
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի շինարարությունն Արմավիրում ակտիվ ընթացքի մեջ է

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի շինարարությունն Արմավիրում շարունակվում է կայուն տեմպով։ Մեկնարկել է նախագծի առանցքային փուլերից մեկը՝ շենքի բետոնե հիմքերի կառուցումը։
Արմավիրի ՍՄԱՐԹ կենտրոնը կլինի Հայաստանում երկրորդը՝ Լոռու՝ Յուրեջյանի անվան ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնից հետո։ Այն ևս երեխաներին և պատանիներին կտրամադրի անվճար արտադպրոցական կրթության հնարավորություն։
Հայաստանի առաջին LEED Gold հավաստագրմանը հավակնող կառույցը
Արմավիրի ՍՄԱՐԹ կենտրոնը կառուցվում է կայուն և էներգաարդյունավետ շինարարության միջազգային LEED Gold չափանիշներին համապատասխան։ Այն կդառնա Հայաստանում առաջին շենքը, որը կհավակնի այս հեղինակավոր հավաստագրմանը։
Միաժամանակ մեկնարկել է նաև ՍՄԱՐԹ ավանի արևային էլեկտրակայանի տեղադրումը։ Այն կտեղակայվի բացօթյա ավտոկայանատեղիի վերևում՝ ապահովելով վերականգնվող էներգիայի արտադրություն և միաժամանակ ծառայելով որպես ծածկ կայանատեղիի համար։

Հաջորդ ՍՄԱՐԹ ավանը. խթանելով Արմավիրի մարզի զարգացումը
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանն ինքնատիպ ու նորարար համալիր է, որը մեկ հարկի տակ միավորում է կրթական, սոցիալական և գյուղատնտեսական նախաձեռնություններ՝ ստեղծելով զարգացման նոր հնարավորություններ համայնքների համար։
ՍՄԱՐԹ կենտրոն. կառուցման փուլում
Կենտրոնում երեխաներն ու պատանիները մասնակցում են ոչ ֆորմալ կրթական ծրագրերի՝ տեխնոլոգիաներից ու արվեստից մինչև ձեռներեցություն, գյուղատնտեսություն և շատ ավելին։
Յուրեջյանի անվան ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի կենտրոն. բացվել է 2024 թվականին
Կենտրոնում իրականացվում են մանկան վաղ զարգացման ծրագրեր, ինչպես նաև տրամադրվում են սոցիալական աշխատողի, լոգոպեդի և հոգեբանի ծառայություններ։ Այն նաև վերապատրաստման հարթակ է տարածաշրջանի սոցիալ-հուզական առողջության ոլորտի մասնագետների համար. իրականացվում են տարաբնույթ դասընթացներ ու աշխատարաններ, որոնք նպաստում են նրանց մասնագիտական զարգացմանը և ծառայությունների հասանելիության ընդլայնմանը։
Ագրոտեխնոլոգիական դպրոց. նախագծման փուլում
ՔՈԱՖ-ը նախատեսում է հիմնել նաև ագրոտեխնոլոգիական դպրոց, որտեղ տեղացի ֆերմերները կստանան ժամանակակից գիտելիքներ և գործնական հմտություններ։ Նախաձեռնությունը նպատակ ունի աջակցել գյուղատնտեսության զարգացմանն ու տեղական տնտեսության ամրապնդմանը։
Արմավիրի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2028 թվականին։ Զուգահեռ, հիմնադրամը Սյունիքի մարզում՝ Գորիսում և Կապանում, ևս երկու ՍՄԱՐԹ կենտրոնների ստեղծման աշխատանքներ է իրականացնում։






