Դեբեդը՝ գաղափարների փոխանակման հարթակ. ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը հյուրընկալեց Լոռու մարզի առաջին TEDx-ը

*Ce blog a été traduit à l’aide de l’IA
Անի Մուրադյան
May 13, 2026
News

Լոռու Դեբեդ գյուղում կայացավ մարզի առաջին TEDx միջոցառումը։ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնում հյուրընկալված TEDxDebet-ը մեկ հարթակում էր համախմբել տարբեր ոլորտների մասնագետների՝ քննարկելու գյուղական համայնքների դերը նորարարության և համաշխարհային երկխոսության համատեքստում։

«Բարձր գաղափարներ բնության լռության մեջ» խորագիրը կրող միջոցառման հիմնական նպատակն էր՝ ցույց տալ, որ գիտական և հասարակական քննարկումներն առավել արդյունավետ են, երբ դուրս են գալիս քաղաքային միջավայրից և ներառում նաև գյուղական համայնքները։

Միանալով նախաձեռնությանը՝ ՔՈԱՖ-ը վերահաստատում է գյուղական համայնքները զարգացման և ժամանակակից լուծումների կենտրոն դարձնելու իր տեսլականը։ 2015 թվականից ի վեր հիմնադրամն ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել Դեբեդում և Լոռու մարզում՝ հետևողականորեն ընդլայնելով հնարավորությունները համայնքներում։

«Գաղափարների փոխանակման հարթակների ստեղծումն անհրաժեշտություն է, հատկապես գյուղական միջավայրում»,— նշել է ՔՈԱՖ գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը։— «Այն հնարավորություն է տալիս տեղական ներուժը ներգրավելու համաշխարհային երկխոսության մեջ։ Սա ևս մեկ քայլ է՝ ամրապնդելու Լոռիում մեր ձևավորած էկոհամակարգը, որտեղ նորարար մտքերն արդյունավետորեն արմատավորվում և զարգանում են»։

Միջոցառումը կազմակերպվել էր Դեբեդում բնակվող և գործող տեղացի ձեռներեցի նախաձեռնությամբ, ում համայնքային փորձն ու տեսլականն էական դեր են խաղացել TEDxDebet-ի հայեցակարգի ձևավորման հարցում։

Ծրագրի շրջանակում ելույթ ունեցած բանախոսներն իրենց գաղափարներով վերափոխեցին վայրի, համայնքի և հնարավորությունների մասին պատկերացումները։ «Փոքր բնակավայրում մեծ կյանք» սկզբունքից մինչև Արաքս գետի վերաիմաստավորում և շատ ավելին. արհեստական բանականության, ճարտարապետության, առողջապահության և համայնքային զարգացման ոլորտների ներկայացուցիչները փաստեցին, թե ինչպես կարող են տեղային նախաձեռնությունները համամարդկային փոփոխությունների հիմք դառնալ։

2003 թվականից ի վեր՝ ՔՈԱՖ-ը հետևողականորեն զարգացնում է համայնքային ենթակառուցվածքները՝ կրթության, առողջապահության, տնտեսական զարգացման և սոցիալական ծառայությունների միջոցով։ 

Դեբեդում անկացված առաջին TEDx-ը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ համաշխարհային երկխոսությունն առավել լիարժեք է, երբ լսելի է նաև Հայաստանի գյուղական համայնքների ձայնը։

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

July 2, 2026
Կատեգորիա

Դեբեդը՝ գաղափարների փոխանակման հարթակ. ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը հյուրընկալեց Լոռու մարզի առաջին TEDx-ը

April 17, 2026
Կատեգորիա

270,000 ԱՄՆ ԴՈԼԱՐ՝ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ. ՔՈԱՖ-Ը ԴՐԱՄԱՀԱՎԱՔ Է ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ

February 12, 2026
Կատեգորիա

Երբ բառերը դառնում են գույն․ աշակերտներն արվեստի միջոցով նորովի բացահայտում են Սարոյանին

December 18, 2025
Կատեգորիա

$8M+ Raised to Support Rural Armenia at 22nd Annual COAF Holiday Gala

October 29, 2025
Կատեգորիա

Ամփոփում ենք ՔՈԱՖ-ի «Դեպի դպրոց 2025» դրամահավաքի արդյունքները․ շնորհակալություն Հայաստանի ապագան քարտեզագրելու համար

October 6, 2025
Կատեգորիա

ՔՈԱՖ-ը գալիս է Սյունիք՝ մեկնարկելով անգլերենի ուսուցիչների մենթորության ծրագիր