
ՔՈԱՖ-ը Լոռու ՍՄԱՐԹ կենտրոնում հյուրընկալեց TEDxDebet միջոցառումը
2026 թվականի մայիսի 2-ին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում անցկացվեց Լոռու մարզում առաջին TEDx համաժողովը։ ՔՈԱՖ-ի աջակցությամբ կազմակերպված այս միջոցառումը Դեբեդ գյուղում համախմբեց տարբեր ոլորտների բանախոսների՝ բացահայտելու, թե ինչպես կարող է գյուղական միջավայրը յուրօրինակ հարթակ դառնալ մեծ գաղափարների համար:
«Բարձր գաղափարներ բնության լռության մեջ» խորագրով համաժողովի ընթացքում ելույթ ունեցան տեխնոլոգիաների, արվեստի, ճարտարապետության, առողջապահության, զբոսաշրջության և համայնքային զարգացման ոլորտներում գործունեություն ծավալող բանախոսներ։ Բոլոր ելույթների կենտրոնում մարդկանց, վայրի և հնարավորությունների միջև կապի վերաիմաստավորումն էր։ Փոքր համայնքներում լիարժեք կյանք կառուցելու մասին զրույցներից մինչև մշակութային երկխոսության, կայունության և տարածաշրջանային զարգացման շուրջ մտորումներ. TEDxDebet-ն ընդգծեց Հայաստանի համայնքների կարևոր դերը՝ նոր գաղափարների ձևավորման գործում։

Գաղափարների փոխանակման և նոր կապերի ստեղծման նպատակով Դեբեդ էին ժամանել հյուրեր Երևանից, Հայաստանի տարբեր մարզերից և Լոռու բնակավայրերից։
Միջոցառման բացման խոսքում ՔՈԱՖ-ը վերահաստատեց այն համոզմունքը, որը տարիներ շարունակ ուղղորդել է կազմակերպության աշխատանքը Լոռու մարզում․ ապագան ավելի լուսավոր է, երբ յուրաքանչյուր մարդ ունի իր ներդրումն ունենալու հնարավորություն։
«Համաշխարհային երկխոսությունն ավելի հարուստ է դառնում, երբ դրա մաս են կազմում նաև Հայաստանի գյուղական համայնքները», — բացման խոսքում նշել է ՔՈԱՖ մարքեթինգի և հաղորդակցության ղեկավար Մարկ Գարգարյանը։ «Երբ Հայաստանի գյուղերը զարգանում են, դրանից շահում ենք բոլորս»։

Միջոցառման ծրագիրը ներառում էր նաև երաժշտական ելույթներ և ինտերակտիվ փորձառություններ։ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ուսանող Ռաֆայել Բեժանյանը ներկայացրեց Թոմաս Էդիսոնի կյանքից ոգեշնչված բեմադրություն՝ անդրադառնալով ներքին լույսը բացահայտելու գաղափարին։ «Կանգուն» ռոք խումբը հանդես եկավ երաժշտական ինքնատիպ կատարումներով, իսկ ՍՄԱՐԹ կենտրոնի թվային նկարչության դասընթացավար Վահրադ Մելիքջանյանը ողջ օրվա ընթացքում կտավի վրա նկարեց միջոցառման գաղափարներն ու մթնոլորտը։
2015 թվականից ի վեր ՔՈԱՖ-ն ավելի քան 20 միլիոն ԱՄՆ դոլար է ներդրել Դեբեդում և Լոռու ամբողջ մարզում՝ իրականացնելով կրթական, առողջապահական և տնտեսական զարգացման նախաձեռնություններ, որոնք ուղղված են Հայաստանի համայնքների կայուն ապագայի ձևավորմանը։
Որպես Լոռու մարզում անցկացված առաջին TEDx միջոցառում՝ TEDxDebet-ը դարձավ կարևոր հանգրվան տարածաշրջանի համար՝ ցույց տալով, որ փոխակերպող գաղափարներն ու համաշխարհային երկխոսությունները կարող են ծնվել ամենուր, այդ թվում՝ Հայաստանի խաղաղ ու ներդաշնակ գյուղական միջավայրում։







