Բարդ տարվանից հետո լավ նորություններն է՛լ ավելի լավն են թվում։ Իսկ մենք լավ լուր ունենք․ Լոռու մարզի կանաչ սրտում ծվարած գողտրիկ գյուղերից մեկը՝ ՔՈԱՖ-ին շատ հարազատ դարձած Դեբետը, շուտով կդառնա Հայաստանի առաջին ՍՄԱՐԹ (խելացի) գյուղը։
Ո՞րն է ՍՄԱՐԹ գյուղը
Ամեն հարմարավետը, ժամանակակիցը, կարևորն ու խելացին գալիս են փոխելու գյուղի կյանքը նախ բնակիչների համար, որոնք կուզենան մնալ, զարգացնել ու մասնակիցը լինել համայնքի նորովի կառուցմանը, ապա նաև դարձնելու գրավիչ ինչպես հարակից համայնքների, այնպես էլ և՛ ներգնա և՛ արտագնա զբոսաշրջության համար։
Դեբետը կունենա վերանորոգված ճանապարհներ, բարեկեցիկ հանրային երթևեկություն, լուսավորված փողոցներ, հիմնովին կառուցված կղմինդրե տանիքներ, որակյալ ենթակառուցվածքներ, զարգացող տնտեսություն, հաղորդակցության ժամանակակից գործիքներ և, իհարկե, ակտիվ ու ներգրավված բնակիչներ։ Այո՛, որպեսզի փոխենք գյուղը, նախ պետք է փոխենք ինքներս մեզ։
ՔՈԱՖ-ի Ենթակառուցվածքային ծրագրերի համակարգող Արթուր Տեր-Սիմոնյանը շտապում է մի քանի ուրախալի լուր հայտնել․ «Շուտով Դեբետում նոր խաղահրապարակ կտեղադրենք, որը ՔՈԱՖ-ի` երբևիցե տեղադրած խաղահրապարակներից ամենալավը կլինի։ Կառուցելու ենք նաև ավտոբուսի կանգառ՝ յուրահատուկ իր կառուցվածքով և ձևավորմամբ»։
ՍՄԱՐԹ Դեբետ ծրագրի շրջանակներում գյուղում կառուցելու ենք նաև մոդուլյար տներ Արցախից տեղահանված ընտանիքների համար։
Եվ այսպես, հիմա ու մոտակա հինգ տարին ՔՈԱՖ-ի ողջ թիմով և դեբետցիներով շատ սեր ենք ներդնում ծրագրի ամեն մեծ ու փոքր բաղադրիչի մեջ, գործում ենք արագ (չէ՞ որ ժամանակն է ամենաթանկ ռեսուրսը) ու մեր հետքն ենք թողնում գյուղի կյանքում՝ ուղիղ ու փոխաբերական իմաստներով։
Ինչո՞ւ հենց Դեբետը
Առաջին ՍՄԱՐԹ գյուղի ընտրության համար անհրաժեշտ էր ընտրել ոչ շատ մեծ, ոչ շատ փոքր գյուղ։ Դեբետն ունի մոտ 800 բնակչություն, որը մեր ծրագրի պարագայում աշխատանքի իրատեսական ծավալ է ապահովում։
Դեբետում է գտնվում մեր՝ դեռևս միակ ու անկրկնելի ՍՄԱՐԹ կենտրոնը, որը դարձել է Լոռու այցեքարտերից մեկն ու միավորել 27 համայնքների բնակիչներին մեկ տանիքի տակ։ Դեբետ գալիս են ոչ միայն ՍՄԱՐԹ-ը տեսնելու, այլև հանգիստը վայելելու ՍՄԱՐԹ-ին կից Կոնցեպտ հյուրանոցում, որի ողջ շահույթն ուղղվում է բարեգործության ու սնում ՔՈԱՖ-ի գյուղական ծրագրերը։
Այստեղ ունենալով խոշոր գործող ու ապագա ենթակառուցվածքներ՝ ձևավորել ենք արդեն իսկ մեծ թիմ։ ՍՄԱՐԹ-ի աշխատակիցներից, ուսանողներից ու գործընկերներից շատերը հենց Դեբետից են․ էլ ո՞վ կարող է ավելի խանդավառ լինել այս ծրագրով, եթե ոչ դեբետցիները։
Սկսելով Դեբետում՝ մենք նպատակ ունենք ձևավորել գյուղական համայնքի մոդել, որը կդառնա օրինակելի ու կկրկնօրինակվի այլ համայնքներում։
