Հյուրասեր, Ղազանչի, Մեղրաշեն՝ եթե այս անունները ձեզ ոչինչ չեն ասում, հավանաբար դեռևս ծանոթ չեք Շիրակի մարզի լեռնային հատվածներում գտնվող Մեղրաշեն գյուղին։
Գյուղն ի սկզբանե կոչվել է Հյուրասեր իր չափազանց հյուրասեր բնակիչների պատվին, այնուհետև համայնքում շատացել են մեծ կաթսաներ (ղազաններ) պատրաստողները. կոչել են Ղազանչի, այժմ էլ՝ Մեղրաշեն, քանի որ համայնքի տարածված զբաղմունքներից է մեղվաբուծությունը։
Մեղրաշենը Շիրակի մարզի մեր շահառու 7 համայնքներից մեկն է, որ մոտ 1100 բնակչություն ունի։ ՔՈԱՖ-ը 2016-ից ի վեր այստեղ իրականացրել է մի շարք ծրագրեր (Առողջ ապրելակերպ, Մասնագիտական կողմնորոշում, Անգլերենի «Աքսես» ծրագիր, որ իրականացվում է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հետ համատեղ)։
Ի նպաստ երեխաների սոցիալական զարգացմանը՝ Մեղրաշենում ՔՈԱՖ-ն իր մատնահետքն է թողել նաև այս խաղահրապարակով, որ հիմնվել է Էվա Քյուրքջյանի հիշատակին:
Համայնքում մինչ օրս առաջարկվում են մի շարք առողջապահական ծրագրեր (ատամնաբուժական ծառայություններ, քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ուղղված հետազոտություններ և այլն)։
Համայնքի երիտասարդներից շատերը, որոնք տարիներ առաջ ՔՈԱՖ-ի ծրագրերին էին մասնակցում, այժմ իրենց ուսումը շարունակում են բուհերում։ Սոնյա Սարդարյանը, նրանցից մեկն է։ Փոքրուց երազել է բժիշկ դառնալ, մասնակցել է ՔՈԱՖ-ի «Առողջ ապրելակերպ» ծրագրին, հիմա էլ ուսանում է Երևանի պետական բժշկական համալսարանի 4-րդ կուրսում։
Ապագա բժշկուհու համայնքում բուժկետ և դեղատուն չկա, բայց մեծ է դրանց կարիքը։ Բուժհաստատություն այցելելու համար բնակիչներն ուղևորվում են հարակից այլ գյուղեր, որտեղից էլ, կախված խնդրից, նրանց ուղղորդում են Արթիկի կամ Գյումրու բուժկենտրոններ։
«Ցավով պետք է նշեմ, որ երիտասարդները ձգտում են համայնքից հեռանալ, բայց ես երազում եմ լավ բժիշկ դառնալ և իմ համայնքին ծառայել։ Բժշկի գործը մարդկանց օգնելն է․ ի՞նչ տարբերություն, թե որտեղ դա կանեմ»,- ասում է Սոնյան։
Ինչպես «չկա գյուղ, որ շուն չլինի», այնպես էլ չկա գյուղ, որ խնդիր չլինի։ Բայց չէ՞ որ ամեն խնդիր իր լուծումն ունի։ Լուծումը գյուղական համայնքների զարգացումն է։ ։