
Ամուր հիմք. ինչպես են ծնողները վերաիմաստավորում վաղ մանկության զարգացման կարևորությունը Մյասնիկյանում

ՔՈԱՖ-ի՝ 0-3 տարեկանների զարգացման փորձնական ծրագիրն արմավիրցի ծնողներին օգնում է ավելի լավ հասկանալ ու սատարել իրենց փոքրիկներին կյանքի ամենակարևոր փուլում։
Մանկան զարգացման փորձագետները միակարծիք են՝ կյանքի առաջին երեք տարիներն ամենավճռորոշն են։ Հենց այս փուլում են երեխայի մոտ ձևավորվում այն հիմնարար կարողությունները, որոնց վրա նա հենվելու է հետագա կյանքի ընթացքում։ Այն, թե ինչպես է երեխան սովորում, հաղորդակցվում կամ հարաբերվում աշխարհի հետ, սկիզբ է առնում հենց այս վաղ ու կարևոր շրջանում։
«Լավագույն ներդրումը, որ կարող ենք անել երեխայի կյանքի առաջին երեք տարիների ընթացքում, նրա հետ զգացմունքային ամուր կապ ստեղծելն ու միասին որակյալ ժամանակ անցկացնելն է»։
— Թամարա Հարությունյան, ՔՈԱՖ-ի Հոգեբանական ծրագրերի ղեկավար
Սակայն ի՞նչ է սա նշանակում Հայաստանի գյուղական համայնքներում բնակվող ծնողների համար։ Արդյո՞ք նրանք ունեն անհրաժեշտ գործիքներն ու աջակցությունը՝ իրենց փոքրիկներին այս կարևորագույն տարիներին ճիշտ ուղղորդելու համար։
Աջակցության ծրագիր՝ ծնողների համար
Հենց վերոնշյալ հարցերին պատասխանելու նպատակով էլ մշակվել է ՔՈԱՖ-ի՝ 0-3 տարեկանների զարգացման փորձնական ծրագիրը։ Նպատակը մեկն է՝ ծնողներին զինել անհրաժեշտ գիտելիքներով, վստահությամբ և գործնական հմտություններով, որոնք էական նշանակություն ունեն երեխայի կյանքի մեկնարկային փուլում։
Ծրագիրը մեկնարկեց երեք սեմինարների շարքով, որոնց շրջանակում ծնողները հնարավորություն ստացան անմիջականորեն շփվելու բժիշկների, հոգեբանների և լոգոպեդների հետ։ Մասնագետների օգնությամբ նրանք վերլուծեցին վաղ մանկության զարգացման առանցքային շերտերը՝ հաղորդակցությունից ու հուզական կապից մինչև մտավոր աճ: Այս քննարկումները ծնողների համար նորովի բացահայտեցին այն առաջնահերթությունները, որոնք վճռորոշ նշանակություն ունեն երեխայի կյանքի առաջին տարիներին:

Ուսումնառություն՝ խաղի և դիտարկման միջոցով
Սեմինարներից հետո ուսուցումն անցավ գործնական փուլ: Ծնողները հրավիրվեցին Մյասնիկյանի՝ Յուրեջյանի անվան ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի կենտրոն, որտեղ մեր մասնագետների ուղղորդմամբ տեղի ունեցան խաղային հատուկ պարապմունքներ երեխաների հետ:
«Հանդիպումների արդյունքում հասկացա, թե որքան կարևոր է երեխայիս համար, որ ես շատ ժամանակ անցկացնեմ նրա հետ հենց խաղալով»,— նշում է ծնողներից մեկը:
Խաղի պես պարզ, բայց միևնույն ժամանակ հզոր «գործիքի» շնորհիվ մասնագետները կարողացան դիտարկել յուրաքանչյուր երեխայի զարգացման ընթացքն ու անհատական խորհրդատվություն տրամադրել ծնողներին:
Այս հանդիպումների ընթացքում ընտանիքները յուրացրին գործնական հմտություններ, որոնք կիրառելի են նաև տանը։ Զարգացնող խաղերի միջոցով ծնողներն այժմ կարողանում են ոչ միայն ամրապնդել հուզական կապը երեխայի հետ, այլև ավելի վստահ ու նպատակային դարձնել նրա վաղ զարգացմանն ուղղված ամեն մի րոպեն։
Մեկ այլ ծնող նույնպես փաստում է. «Հիմա փորձում եմ ավելի շատ ժամանակ տրամադրել երեխայիս և միասին խաղալ, քանի որ տեսնում ու զգում եմ, թե որքան մեծ հաճույք է դա պատճառում նրան»։
Անորոշությունից դեպի վստահություն
Փետրվարին ամփոփված փորձնական ծրագրի արդյունքում մասնակից ընտանիքներն արդեն անցել էին վեց փուլից բաղկացած ուղի։ Նկատելով երեխաների զարգացման տեսանելի արդյունքները՝ շատերն ակնկալում էին նախաձեռնության շարունակականությունը։
«Երեխաս այժմ ավելի հանգիստ է ընդունում իմ բացակայությունը, ավելի անկաշկանդ է հաղորդակցվում և խաղում հասակակիցների հետ»։
Ծնողներից մեկը նկատում է, որ երեխան այլևս այդքան կախված չէ իրենից, մյուսն էլ հավելում է. «Փոքրիկս սկսել է ավելի հեշտ հարմարվել, երբ ես կողքին չեմ, նա դարձել է ավելի շփվող ու ազատ՝ այլ երեխաների հետ խաղալիս»։
Նորաթուխ ծնողների համար, ովքեր առաջին անգամ են անցնում այս ճանապարհով, երեխայի վարքագիծն ու զարգացման փուլերը հաճախ կարող են առեղծվածային թվալ։ Սակայն 0–3 տարեկանների զարգացման փորձնական ծրագիրը փաստում է՝ ճիշտ մասնագիտական աջակցության դեպքում անորոշությունը տեղի է տալիս փոխըմբռնմանը, վստահությանն ու խորը, իմաստալից կապին։
Գիտակից ծնողավարություն՝ հանուն լուսավոր ապագայի
Երբ ծնողները զինված են գիտելիքով ու վստահությամբ, նրանք հենց առաջին քայլերից կերտում են երեխայի առողջ ու լուսավոր ապագայի ամուր հիմքերը։






