
Արմինեն ու Մելինեն՝ ՍՄԱՐԹ-ի սոցիալական աշխատողների տանդեմը

Նրանք աշխատանքի են ընդունվել մի քանի ամիս տարբերությամբ ու կարճ ժամանակ անց դարձել են ոչ միայն լավ գործընկերներ, այլև ընկերներ։ Բոլոր հրատապ ու բարդ դեպքերին արձագանքում ու տնայցեր են իրականացնում միասին։ Ծանթացեք «ՍՄԱՐԹ քաղաքացիություն» կրթակարգի և «Տներ արցախցիների համար» ծրագրի սոցիալական աշխատողներ Մելինե Մաղաքյանին ու Արմինե Ազագուլյանին։
Երկուսն էլ ՔՈԱՖ-ին միացել են բավականին բարդ շրջանում։ Մելինեն «Հույս» ծրագրի շրջանակում աշխատել է Արցախից բռնի տեղահանված շահառուների հետ։ Արմինեն էլ ՔՈԱՖ-ի հետ համագործակցությունը սկսել է հետպատերազմյան Արցախում՝ աշխատանքի անցնելով Ստեփանակերտի երեխայի ու ընտանիքի կենտրոնում։

Նրանց աշխատանքի մեծ մասը ՍՄԱՐԹ կրթակարգի ուսանողների ու մանկան զարգացման անկյան երեխաների և նրանց ընտանիքների հետ է։
«ՍՄԱՐԹ կրթակարգի սպասարկման շրջանակում համագործակցում ենք ծրագրավարների ու կրթական խորհրդատուի հետ և ըստ կարիքի ուղղորդումներ ենք անում Դեբեդի երեխայի և ընտանիքի ծառայության մյուս մասնագետներին»,- պատմում է Մելինեն։
Արմինեն, լրացնելով գործընկերոջը, ասում է, որ ուղղորդումները շատ տարբեր են լինում. որոշները մեկանգամյա միջամտության արդյունքում լուծվում են, իսկ որոշներն ավելի երկար ժամանակ ու տարբեր դերակատարների (ընտանիք, դպրոց, համայնքապետարան, իրավապահ մարմիններ) ներգրավվածությունն են պահանջում։
ՔՈԱՖ-ի նկատմամբ տարիների ընթացքում ձևավորված վստահությունն օգնում է սոցիալական աշխատողներին շահառուների հետ աշխատանքում։
«Մեր առավելություններից մեկն էլ սեփական տրանսպորտի առկայությունն է։ Բոլոր հրատապ ահազանգերին մենք տեղում արձագանքում ենք ու կարճ ժամանակում արդեն տվյալ բնակավայրում ենք լինում»,- ասում է Արմինեն ու հավելում, որ կարիքի դեպքում ներգրավվում են նաև ՔՈԱՖ-ի Դեբեդի երեխայի և ընտանիքի ծառայության մասնագետներին (հոգեբան, լոգոպեդ)։
Վերջերս Մելինեն որպես ՔՈԱՖ-ի ներկայացուցիչ ներգրավվել է Թումանյան համայնքի Սոցիալական համագործակցության խորհրդում։
«Այս համագործակցությունն օգնում է խնդիրներին համակողմանի լուծում ցուցաբերել»,- ընդգծում են սոցիալական աշխատողները։









