
Ուղիղ չվերթով Քարակերտի կենտրոնից Դալարիկի դպրոց

Եթե Քարակերտի Երեխայի ու ընտանիքի կենտրոնի շրջանավարտ 5-ամյա Նարեին հարցնեք՝ ինչո՞ւ է երկու տարի հաճախել կենտրոն, նա, առանց վարանելու, կպատասխանի կարճ ու կոնկրետ՝ «Կենտրոնում շատ հետաքրքիր էր»։ Հետո արդեն ոգևորված կմանրամասնի, թե ինչպես են մարզվել, նկարել, տիկնիկային ներկայացում բեմադրել ու կենդանիներ պատրաստել տարբեր նյութերից։
Նարեի մայրիկը՝ Ջեմման, պատմում է, որ աղջիկը կենտրոնի շնորհիվ դարձել է ավելի կազմակերպված, ակտիվ ու նախաձեռնող։
«Ինձ դուր է գալիս, որ երեխաների հետ աշխատող մասնագետները հոգեբաններ են։ Նրանց մոտեցումները շատ եմ հավանում»,- ասում է Ջեմման ու հավելում, որ այս երկու տարում ինքը նույնպես նոր բաներ է սովորել ծնողավարության մասին։
Մայրիկից շատ Նարեն է անհամբեր սպասում, թե երբ փոքր եղբայրը կհաճախի Քարակերտի կենտրոն, որպեսզի ինքն էլ առիթ ունենա մեկ-մեկ այցի գնալու իր սիրելի ընկեր Լյուդմիլային, Անիին ու Տաթևին։

Նարեն հրաժարվում է խոստովանել, որ ինքը ոչ թե 5 տարեկան է, այլ՝ 6։ Չէ՞ որ ինքն արդեն դպրոցական է։

Քարակերտի Երեխայի ու ընտանիքի կենտրոնում ծնողները ակտիվ ներգրավվում են տարբեր միջոցառումներում։ Բացի դրանից կազմակերպվում են ծնողավարմանն ուղղված սեմինարներ ու դասընթացներ։

Ծնող-երեխա շփման ու համագործակցության օրինակ մեկ պարում։

Հավաստագիրն ու գլխարկը վկայում են, որ Նարե Ավետիսյանը Քարակերտի Երեխայի ու ընտանիքի կենտրոնի 2024 թվականի 42 շրջանավարտներից մեկն է։

Նարեն ուրախ է, որ Քարակերտի կենտրոնի խմբակիցները հիմա իր դպրոցական ընկերներն են։

Նարեն դասընկերուհու հետ մատիտներով տարբեր երկրաչափական պատկերներ է սարքում։

Նարեն, Սամվելն ու Մանեն (ձախից աջ)։ Խենթուկների եռյակն ամենուր միասին է. Դալարիկի մանկապարտեզում, Քարակերտի Երեխայի ու ընտանիքի կենտրում, իսկ հիմա արդեն դպրոցում։

Երբ դու 5 տարեկան ես, թռչկոտելու համար հատուկ առիթ պետք չէ։