
Դավիթ Մուրադյան․ ծրագրավորումից մինչև արհեստական բանականություն

Լոռու մարզի Ալավերդի քաղաքից Դավիթ Մուրադյանը ՔՈԱՖ-ի Յուրեջյանի անվան ՍՄԱՐԹ կենտրոնի առաջին ուսանողներից է։ Նրա սմարթ ուղին սկսվել է ծրագրավորման ծրագրից, իսկ այսօր նա ծրագրային ապահովման ինժեներ է, ով արհեստական բանականության է ուսանում Հայաստանում Ֆրանսիական համալսարանի մագիստրատուրայում։
«ՍՄԱՐԹ-ն ինձ շատ օգնեց հատկապես համալսարանի առաջին կուրսում։ ՔՈԱՖ-ի շնորհիվ ձեռք բերեցի բազմաթիվ ընկերներ տարբեր մարզերից, դարձա ավելի ինքնավստահ և, իհարկե, ստացա կրթաթոշակ»,– պատմում է Դավիթը։
Բակալավրիատում սովորելու տարիներին Դավիթը փորձել է մասնագիտական գիտելիքները կիրառել նաև իր համայնքային զարգացման ծրագրում։ Անցյալ տարի նա սկսել համագործակցել Ալավերդու քաղաքապետարանի հետ և նախաձեռնել է համայնքի հանրային տրանսպորտին հետևելու հավելվածի ստեղծումը։
«Մոտ յոթ ամիս աշխատեցի նախագծի վրա ու պատրաստ էի այն անվճար տրամադրել։ Սակայն նախագիծը հանձնելուց մեկ ամիս առաջ նրանք որոշեցին, որ ես հուսալի գործընկեր չեմ՝ նախընտրելով համագործակցել Yandex-ի հետ»,– ափսոսանքով նշում է նա։
Չնայած հիասթափությանը՝ Դավիթի համար դա նաև մասնագիտական զարգացման հնարավորություն էր, իսկ ձեռք բերած գիտելիքներն ու հմտություններն այժմ նա կիրառում է նոր նախագիծ ստեղծելու գործում։
Կրթաթոշակային ծրագրի շրջանակում Դավիթը հանրակրթական դպրոցների համար ավարտական քննությունները կազմակերպելու ծրագրային ապահովում է ստեղծում։ Այն նախատեսված է ուսուցիչների աշխատանքը հեշտացնելու և ժամանակ ու թուղթ խնայելու համար։ Ծրագրի օգնությամբ ստեղծված թեստերի արդյունքները հնարավոր է տեսնել քննությունից անմիջապես հետո։
«Երկու ամսից պատրաստվում եմ այդ ծրագիրը ներկայացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը»,– նշում է Դավիթը։
Համայնքային ծրագրերի ընտրության գործում մեծապես օգնել է նաև համալսարանի ավարտական պրակտիկան Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում։ Այնտեղ Դավիթը ծանոթացել է արհեստական բանականության ոլորտի վերջին զարգացումներին։ Նա հիացած պատմում էր նորարարական տեխնոլոգիաներից, որոնք կարող են փոխել ծրագրային ապահովման ինժեներների աշխատանքը։
«Այն, ինչ այնտեղ տեսա, իսկապես «վախեցրեց» ինձ։ Նրանք ստեղծում են արհեստական բանականության գործակալներ, որոնք կարող են կատարել ծրագրային ապահովման ինժեներների աշխատանքը»,– պատմում է Դավիթը, ով, ոգևորված տեսածով, այսօր մագիստրատուրան շարունակում է արհեստական բանականության ուղղությամբ։
Նրա նպատակն է համատեղել ծրագրային ապահովման ինժեների իր գիտելիքներն արհեստական բանականության հետ։
«Կարծում եմ, եթե դառնամ ծրագրային ապահովման ինժեներ, որը նաև տիրապետում է արհեստական բանականությանը և կարողանում է ստեղծել նման գործակալներ, կկարողանամ շատ ավելին անել, քան հիմա»։






