
Արեն Երանոսյան. «Ես երբեք չեմ դադարում սովորել»

Տնտեսագետի, մաթեմատիկայի ուսուցչի ու ռոբոտաշինության մասնագետի թեժ պայքարում ՍՄԱՐԹ-ի մեխատրոնիկայի ծրագրավար Արենի պարագայում հաղթել է վերջինը, սակայն դեռ շուտ է հայտարարել «մասնագիտությունների պատերազմի» ավարտի մասին։
Լոռու մարզի Եղեգնուտ գյուղից Արեն Երանոսյանը խոստովանում է, որ ինքը չի դադարում սովորել, ու միանգամից թվարկում է մի շարք ոլորտներ ու մասնագիտություններ, որոնք ինքնուրույն ուսումնասիրում ու փորձարկում է։ Ինչպես արդեն կռահեցիք, Արենի նոր մասնագիտությունը սարերի հետևում չէ։
Ճշգրիտ գիտությունների հետ գործ ունեցող ծրագրավարը, որքան էլ պարադոքսալ հնչի, բայց հավատում է ճակատագրին և բերում երկու թարմ օրինակ իր կյանքից. մեկը՝ երբ հանդիպեց ապագա կնոջը ու հենց այդ պահին հասկացավ, որ վերջինիս հետ ընտանիք է կազմելու, մյուսը՝ ՍՄԱՐԹ-ի մեխատրոնիկայի ծրագրավարի թափուր հաստիքը, որի համար երկար ժամանակ մասնագետ չէր գտնվում այն պարզ պատճառով, որ, ըստ Արենի՝ «այդ աշխատանքը ինձ էր սպասում»։
«ՍՄԱՐԹ-ում ես ունեմ այն ամենը, ինչը սիրում եմ. նոր հմտություններ ձեռք բերելու, երեխաների հետ աշխատելու, նրանցից սովորելու ու անվերջ լիցքավորվելու հնարավորություն»,- մեծ ոգևորությամբ պատմում է Արենը։
Մինչև ՍՄԱՐԹ-ում աշխատելը նա հասցրել է «Դասավանդիր հանուն Հայաստանի» ծրագրի շրջանակում որպես ուսուցիչ առաջնորդ գործուղվել Դսեղ։ Գայթակղությունը մեծ էր. նոր ոլորտ, նոր երեխաներ ու նոր համայնք։ Դպրոցում աշխատելուն զուգահեռ Արենը Լոռվա Թումանյան քաղաքի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում սկսեց ռոբոտաշինություն դասավանդել։
«Ցանկացած աշխատանքում ինձ համար կարևորը երեխաների առկայությունն է, և մինչև այսօր ես նախապատվությունը տվել եմ այն նախագծերին, որտեղ հնարավորություն եմ ունեցել իմ գիտելիքները փոխանցելու ու սովորելու նոր սերնդից»,- եզրափակեց Արենը։










