Սպիտակ խալաթի «ծանրությունը». Սոնյայի՝ բժիշկ դառնալու ճանապարհը

*Ce blog a été traduit à l’aide de l’IA
Մարկ Գարգարյան
July 29, 2026
COAF Alumni

ՔՈԱՖ-ի արտադպրոցական ծրագրի մասնակցից՝ մինչև բժիշկ. ինչպես Սոնյան գնաց երազանքի հետևից։ 

Օրը սկսվում է բուժառուների ընդունելությամբ:

Պետք է գնահատել ախտանշանները, ուսումնասիրել հետազոտությունների արդյունքները, քննարկել բուժման տարբերակներն ու պատասխանել բուժառուների հարցերին։ Յուրաքանչյուր այցի ընթացքում նա բուժառուի հետ միասին որոշում է բուժման հաջորդ քայլերը։

Ինչպես ինքն է ասում, միայն հիվանդանոցում աշխատելիս է լիովին հասկացել, թե իրականում ինչ է նշանակում բժիշկ լինել։

«Հենց այստեղ ես հասկանում, թե որքան մեծ պատասխանատվություն ես կրում։ Այդ պահին իսկապես զգում ես սպիտակ խալաթի ամբողջ ծանրությունը»։

Այսօր նա ավարտում է իր կլինիկական օրդինատուրան՝ հասնելով մի կարևոր հանգրվանի, որն անցյալում իրեն գրեթե անհասանելի էր թվում։

Ինչպես ՔՈԱՖ-ը փոխեց Սոնյայի կյանքի ընթացքը

Հայաստանի գյուղական համայնքներից մեկում մեծացած փոքրիկ Սոնյան միշտ հիացմունքով էր հետևում ՔՈԱՖ-ի առողջապահական ծրագրերում ներգրավված բժիշկներին։ Նրանց թվում էր նաև բժիշկ Լուսինե Սահակյանը, որն այդ տարիներին ղեկավարում էր ՔՈԱՖ-ի առողջապահական ծրագրերը։ Հենց նա դարձավ Սոնյայի առաջին մեծ ոգեշնչումը։

«Հիշում եմ՝ մեծ հիացմունքով էի նայում բժիշկ Լուսինեին։»,-ասում է նա,-«Մտածում էի՝ միգուցե մի օր փոքրիկ Սոնյա՞ն էլ բժիշկ դառնա»։

Այդ հարցը երկար ժամանակ ուղեկցեց նրան։

Բայց այդ ճանապարհը սկսվեց ոչ թե բժշկական համալսարանից, այլ ՔՈԱՖ-ի՝ առողջ ապրելակերպի արտադպրոցական ակումբից։ Առողջության, առողջ ապրելակերպի և համայնքի զարգացման մասին զրույցներն իր առջև բացեցին մի աշխարհ, որի մասին մինչ այդ չէր էլ մտածել։ Հետաքրքրությունը ժամանակի ընթացքում վերածվեց հստակ նպատակի։

Երբ Սոնյան ընդունվեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ՔՈԱՖ-ի կրթաթոշակը նրան հնարավորություն տվեց շարունակելու ուսումը և վստահ քայլելու դեպի իր երազանքը։

Այսօր, հետադարձ հայացք գցելով անցած ճանապարհին, նա վստահ ասում է, որ այդ հնարավորությունները վճռորոշ նշանակություն ունեցան իր կյանքում։

«ՔՈԱՖ-ի ակումբների շնորհիվ գյուղական համայնքների երեխաները գիտելիք են ստանում, ձևավորվում են որպես անհատներ, բացահայտում իրենց ուժեղ կողմերը և դառնում հասարակության ակտիվ անդամներ»,- ասում է նա։

Վերադառնալով հարազատ համայնք

Այսօր Սոնյան հաճախ է վերադառնում այն համայնքներ, որտեղ սկսվել է իր պատմությունը։ Սակայն այս անգամ՝ ոչ թե որպես սովորող, այլ որպես բժիշկ և ավագ ընկեր, ով եկել է ոգեշնչելու և իր գիտելիքները փոխանցելու։

