱՖ-ի երկարամյա դաշտային աշխատանքի ընթացքում կրկին ու կրկին որոշակի մարտահրավերներ են առաջանում.

  • Աղքատություն և ֆինանսական անկայունություն
  • Կրթության ցածր մակարդակ
  • Ծնողավարման հմտությունների և գիտելիքի բացակայություն
  • Առողջապահական ծառայությունների անհասանելիություն
  • Իրավունքի ոտնահարում (կանանց, երեխաների, դեռահասների)
  • Ընտանեկանան բռնություն

ՔՈԱՖ-ի սոցիալական աշխատողները չեն սպասում, որ այս խնդիրները խորանան, նրանք կենտրոնանում են կանխարգելման վրա: Երեխաների հիգիենայի և վարքի վերաբերյալ բացատրական դասընթացներից մինչև իրավական գրագիտություն և խորհրդատվություն. մեր նպատակն է ամրապնդել ընտանիքները նախքան ճգնաժամի խորացումը:

Առողջապահության և կրթության հատման կետում

Սոցիալական աշխատողները գործում են մեր բազմամասնագիտական թիմի հետ սերտ համագործակցությամբ․ նրանք ընտանիքներին ներկայացնում են նաև ՔՈԱՖ-ի այլ ծրագրերն ու ծառայությունները։

  • Առողջապահություն | նրանք հետևում են, որ անվճար ատամնաբուժական ծառայություններն ու կանխարգելիչ զննությունները հասանելի լինեն նաև ավելի խոցելի ընտանիքներին։
  • Կրթություն | նրանք առաջնահերթություն են տալիս կրթաթոշակների, ինտելեկտուալ ժամանցային ակումբների և հնարավորությունների հասանելիությանը այն երեխաների համար, որոնք ամենից շատ ունեն դրա կարիքը։
  • Համայնքային զարգացում | նրանք համագործակցում են համայնքապետարանների, դպրոցների և բուժհաստատությունների հետ, որպեսզի յուրաքանչյուր շահառուի դիմում իրական և շարունակական աջակցություն ստանա։

Վերաձևակերպելով ընկալումը 

Նախկինում սոցիալական աշխատողներին ընկալում էին որպես ուղղղակի «օգնություն բաժանողների»։ Սակայն տարիների հետևողական աշխատանքի արդյունքում ՔՈԱՖ-ին հաջողվել է փոխել այդ պատկերացումը։ Այսօր մեր շահառու համայնքներում սոցիալական աշխատողները հարգված և վստահելի մասնագետներ են, որոնց դիմում են խնդիրների լուծման, ուղղորդման և հույսը վերագտնելու համար։

Այս մշակութային փոփոխության շնորհիվ հասարակությունը սկսել է գիտակցել, որ սոցիալական աշխատանքի հիմնական նպատակը ոչ թե կախվածություն ստեղծելն է, այլ մարդկանց ինքնուրույնության ու արժանապատվության վերականգնումը։

Փոփոխությունների ալիքը

ՔՈԱՖ-ում սոցիալական աշխատանքը վաղուց ավելին է, քան պարզապես անհատների աջակցությունը։ Տնայցերից մինչև ծնողավարման թրեյնինգներ,  տան հյուրասենյակներում տրամադրված ուղղորդումներից մինչև պրոֆեսիոնալ թրեյնինգներ. այս ամենը մեր տեսլականի մասն է՝ ձևավորել համայնքներ, որտեղ ոչ մի ընտանիք միայնակ չէ։

Յուրաքանչյուր հաջողության պատմության հետևում տասնյակ այլ պատմություններ են։ Երեխա, որ սկսել է խոսել։ Մայր, որ վերագտել է իր ուժը։ Զինվոր, որ կյանքին նոր իմաստ է տվել։ Ընտանիք, որ նորից սկսել է վստահել։ Սրանք փոքր դրվագներ են մեծ փոփոխությունների շղթայում։ Ահա սա է ՔՈԱՖ-ի աշխատանքի իրական էությունը՝ փոխակերպված կյանքեր, ամրապնդված ընտանիքներ և հզոր համայնքներ, որտեղ ձևավորվում է Հայաստանի գալիք սերունդը։

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

November 12, 2025
Կատեգորիա

ՔՈԱՖ-ի Սոցիալական աշխատանքի ծրագիրը․ հզորացնելով ընտանիքներին, վերափոխելով համայնքները

September 1, 2025
Կատեգորիա

Աջակցության անկյուն. ինչպե՞ս է ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի նոր կենտրոնը հոգատարության միջավայր ձևավորում Մյասնիկյանում

September 1, 2025
Կատեգորիա

H.O.P.E. («Հույս») ծրագիր. վերափոխելով կյանքեր

September 1, 2025
Կատեգորիա

Ուղիղ չվերթով Քարակերտի կենտրոնից Դալարիկի դպրոց

September 1, 2025
Կատեգորիա

Շրջափակված՝ Արցախում, շրջապատված՝ սիրով ու փոքրիկ հողակտորով