
Ինչպե՞ս են աշակերտական խորհուրդները ձևավորում նոր սերնդի համայնքային առաջնորդներ

Արմավիրի Լեռնագոգ գյուղը, թեև փոքր է չափերով, բայց հարուստ՝ իր ձեռքբերումներով ու առանձնահատկություններով։ Ժամանակին արևածաղկի դաշտերով ու գյուղատնտեսությամբ հայտնի Լեռնագոգը Հայաստանի առաջին գյուղն է, որտեղ 2012 թվականին ՔՈԱՖ-ը հիմնել է ստեղծարար լաբորատորիա՝ թվային նորարարական տարածք աշակերտների համար:

Դասերի մեկնարկից մեկ ամիս անց Լեռնագոգը դեռ ապրում է ամառային ռիթմով։ Հնձված դաշտերի եզրին մեքենաներ են շարժվում, ընկուզենիներից հողին են թափվում արդեն կիսաչոր տերևները։ Դպրոց գնալիս 15-ամյա Դավիթն անցնում է եկեղեցու կողքով, փոքրիկ զբոսայգու կողքով, այն հանգստության կողքով, որը բնորոշ է գյուղական միջավայրին։ Ճանապարհը, ճիշտ է, անփոփոխ է, բայց օրը՝ ոչ։ Այսօր նա իր դպրոցի աշակերտական խորհրդի ընտրություններում առաջադրված է որպես Մշակույթի նախարարի թեկնածու։ Ձեռքին իր նախընտրական ելույթն է, սրտում՝ պատասխանատվութան, ինքնավստահության, մի փոքր էլ անհանգստության զգացումը:
Պատասխանատու քաղաքացիների նոր սերունդը
Ավելին, քան արտադպրոցական ծրագրեր
Այն, ինչ տեղի է ունենում Լեռնագոգում, մեծ ու կարևոր գործընթացի մաս է։ ՔՈԱՖ-ի Քաղաքացիական կրթության ծրագիրը, որը հասանելի է արդեն շուրջ 15 տարի, 30 գյուղական բնակավայրի երեխաների համար նոր հնարավորություններ է ստեղծում։ 2025 թվականի տվյալներով միայն «Աշակերտական խորհուրդների հզորացում» ծրագիրը գործում է Արմավիրի մարզի 8 համայնքում՝ Հացիկ, Մյասնիկյան, Դալարիկ, Լեռնագոգ, Աղավնատուն, Լենուղի, Նալբանդյան և Շենիկ։

Ծրագրի հիմքում վերաբերմունքի և մտածելակերպի փոփոխությունն է։ Նպատակն է նպաստել պատասխանատու քաղաքացիների ձևավորմանը՝ անտարբերությունը փոխարինելով նախաձեռնողականությամբ, անգործությունը՝ ներգրավվածությամբ։
Կարևորելով ազատ ընտրության հնարավորությունը
«Նախկինում «այս երեխան լավն է, բարձր առաջադիմություն ունի, թող ինքը լինի»-ն թեկնածու ընտրելու թերևս միակ ընդունված ձևաչափն էր»,- նշում է Շուշանիկ Բոյաջյանը՝ ՔՈԱՖ Կրթական և շրջանավարտների ծրագրերի ղեկավարն ու հավելում,-«Այսօր դպրոցներում մենք ներդնում ենք ազատ ընտրություն կատարելու հնարավորությունը՝ երեխաներին սովորեցնելով, թե իրականում ինչ է նշանակում ընտրել՝ քննադատաբար մտածել, քարոզարշավ իրականացնել և հավատալ, որ իրենց ձայնը կարևոր է: Հիմա նրանք առաջադրում են թեկնածուներ և քվեարկում՝ հիմնվելով արժանիքների վրա»։
Իրական ընտրություններ, իրական փորձառություն