Նոր շաբաթ, նոր ձեռքբերում
«Ամեն շաբաթ մեզ համար խնդիր ենք դրել՝ գյուղում նոր ձեռքբերում ունենալու»,- պատմում է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը, ով թիմի հետ միասին ամեն շաբաթ Դեբետում է։
Չնայած տարին դեռ նոր է սկսվել, բայց մենք ժամանակ չենք կորցրել։ Վերջին 9 շաբաթների ընթացքում ծրագրի 3 հիմնական ուղղություններով (ենթակառուցվածքների բարեփոխում, տնտեսական ծրագրեր, կարողությունների զարգացում) մի շարք աշխատանքներ ենք տարել։ Դրանցից մի քանիսն են՝
- ջրագծերի անցկացում, որի շնորհիվ 11 տնային տնտեսություններ 24/7 ռեժիմով ջուր կունենան,
- գյուղի 3 փողոցներում 64 լուսատուների տեղադրում, որ կապահովեն գյուղի 30%-ի լուսավորությունը,
- դպրոցում նոր դարպասի տեղադրում,
- համայքապետարանի մուտքի դռան, ցուցանակի փոփոխություն ու նախասրահի բարեկարգում,
- Դեբետ տանող ճանապարհին անհրաժեշտ ցուցանակների տեղադրում,
- սոցցանցերում Դեբետի համայնքապետարանի էջերի ստեղծում և վարում (չմոռանաք հետևել՝ Facebook, Instagram, Twitter),
- համայնքի 100-ից ավելի բնակիչների հետ հանդիպում ու ծրագրի ներկայացում,
- գյուղի բրենդինգ, որի մասին շուտով պատմելու ենք։
ՍՄԱՐԹ գյուղ՝ ՍՄԱՐԹ բնակիչներով
ՔՈԱՖ-ի բոլոր թիմերը՝ գյուղական ծրագրերից սկսած մինչև հաշվապահություն և հաղորդակցություն, ներգրավված են լինելու դեբետցիների կարողությունների զարգացման գործում։ Օրինակ, Դեբետի համայնքապետարանի աշխատակիցները հաճախելու են ՍՄԱՐԹ՝ անգլերեն սովորելու ու համակարգչային հմտությունները զարգացնելու։ Հաղորդակցության թիմը արդյունավետ և երկկողմանի հաղորդակցություն վարելու իր փորձով է կիսվելու համայնքապետարանի աշխատակազմի հետ։ Ու այսպես շարունակ։
«Մենք կարևորում ենք, որ համայնքի բնակիչները, ստեղծվող ենթակառուցվածքներից օգտվելուց բացի, վերջիններիս մասին հոգ տանել, պահպանել ու զարգացնել կարողանան»,- նշում է ՔՈԱՖ-ի գյուղական ծրագրերի ղեկավար Անահիտ Հակոբյանը։
Եթե ներդրում՝ ապա ՍՄԱՐԹ Դեբետ գյուղում
Դեբետը մի մեծ ընտանիք հիշեցնող տաքուկ գյուղ է․ այստեղ բոլորն իրար ճանաչում են։ Տեսարանը սքանչելի է տարվա բոլոր եղանակներին։ Սնունդը մաքուր է ու համեղ։ Կան գյուղական անդորրի բոլոր շքեղությունները։ Գյուղը զգում ես բոլոր զգայարաններով․․․
ՍՄԱՐԹ Դեբետ նախագծի մեջ ցանկացած ներդրում ներդրում է Հայաստանի այն բոլոր համայնքների զարգացման մեջ, որոնք, ՍՄԱՐԹ գյուղի մոդելի օրինակից ոգեշնչված, կատարելագործվելու են։ Այստեղ արդյունքը լինելու է արագ ու տեսանելի։ Մեկ-երկու-երեք տարի հետո, անգամ հիմա հասնելով Դեբետ՝ դուք կիմանաք, որ հասել եք Հայաստանի առաջին ՍՄԱՐԹ գյուղ, որը գոյություն ունի նաև ի շնորհիվ ձեզ։
Դե ուրեմն, միասին՝ #դբաՍՄԱՐԹԴեբետ։