Հայկական ավանդական գորգերից դեպի ժամանակակից դիզայն
Պազիրիկից մինչև վիշապագորգ ու պուանտելիզմի ոճի կոլաժներով կտորե պայուսակներ։ Սա մորզեի այբուբենով գրված գաղտնի հաղորդագրություն չէ, այլ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի նկարչության ծրագրի 63 խմբի նախագիծ։ Հայկական գորգարվեստին նվիրված աշխատանքում ներգավված են եղել 12-18 տարեկան 15 սմարթացիներ։
Նկարչության ծրագրավար Ռուզաննա Հողմրցյանի խոսքով՝ գաղափարը հիմա արդեն ՍՄԱՐԹ շրջանավարտ Ռիմա Ասրյանինն էր, ում համար այս ծրագիրը եղել է ՍՄԱՐԹ ուղու վերջին կանգառը։
Նկարչության ծրագիրն այն հարմար առիթն ու հարթակը եղավ, որպեսզի Ռիմայի նման տասնյակ ՍՄԱՐԹ ուսանողներ սեփական մշակույթի ու գորգագործության մասին ավելին իմանան ու իրենց ձևով նպաստեն դրա հանրայնացմանը։
«Արդյունքում նկարչության ծրագիրը վերածվեց ծավալուն հետազոտության։ Սովորեցինք զարդանախշերի, սիմվոլների ու գույների նշանակությունը։ Մեր խումբն ուսումնասիրել է բոլորիս հայտնի վիշապագորգը։ Ու երբ կարդում էի վիշապի սիմվոլի ու առասպելական նշանակության մասին (այն կարող է խորհրդանշել և՛ չարը, և՛ բարին), հիշեցի ուզունդարա պարը, որի ժամանակ պարողի ձեռքի շարժումները նման են վիշապագորգերում պատկերված վիշապների շարժումներին։ Ամենահետաքրքիրն այն է, որ ուզունդարան հարսի պար է, իսկ նորահարսին հին ժամանակներում նստեցնում էին վիշապագորգով ծածկված պատի տակ՝ ի նշան պաշտպանության, քանի որ վիշապի առասպելական նշանակություններից մեկը նաև պաշտպանն է»,- պատմում է Ռիման ու հավելում, որ մյուս խմբերն ուսումնասիրել են աստղագորգը, արծվագորգը, պազիրիկ, խնձորեսկ և կրկնվող մեդալիոններով գորգերը։
Ուսանողների հետազոտության մաս են կազմել նաև հայկական զարդանախշերի անվան տակ վաճառվող կեղծ գորգերն ու կտորները։ Ռիման դրանք տարբերակելու «life hack» ունի։
«Հայկական գորգագործության մեջ երբեք չի կիրառվել ոսկեգույնը։ Մենք ունենք միայն ոսկեթել ասեղնագործություն, որը հենց ոսկեգույն թելով է արվում, բայց դա երբեք գորգի մաս չի կազմել»։
Գորգերի ուսումնասիրությունից հետո ծանոթների միջոցով Իջևանի պատմության թանգարանում ու արցախյան գորգերի անհատական հավաքածուում (Դիլիջան) պահպանվող հին գորգերի նկարներ ձեռք բերեցին ու որոշեցին վեց կոլաժ անել՝ ներառելով տվյալ գորգերին հատուկ սիմվոլներ ու դետալներ։
«Հայկական գորգերի զարդանախշերով պայուսակներ ստեղծելու միջոցով փորձել ենք նպաստել մեր ազգային ժառանգության պահպանմանն ու հանրայնացմանը»,- եզրափակեց Ռիման։
Հ.Գ. Բիզնես գաղափարի պիլոտային փուլով ուսանողների ստեղծած կոլաժներով կտորե պայուսակները այսօր վաճառվում են ՔՈԱՖ-ի Այցելուների կենտրոնում (Լոռի), որի վաճառքից ստացված ողջ հասույթն ուղղվում է ՍՄԱՐԹ-ի կրթական ծրագրերին։

Դասական Վիշապագորգի ընտիր օրինակներ պահպանվել են Բեռլինի, Լոնդոնի, Վիեննայի, Էստերգոմի, Ստամբուլի, Բուդապեշտի, Նյու Յորքի, Վաշինգտոնի և աշխարհի այլ քաղաքների թանգարաններում։ Խորհրդային Հայաստանում հայկական գորգարվեստի վերածննդի հետ սկզբնավորվել է նաև Վիշապագորգի տարատեսակների ստեղծումը գորգագործ արվեստագետների էսքիզներով, ժողովրդական վարպետների ձեռքով և մեքենական եղանակով։