Յուրաքանչյուր ուսումնական տարի սկսվում է լայնամասշտաբ ժողովրդավարական ընտրություններով։ Աշակերտներն առաջադրում են թեկնածուներ, իրականացնում քարոզարշավներ և քվեարկում անանուն: ՔՈԱՖ-ն ապահովում է գործընթացի ազնվությունը, բայց որ ավելի կարևոր է, նպաստում է նոր մշակույթի ձևավորմանը:
Աշակերտները ստանձնում են այնպիսի պաշտոններ, ինչպիսիք են նախագահը, գանձապահը, քարտուղարն ու կրթության, մշակույթի և առողջապահության նախարարները: Այսպիսով, նրանք սկսում են տեսնել դպրոցն ու համայնքը ոչ թե որպես տրված իրականություն, այլ որպես միջավայր, որը կարող են ձևավորել իրենք՝ սեփական որոշումներով ու պատասխանատվությամբ։
Քվեարկությունից մինչև կազմավորում. ինչպե՞ս է ծրագիրն աշխատում
Շաբաթական հանդիպումների կարևորությունը
Ընտրություններից հետո սկսվում է իրական աշխատանքը։ 7-12-րդ դասարանի աշակերտները ձևավորում են աշակերտական խորհուրդներ և ՔՈԱՖ-ի անմիջական ուղղորդմամբ մեկ տարվա ճանապարհ անցնում՝ զարգացնելով իրենց առաջնորդության ու նախագծման հմտությունները։
Յուրաքանչյուր շաբաթ աշակերտական խորհրդի անդամները հանդիպում են՝ քննարկելու հետևյալ թեմաները.
- Առաջնորդություն և քաղաքացիական պատասխանատվություն
- Նախագծում և թիմային աշխատանք
- Համայնքի կարիքների վերլուծություն
- Որոշումների կայացում և հաղորդակցում
Գաղափարից՝ իրագործում

Նրանք մտագրոհներ են անում, բանավիճում, ուսումնասիրում, հարցնում դասընկերներին՝ ինչ փոփոխությունների կարիք կա և մշակում գործողությունների պլան։ Ոմանք նորոգում են դասասենյակ, մյուսները՝ կազմակերպում առողջապահական արշավներ։ Կան նաև գաղափարներ, որոնք վերածվում են մեծածավալ մեդիա նախագծերի՝ դուրս գալով դպրոցի պատերից։
Փորձահեն առաջնորդություն
ՔՈԱՖ-ի ներդրած մոդելի առանձնահատկությունն այն է, որ երեխաները պարզապես չեն մասնակցում հանդիպումների, այլև վերապատրաստվում են առաջնորդելու։ Նրանք սովորում են խոսել, բյուջե կառավարել, թիմում գործել ու գնահատել իրենց աշխատանքի արդյունքը։

