Դիանա Մուրադյան. ՍՄԱՐԹուկի հատուկ վիզայով «ուղիղ չվերթով» դեպի ՍՄԱՐԹ ծրագրեր

*Ce blog a été traduit à l’aide de l’IA
ՔՆԱՐ ԲԱԲԱՅԱՆ
June 24, 2026
SMART

Լոռու Թումանյան քաղաքից 9-ամյա Դիանա Մուրադյանն այն երջանիկներից էր, ում ՔՈԱՖ-ի Յուրեջյանի անվան ՍՄԱՐԹ կենտրոն գալու համար ոչ թե բաց հայտը լրացնելու արագություն էր պետք, այլ ուղղակի երկու տարով մեծանալ։

Դիանան 4-6 տարեկանում հաճախել է ՔՈԱՖ-ի Դեբեդի Երեխայի ու ընտանիքի կենտրոն, որն ավարտելուց հետո ստացել է հատուկ վիզա, ինչն էլ սմարթուկներին հնարավորություն է տալիս 8 տարեկանը լրանալուն պես սկսելու ՍՄԱՐԹ ուղին։

«Տեսնելով ՍՄԱՐԹ-ի մեծ շենքը՝ առաջինը մտածեցի, որ շատ ծրագրեր ու խաղեր կլինեն։ Սկսեցի ֆինանսներ ծրագրից, հետո ավարտեցի երաժշտական գործիքների ու ֆուտբոլի ծրագրերը»,- հիշում է Դիանան։ 

Երբ նա իմացավ, որ ֆուտբոլի ծրագրում է ներառված, զարմացավ, բայց որոշեց հետ քայլ չանել ու փորձել։

«Մինչ այդ երբեք ֆուտբոլ չեմ խաղացել։ Փորձեցի ու ստացվեց։ Արդեն հավեսով եմ մասնակցում պարապմունքներին ու սիրով բոլորի հետ ֆուտբոլ եմ խաղում»,- ոգևորված պատմում է նա ու հավելում, որ ամենաշատը գնդակով նախավարժանքներն է սիրում, որոնք օգնում են ավելի արագ ու ճկուն լինելուն։ 

Դիանան անթաքույց հպարտությամբ է պատմում, որ պաշտպանի դիրքում հանդես գալով, շատ քիչ գոլ է բաց թողել։

«Ֆուտբոլի պարապմունքի վերջում երկու թիմի ենք բաժանվում ու ֆուտբոլ խաղում։ Ճիշտ է, աղջիկները քիչ են, բայց ես սիրում եմ, երբ խառը թիմով ենք խաղում»,- ասում է Դիանան ու հավելում, որ ՍՄԱՐԹ-ն ամենաշատը սիրում է ծրագրերի բազմազանության, նոր ընկերներ ձեռք բերելու ու վերջինններիս հետ սովորելու ու զվարճանալու համար։

Նա համոզված է, որ ՍՄԱՐԹ-ի ծրագրերն օգնում են իր նման երեխաներին կամ մասնագիտություն ընտրել, կամ արդեն ընտրած մասնագիտության մեջ վարժվել։

«Եթե չգիտես՝ ինչ ես ուզում դառնալ, ապա կարող ես հերթով փորձել բոլոր ծրագրերն ու պարզել՝ որն է ավելի շատ քեզ դուր գալիս ու լավ ստացվում քեզ մոտ»,- բացատրում է իննամյա ՍՄԱՐԹացին, ով անհամբեր սպասում է նկարչության ծրագրին։ 

Դիանայի ամենամեծ երազանքը կատու, անսահման կտավներ ու ներկեր ունենալն է։

‍

ՍՄԱՐԹուկ Դիանան։
Երեքուկես ամիս առաջ, երբ Դիանան իր խմբի հետ մտավ ֆուտբոլի դաշտ, գնդակին ուղիղ խփել անգամ չէր կարողանում։ Այսօր նա գնդակի հետ «դու»-ով է շփվում արդեն։
Դիանան առաջին անգամ երաժշտական գործիքներին ծանոթացել ու նվագելու առաջին փորձն արել է հենց ՍՄԱՐԹ-ի երաժշտական գործիքներ ծրագրի շրջանակում։
Դիանայի արտաքին հանգստությունը մի վայրկյանում անհետանում է, երբ հնչում է խաղի սկիզբն ազդարարող սուլիչի ձայնը։
Դիանան նաև ՍՄԱՐԹամեջերի մեծ սիրահար է։
Ի՞նչ ամառային արձակուդ՝ առանց բակային «զապաս» խաղի։
Դիանայի «պարապ վախտի խաղալիքը» ոչ թե գաջեթներն են, այլ ուլունքները։
Դիանան որոշել է նկարչուհի դառնալ ու արդեն չորս տարի է, ինչ նկարչության խմբակ է հաճախում։
Դիանայի աշխատանքների մշտական ցուցահանդեսը կարող եք տեսնել դեռևս միայն իրենց տանը։

Geography Should Not Determine a Child's Future

Վերջին հոդվածներ

September 29, 2026
Կատեգորիա

Նարե Պետրոսյան. գիտության և արվեստի խաչմերուկում

September 30, 2026
Կատեգորիա

ՔՈԱՖ-ը՝ Երևան Մարաթոն 2026-ի բարեգործական գործընկեր․ աջակցելով Հայաստանի համայնքներում մարզական հնարավորությունների ընդլայնմանը

September 29, 2026
Կատեգորիա

"Way Beyond What I Ever Expected": Peter & Marilyn Sarkesian Visit Future Armavir SMART Center

September 10, 2026
Կատեգորիա

Դավիթ Մուրադյան․ ծրագրավորումից մինչև արհեստական բանականություն

July 9, 2026
Կատեգորիա

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի շինարարությունն Արմավիրում ակտիվ ընթացքի մեջ է

July 9, 2026
Կատեգորիա

Ավարտական միջոցառումներ ՔՈԱՖ-ում․ աճի, բացահայտումների և նոր հնարավորությունների ևս մեկ տարի