Ավարտական միջոցառումներ ՔՈԱՖ-ում․ աճի, բացահայտումների և նոր հնարավորությունների ևս մեկ տարի

*Ce blog a été traduit à l’aide de l’IA
Անի Մուրադյան
July 6, 2026
Child & Family Services

Յուրաքանչյուր ավարտական շրջան ինչպես ուրախության, այնպես էլ հուզմունքի մասին է։ ՔՈԱՖ-ի կրթական ծրագրերում ևս ուսումնական տարվա ավարտը նշանավորվում է կարևոր ձեռքբերումներով․ ավելի քան 1000 երիտասարդ, երեխա և կրթական ոլորտի ներկայացուցիչ ամփոփում է իր անցած ճանապարհն ու պատրաստվում նոր փուլի։

Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում իրականացված նախագծերի ներկայացումներից մինչև ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի կենտրոնների ավարտական միջոցառումներ և անգլերենի ուսուցիչների մենթորական ծրագրերի ամփոփում. տարբեր ուղղվածություն ունեցող այս նախաձեռնությունները միավորվում են մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ գիտելիքով, հմտություններով և հնարավորություններով հզորացնել Հայաստանի համայնքները։

Թեև յուրաքանչյուր ծրագիր ունի իր յուրահատուկ ճանապարհը, բոլորի հիմքում նույն գաղափարն է՝ օգնել մարդկանց բացահայտել իրենց ներուժը, զարգացնել անհրաժեշտ հմտություններ և ձեռք բերել ինքնավստահություն՝ սեփական ապագան կերտելու ու իրենց համայնքների զարգացմանը նպաստելու համար։

Սովորել՝ ստեղծելով․ ՍՄԱՐԹացիներն ուսումնական տարին ամփոփեցին նախագծերով

Այս տարի Լոռու՝ Յուրեջյանի անվան ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ծրագրերն ավարտեց 1,802 ուսանող։ Նրանք ներկայացրին 95 նախագիծ՝ տեխնոլոգիաների, դիզայնի, արվեստի, լեզուների, ձեռնարկատիրության և այլ ոլորտներում։

Տարվա ընթացքում մշակված նախագծերի ներկայացումը ուսանողների համար դարձավ իրենց աշխատանքի, փորձարկումների և ստեղծագործական գործընթացի արդյունքները ներկայացնելու հնարավորություն։ Թիմերով աշխատելով՝ նրանք գաղափարները վերածեցին իրական լուծումների՝ զարգացնելով ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև համագործակցության, խնդիրների լուծման, հետազոտության և հանրային խոսքի հմտություններ։

Այս տարի առաջին անգամ անցկացվեց նաև «ՍՄԱՐԹամեջ․ ուսանողները՝ ուսանողների համար» միջոցառումը։ TED ձևաչափից ոգեշնչված այս նոր հարթակը ուսանողներին հնարավորություն տվեց ներկայացնելու ոչ միայն իրենց նախագծերի վերջնարդյունքները, այլև պատմել դրանց ստեղծման ճանապարհի մասին։

Բաց հայտերի և ընտրության փուլից հետո ուսանողները մասնակցեցին հատուկ հանդիպումների՝ զարգացնելով պատմասացության, հանրային խոսքի և ինքնավերլուծության հմտությունները։ Ելույթների ընթացքում նրանք անդրադարձան իրենց փորձառությանը, պատմեցին, թե ինչպես են սովորել սեփական սխալների վրա, ինչ նոր բացահայտումներ են արել և ինչ մարտահրավերներ հաղթահարել։

Մոտ 120 ուսանողի մասնակցությամբ միջոցառումը դարձավ մի միջավայր, որտեղ երիտասարդները կարողացան ոգեշնչվել միմյանց պատմություններով, տոնել ձեռքբերումները և ուրվագծել իրենց լուսավոր ապագան։

Փոքրիկ ՔՈԱՖ-ցիների մեծ ձեռքբերումները

ՔՈԱՖ-ի չորս Երեխայի և ընտանիքի կենտրոնների Մանկան զարգացման անկյուններն այս տարի ճանապարհեցին 169 երեխայի, որոնք պատրաստվում են իրենց կրթական կյանքի հաջորդ կարևոր փուլին՝ դպրոցին։

Տարվա ընթացքում իրականացված դասընթացներն ու խաղերը նպատակ ունեին ապահովելու երեխաների բարեկեցությունը, զարգացնելու ճանաչողական հմտություններն ու նախապատրաստելու նրանց դպրոցին։ Իսկ տարեկան գնահատումներն արդեն փաստում են մանկան վաղ զարգացման ծրագրի երկարաժամկետ դրական ազդեցությունը։ Դրա շրջանակում ուսումնասիրվում են երեխաների զարգացման առանցքային ուղղությունները, այդ թվում՝ դպրոցի հանդեպ վերաբերմունքը, ճանաչողական ու վերլուծական հմտությունները, խոսքի զարգացումն ու կամային ինքնակարգավորումը։

Մեր Երեխայի և ընտանիքի կենտրոնների երկարաժամկետ դիտարկումները ցույց են տալիս, որ երեխաների պատրաստվածության մակարդակը զգալիորեն աճել է։ Օրինակ՝ Հացիկի կենտրոնի արդյունքները հստակ առաջընթաց են արձանագրել 2024-2025 թվականների միջև.

