
Կերտելով համայնքների ապագան. AmCham-ն աջակցում է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի գյուղատնտեսական նոր նախաձեռնությանը

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ), Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (AmCham) հետ համատեղ, Լոռու՝ Յուրեջյանի անվան ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանում նոր գյուղատնտեսական նախագիծ է սկսել։ Ծրագրի առանցքում ժամանակակից ոռոգման համակարգի ներդրումն է, որը թույլ կտա ընդլայնելու ազնվամորու ու լավանդայի այգիները։
Ի՞նչ նախաձեռնություն է սա
Նախաձեռնության հիմքում ջրամբարի կառուցումն ու կաթիլային ոռոգման համակարգի տեղադրումն է։ Այն կապահովի անխափան ջրամատակարարում, կբարելավի այգիների խնամքն ու կառավարումը՝ ՍՄԱՐԹ ավանի տարածքում ստեղծելով գյուղատնտեսական գործունեության ժամանակակից ու արդյունավետ միջավայր։

Ինչո՞ւ է սա կարևոր
Այս նախաձեռնությունն անմիջականորեն կապված է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի կրթակարգի հետ։
Գյուղատնտեսական աշխատանքների ինտեգրումը կրթական գործընթացում թույլ կտա ուսանողներին անձամբ մասնակցել ողջ ընթացքին՝ հողագործությունից մինչև պլանավորում ու խնամք՝ գործնականում տեսնելով, թե ինչպես են աշխատում ժամանակակից համակարգերը։

Նախաձեռնությունը նպաստում է նաև ՍՄԱՐԹ ավանի տարածքի զարգացմանն ու առավել արդյունավետ օգտագործմանը։ Ազնվամորու և լավանդայի ուսումնափորձարարական այգիները կծառայեն ոչ միայն որպես ուսուցման միջավայր, այլև կհարստացնեն «Կոնցեպտ» հյուրանոցի և Այցելուների կենտրոնի այցելուների փորձառությունը՝ նրանց հնարավորություն տալով մասնակցելու կազմակերպված շրջայցերի։
Բացի այդ, աճեցվող բերքը կարող է օգտագործվել և վաճառվել տեղում՝ այդ թվում հյուրանոցում և Այցելուների կենտրոնում՝ ստեղծելով արժեքավոր կապ կրթության, արտադրության և համայնքային կյանքի միջև։
Ի՞նչ արդյունքներ ենք ակնկալում
Ծրագիրը, նախևառաջ, կրթական նպատակ ունի։
Ուսանողները հնարավորություն կունենան հետևելու և մասնակցելու իրական գյուղատնտեսական գործընթացների՝ ձեռք բերելով գործնական հմտություններ և ավելի լավ պատկերացում կազմելով նման համակարգերի աշխատանքի մասին։
Միևնույն ժամանակ, ծրագիրը կնպաստի ՍՄԱՐԹ ավանի հողատարածքների արդյունավետ օգտագործմանը՝ ճանապարհ հարթելով տեղական փոքր արտադրության և էկոտուրիզմի զարգացման համար։

Ժամանակացույց
Ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է 2026 թվականի առաջին եռամսյակում և նախատեսվում է ավարտել 12 ամսվա ընթացքում։ Այն ներառում է ենթակառուցվածքների զարգացում, ոռոգման համակարգի տեղադրում և գյուղատնտեսական գործունեության ընդլայնում։
AmCham-ի մասին
Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը (AmCham) առաջատար բիզնես միավորում է, որը համախմբում է Հայաստանի տնտեսական միջավայրի ամրապնդմամբ հետաքրքրված ընկերություններին։ Իր բարեգործական նախաձեռնությունների միջոցով AmCham-ն աջակցում է ծրագրերի, որոնք ապահովում են կայուն զարգացում և երկարաժամկետ ազդեցություն։
Ինչո՞ւ հենց ՔՈԱՖ-ը
ՔՈԱՖ-ն ընտրվել է համայնքային զարգացման իր համապարփակ մոդելի և ներդրումները շոշափելի արդյունքի վերածելու փորձի շնորհիվ։ Ավելի քան երկու տասնամյակ աշխատելով Հայաստանի գյուղական համայնքներում՝ ՔՈԱՖ-ը շարունակում է ստեղծել նախագծեր, որոնք ոչ միայն լուծում են օրվա խնդիրները, այլև հիմք են դնում երկարաժամկետ զարգացման համար։