Աստղագորգերի գունավորման ավանդական գույներն են՝ կարմիր, մուգ կապույտ, սև, սպիտակ ու ոսկեգույն երանգները։

Պազիրիկ գորգը Հայաստանում տարածված է եղել Արցախի, Սյունիքի և Վայոց Ձորի շրջաններում։ Գորգի սիմվոլները խորհրդանշում են բնության ուժը, վերածնունդ, լույս ու պաշտպանություն։

Խնձորեսկի գորգերը հայկական ավանդական գորգերի տեսակ են, որոնք ծագում են Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղից։ Դրանք հայտնի են իրենց խիտ հանգույցներով, ինչպես նաև երկրաչափական ու բուսական զարդանախշերով։ Այս գորգերը արտացոլում են տարածաշրջանի մշակութային ավանդույթները և հայկական գորգագործության հարուստ ժառանգությունը։

Արծվագորգը հայկական ավանդական գորգատեսակ է, որի գլխավոր զարդանախշն արծվի պատկերն է։ Արծիվը հայկական մշակույթում համարվում է ուժի, քաջության և պաշտպանության խորհրդանիշ։ Այս գորգերը սովորաբար ունենում են խոշոր, կենտրոնական կոմպոզիցիա կամ կրկնվող արծվի պատկերներ, որոնք հաճախ շրջապատված են երկրաչափական և բուսական զարդանախշերով։ Արծվագորգերը հիմնականում գործվել են Հայաստանի տարբեր շրջաններում և աչքի են ընկնում վառ գույներով ու խորհրդանշական պատկերներով։

Երկու ձեռքը լավ է, շատ ձեռքերը՝ ավելի լավ։ Նկարչության խմբին գունավորման գործում օգնության է հասել ֆինանսների ծրագրի թիմը։ Համագործակցության արդյունքում կազմվել է նաև գորգերի զարդանախշերով կտորե պայուսակների բիզնես պլան։

Կոլաժների էսքիզների գունավորումը նախագծի կարևոր փուլերից մեկն էր։ Այստեղ կարևոր էր պահպանել տվյալ գորգին բնորոշ գունային գամման։

Աշխատանքային պլան։

Կոլաժը պուանտելիզմի ոճով է արվել։ Այսինքն՝ վրձնի փոխարեն օգտագործել են բամբակով չոփիկներ։ Արդյունքում ստացել են շատ փոքր գունավոր կետերով նկարված վեց տարբեր կոլաժով կտորե պայուսակներ։

Պազիրիկի գորգը աշխարհի ամենահին հայտնի հանգուցավոր գորգն է, որը թվագրվում է մ.թ.ա. 5-րդ դարով։ Այն հայտնաբերվել է 1949 թվականին Ալթայի լեռներում գտնվող Պազիրիկի դամբարաններում՝ սովետական հնագետ Սերգեյ Ռուդենկոյի կողմից։ Գորգը պահպանվել է բացառիկ լավ վիճակում, քանի որ գտնվել է սառույցով լցված դամբարանում։ Դրա վրա պատկերված են հեծյալներ, եղջերուներ և երկրաչափական զարդանախշեր, որոնք բնորոշ են հին արևելյան գորգագործությանը։ Այսօր գորգը պահվում է Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ թանգարանում։

Աստղագորգերն առանձնանում են իրենց երկրաչափական դիզայնով, հաճախ կրկնվող 8 կամ 12 անկյուն ունեցող աստղերով, որոնք երբեմն շրջապատված են փունջերով կամ այլ երկրաչափական դեկորներով։ Նրանք հիմնականում կապված են հայկական, պարսկական, և կովկասյան գորգագործության ավանդույթների հետ։ Ամենահին հայտնաբերված աստղագորգերը թվագրվում են 13-15-րդ դարերին։

Վիշապագորգին բնորոշ են մեծ չափերը, երիզող մեկ զարդագոտին, իսկ տիրապետող չորս գույները՝ կարմիր, կապույտ, շագանակագույն, փղոսկրագույն։ Հիմնագույնը գերազանցապես վառ կարմիրն Է՝ ստացված որդան կարմիրից, որի արտադրության հիմնական վայրը եղել է Արարատյան դաշտը։ Ենթադրվում Է, որ այն եղել է նաև Վիշապագորգի հնագույն նմուշների ծագման ու արտադրության կենտրոնը մինչև XVII դարը, որից հետո անհետացել է այդ գորգերի դասական խումբը՝ արձագանքվելով միայն ժողովրդական բազում տարբերակների մեջ։

Գորգագործության և բրդի մշակման ավանդական գործիքներն են։ Դրանք օգտագործվել են բուրդը պատրաստելուց մինչև գորգի հյուսելու գործընթացում։