  • 2024 թվականին դպրոցի՝ հոգեբանական պատրաստվածության գնահատման ժամանակ երեխաների 11%-ը հավաքել էր ընդամենը 2-3 միավոր (առավելագույն 8-ից)։
  • 2025 թվականին արդեն ոչ մի երեխա 3-ից ցածր միավոր չի ստացել։
  • Բարձր արդյունքներ (6․5-8 միավոր) գրանցած երեխաների թիվը 13․9%-ից հասել է 41․7%-ի։

Վերջին գնահատումների համաձայն՝ բոլոր շահառուները հաջողությամբ հաղթահարել են նվազագույն շեմը, ընդ որում՝ զգալիորեն ավելացել է բարձր առաջադիմություն ունեցող երեխաների թիվը։

Այս արդյունքները ևս մեկ անգամ ընդգծում են վաղ մանկության կրթության կարևորությունը և ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի կենտրոնների վերափոխող դերը երեխաների կյանքում։

Սյունիքի մանկավարժները նշում են մասնագիտական նոր ձեռքբերումները

Կրթական ճանապարհը շարունակվում է նաև ուսուցիչների համար։ Հունիսի 25-26-ին Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Սյունիքի անգլերենի ուսուցիչների հզորացում» մենթորական ծրագրի մասնակից մանկավարժները հավաքվել էին Գորիսում՝ մասնակցելու ծրագրի ամփոփիչ համաժողովին։

Տարվա ընթացքում ծրագրի շրջանակում իրականացվել են անգլերենի ինտենսիվ դասընթացներ, մենթորների վերապատրաստում, դասալսումներ, հետադարձ կապ և մասնագիտական աջակցություն՝ օգնելով ուսուցիչներին զարգացնել ինչպես լեզվական գիտելիքները, այնպես էլ դասավանդման մեթոդները։

Միջոցառումը մեկտեղել էր 14 ուսուցչի (մենթի) և 7 մենթորի՝ ամփոփելու համատեղ աշխատանքի հաջողությունները, մարտահրավերներն ու քաղած դասերը։ Համաժողովի օրակարգում ներառված էին մասնագիտական զարգացման դասընթացներ, կրթական մեթոդաբանության շուրջ քննարկումներ, ինչպես նաև մենթորների, ուսուցիչների և ուսանողների կողմից մշակված համայնքային նախագծերի ներկայացումներ։

Աջակցելով ուսուցիչների մասնագիտական զարգացմանը՝ ծրագիրը նպաստում է համայնքներում որակյալ կրթական հնարավորությունների ընդլայնմանը և երկարաժամկետ ազդեցություն ստեղծում դպրոցական միջավայրից դուրս։

Նոր փուլ

Այս տարվա ավարտական միջոցառումներն ամփոփում են ոչ միայն անցած ճանապարհը, այլև նոր հնարավորությունների սկիզբը։ Ոմանք առաջին քայլերն են անելու դպրոցում, ոմանք շարունակելու են իրենց ուսումնառությունը ՍՄԱՐԹ կենտրոնում, իսկ ոմանք իրենց ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները կիրառելու են իրենց դպրոցներում և համայնքներում։ Անկախ հաջորդ քայլից՝ ՔՈԱՖ-ի ծրագրերի մասնակիցներն իրենց հետ տանում են տարվա ընթացքում ձեռք բերած փորձը, նոր հմտություններն ու վստահությունը իրենց ուժերի հանդեպ։

ՔՈԱՖ-ը շնորհավորում է բոլոր երեխաներին, ուսանողներին և մանկավարժներին այս կարևոր փուլը հաղթահարելու համար և մաղթում նրանց հաջողություն իրենց հետագա ճանապարհին։

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

July 6, 2026
Կատեգորիա

Ավարտական միջոցառումներ ՔՈԱՖ-ում․ աճի, բացահայտումների և նոր հնարավորությունների ևս մեկ տարի

April 7, 2026
Կատեգորիա

Ամուր հիմք. ինչպես են ծնողները վերաիմաստավորում վաղ մանկության զարգացման կարևորությունը Մյասնիկյանում

January 27, 2026
Կատեգորիա

ՔՈԱՖ-ի Սոցիալական աշխատանքի ծրագիրը․ հզորացնելով ընտանիքներին, վերափոխելով համայնքները

March 13, 2026
Կատեգորիա

Արմինեն ու Մելինեն՝ ՍՄԱՐԹ-ի սոցիալական աշխատողների տանդեմը

April 17, 2026
Կատեգորիա

Հզորացնելով Հայաստանի համայնքների ընտանիքներին. ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի կենտրոնների ազդեցությունը 2025-ին

September 1, 2025
Կատեգորիա

Աջակցության անկյուն. ինչպե՞ս է ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի նոր կենտրոնը հոգատարության միջավայր ձևավորում Մյասնիկյանում