Իսկ այս ճանապարհին նրանք բացահայտում են մի ճշմարտություն, որը շատ աշակերտներ գուցե երբեք չեն լսել՝ «այստեղ քո ձայնը էական է»։
Ի՞նչ են ստեղծում աշակերտները
2024 թվականին Արմավիրի չորս դպրոցների աշակերտական խորհուրդները, որոնք գործում են ՔՈԱՖ-ի անմիջական աջակցությամբ, իրականացրել են նախաձեռնություններ, որոնք ցույց տվեցին՝ որքան հեռուն կարող է հասնել լավ գաղափարը, եթե այն ստանա լսելիություն և ոգեշնչում։
Սարդարապատ. քարտեզագրելով հայրենի գյուղը
Սարդարապատի դպրոցի աշակերտական խորհրդի անդամները ստեղծեցին ինտերակտիվ հարթակ՝ նպաստելու Արմավիրի մարզի զբոսաշրջության զարգացմանը։ Հարթակը ներկայացնում է տեսարժան վայրեր, թանգարաններ, քայլուղիներ և գինեգործարաններ՝ քարտեզի տեսքով։
«Նույնիսկ հարևան գյուղերի մարդիկ չգիտեին՝ որքան բան կա տեսնելու Արմավիրում, և մենք ուզում էինք փոխել այդ իրականությունը»,- կիսվում է աշակերտներից մեկը։
Նորապատ. համայնքի դեմքերը
Նորապատցի աշակերտների օբյեկտիվում իրենց իսկ հարևաններն են։ «Նորապատի մարդիկ» տեսաշարում ներկայացված են հացթուխներ, նկարիչներ, երաժիշտներ, հերոսներ, որոնց պատմությունները սահմանում են համայնքի ոգին:
«Այստեղ մարդիկ են, ում ամեն օր տեսնում ենք, բայց երբեք չենք նկատում։»,-ասում է աշակերտներից մեկը,-«Հիմա բոլորը գիտեն՝ որքան կարևոր են իրենք»։
Երվանդաշատ. սովորում ենք՝ խաղալով
Երվանդաշատի դպրոցի աշակերտական խորհրդի անդամները ստեղծեցին «ԻմաստIQ» ինտերակտիվ վիկտորինա-խաղը, որը սովորեցնում է փափուկ հմտություններ, ժողովրդավարություն և մեդիագրագիտություն։ Խաղը մարտահրավեր է նետում խաղացողներին ճանաչել կեղծ լուրերը, ստուգել ֆինանսական գրագիտությունը և հանձնել եզրափակիչ «ժողովրդավարության քննությունը»։
«Փոքր եղբայրներիս վրա փորձարկեցինք»,-ծիծաղում է խաղը ստեղծողներից մեկը,-«Կախվածություն առաջացրեց»։
Բագարան. բացահայտելով աշակերտական խորհրդի դերը
Բագարանում աշակերտական խորհուրդը որոշեց օգնել մյուս աշակերտներին հասկանալ, թե ինչպես են գործում խորհուրդները և ինչու են դրանք կարևոր: Նրանց տեսաշարն ընդգրկում է ամեն ինչ՝ ընտրություններ անցկացնելուց մինչև ուսուցիչների և ծնողների հետ համագործակցել՝ իրական փոփոխություն բերելու նպատակով։
Մտածողության ձևավորում, որը փոխում է համայնքը
«Աշակերտական խորհուրդների հզորացում» ծրագիրը ՔՈԱՖ-ի Քաղաքացիական կրթության մոդելի չորս բաղադրիչներից միայն մեկն է։ Դրան զուգահեռ իրականացվում են նաև հետևյալ ծրագրերը.
- Բանավեճի ակումբ
- Մասնագիտական կողմնորոշում
- Սոցիալ-ֆինանսական կրթություն
Այս բոլոր բաղադրիչները ոչ միայն գիտելիք են ձևավորում, այլ նաև նախաձեռնողականություն, քննական մտածողություն ու սոցիալական հմտություններ։ Համայնքաբնակ պատանիների համար, որոնք սովորաբար ներգրավված չեն որոշում կայացնելու գործընթացներում, մտածողության այս վերափոխումը կարող է շրջադարձային լինել։
Ուսումնական տարվա սկզբում նրանք աշակերտներ են։ Արդեն տարեվերջին՝ առաջնորդներ, նախաձեռնողներ ու համայնքի լիարժեք անդամներ։
«Նրանք պարզապես դպրոցական միջոցառումներ չեն կազմակերպում», - ասում է Շուշանիկը,-«Նրանք վերաիմաստավորում են, թե ինչ է նշանակում լինել հասարակության մի մասը և ինչ է նշանակում առաջնորդել փոփոխությունները»:
Ինչո՞ւ է սա կարևոր

Գյուղական շատ բնակավայրերում երեխաները մեծանում են այն գիտակցությամբ, որ որոշումները կայացվում են մեկ այլ տեղ՝ իրենցից հեռու։ ՔՈԱՖ-ի «Աշակերտական խորհուրդների հզորացում» ծրագիրը հիշեցնում է՝ առաջնորդությունը կարող է սկսվել հենց դասասենյակներում՝ այնտեղ, որտեղ վաղվա առաջնորդներն անցկացնում են իրենց ժամանակի մեծ մասը։
Հետևեք և աջակցեք ՔՈԱՖ-ի Քաղաքացիական կրթության ծրագրերին՝ օգնելու ձևավորել մի սերունդ, որն իրապես հասկանում է ժողովրդավարությունը, գիտակցում է իր քաղաքացիական պատասխանատվությունը և հավատում է, որ փոփոխությունը սկսվում է հենց իրենից։