Այս տարի նա որպես կամավոր մասնակցեց ՔՈԱՖ-ի «Առողջ ապրելակերպը՝ սովորություն» հանրային իրազեկման արշավին՝ շրջելով Հայաստանի տարբեր մարզերով և երեխաների հետ խոսելով հիվանդությունների կանխարգելման ու առողջ ապրելակերպի կարևորության մասին։ Արշավն ընդգրկել է հինգ մարզ՝ առողջապահական կարևոր գիտելիքը հասցնելով անմիջապես գյուղական համայնքներ։

Յուրաքանչյուր այց նրան կրկին հիշեցնում է, թե ինչու է այս աշխատանքն այդքան կարևոր։

«Ամեն անգամ երեխաներից անհավանական էներգիա ենք ստանում։ Դա երևում է նրանց հետաքրքրասեր հայացքներում»։

Արշավի թեմաներն էլ ձևավորվում են հենց համայնքների կարիքներից։ Անցած տարի հիմնական շեշտադրումը դեռահասների շրջանում ծխախոտի, ալկոհոլի և թմրամիջոցների օգտագործման վտանգների մասին քննարկումներն էին։ Այս տարի ուշադրության կենտրոնում փոքր տարիքի երեխաներն են։ Նրանց սովորեցնում են պարզ, բայց կենսական վարքագծային կանոններ (օրինակ՝ ձեռքերը ճիշտ լվանալը), որոնք կարող են կանխել հիվանդությունները շատ ավելի վաղ, քան բժշկական միջամտության անհրաժեշտությունն առաջանա։

Սոնյայի համար այս գիտելիքները բժշկությունից առանձին չեն։ Ընդհակառակը՝ դրանք բժշկության ամենաազդեցիկ գործիքներից են։

Հավատ, նպատակ և ապագայի տեսլական

Տասը տարի անց Սոնյան իրեն պատկերացնում է Հայաստանում գործող ժամանակակից բազմապրոֆիլ հիվանդանոցում՝ գուցե Շիրակի մարզում, որտեղ կծառայի այն համայնքներին, որոնք ձևավորել են իրեն։ Նա ցանկանում է, որ Արթիկի բժշկական կենտրոնի նման հաստատությունները շարունակեն զարգանալ, որպեսզի ավելի շատ մարդիկ կարողանան որակյալ բուժօգնություն ստանալ իրենց բնակավայրին մոտ։

Ժամանակին այս ապագան նրա համար դժվար էր նույնիսկ պատկերացնել։

Այսօր նա կրում է նույն սպիտակ խալաթը, որով մի ժամանակ հիանում էր հեռվից։ Եվ յուրաքանչյուր բուժառուի բուժելիս ու յուրաքանչյուր երեխայի քաջալերելիս նա նոր սերնդին փոխանցում է մի բան, որը նույնքան արժեքավոր է, որքան բուժօգնությունը․ հավատն առ այն, որ սեփական երազանքները շատ ավելի մոտ են, քան թվում են։

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

July 29, 2026
Կատեգորիա

Սպիտակ խալաթի «ծանրությունը». Սոնյայի՝ բժիշկ դառնալու ճանապարհը

June 22, 2026
Կատեգորիա

Նանե Սիմոնյանի խոհարարական ուղին. քոլեջից մինչև ակադեմիա ու իրական խոհանոց

December 30, 2025
Կատեգորիա

ՔՈԱՖ Կրթաթոշակների և կարիերայի զարգացման ծրագրի ոգևորիչ արդյունքները 2025-ին

October 6, 2025
Կատեգորիա

Տաթևի «գիտաֆանտաստիկ» ուղին ՔՈԱՖ-ի հետ

August 31, 2025
Կատեգորիա

Ճանապարհի հարթում. ներսում COAF-ի կարիերայի պատրաստության համաժողովը երիտասարդների համար