Նկարների մեջ ճամփորդող աղջիկը․ Իվետա Սարգսյան

September 1, 2025
Education

Փոքրիկ Արագածավանում արվեստով պարուրված մի աղջիկ է ապրում։ Երազում է Իտալիայի մասին, սիրում է Գյումրին և ամեն օր նկարում է իրենց տան բակում։

17-ամյա Իվետա Սարգսյանը ՔՈԱՖ-ի հետ ճամփորդությունն սկսել է «Աֆլաթուն» սոցիալ-ֆինանսական կրթության ծրագրին մասնակցությամբ։ «Շատ բան սովորեցի, իմացա շրջակա միջավայրի մասին ու հասկացա, թե որքան վնաս ենք մենք հասցնում բնությանն անընդհատ»,- խոստովանում է Արագածոտնի մարզի երիտասարդ նկարիչը, որ բնության անվիճելի սիրահար է։

Իվետայի հետաքրքրությունների ներկապնակը բազմագույն է՝ դաշնամուր նվագելուց մինչև օտար լեզուներ,  ճարտարապետությունից մինչև նկարչություն․ «Առանց մոլբերտի ու վրձինների օրս չի անցնում»։

Չնայած երիտասարդ տարիքին՝ Իվետան արդեն իսկ հասցրել է վաճառել իր երկու գեղանկարները։ Անձնական եկամուտ վաստակելու քաղցրությունը թևավորել է իրեն։ «Այն, որ ուրիշ մարդիկ հավանում ու գնում են իմ աշխատանքը, մեծ գնահատանք է»,- ասում է աղջիկը, որ երազում է մի օր սեփական արվեստի ստուդիան հիմնել։

Իվետայի կյանքում ամենանշանակալի բացահայտումներից մեկը Գյումրին էր՝ Հայաստանի մշակութային մայրաքաղաքը։ Երբ դպրոցական ընկերների հետ այցելեցին Գյումրի, ինքը սիրահարվեց քաղաքի հնաբույր փողոցներին, քաղաքային ճարտարապետության իսկական պատկերին, մշակութային ժառանգությանն ու մարդկանց ջերմ բարբառին։

Ապագայի իր ձգտումներն աշխարհագրական ու մշակութային լայն քարտեզ ունեն։ Տիրապետելով անգլերենին ու ռուսերենին՝ նա ինքնուրուն սկսել է երրորդ լեզուն՝ իսպաներենն ուսումնասիրել։ Առցանց արդիական գործիքները թույլ են տալիս իրեն սովորել լեզուն հենց տանը, որտեղ խնամքով պահում է իսպաներենի նոթատետրերը։

«Շատերը բողոքում են երկարատև մեկուսացումից, բայց ես ինքս ինձ հետ երկար ժամանակ անցկացնելուց չեմ ձանձրանում»,- ասում է Իվետան։ Իր համար համավարակի մեկուսացումը գիրք կարդալու և ավելի շատ նկարելու հնարավորություն է։

Եթե Արագածավանը վրձնելու լինի, Իվետան կանաչի ու լազուրի երանգներ կընտրի, առատ դեղինով կողողի (իր համար սիրո գույնն է) ու տաք նարնջագուն կցողա, որ Արագածավանի ջերմ տների և հյութեղ ծիրանի խորհրդանիշն է։

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

September 1, 2025
Կատեգորիա

Նանե Սիմոնյան. «ՍՄԱՐԹ-ն ինձ զարգացած, ակտիվ ու լսելի լինելու հնարավորություն է տվել»

August 26, 2025
Կատեգորիա

Քվեաթերթիկներ գյուղում. ինչպես են ուսանողական խորհուրդները գյուղահայ երիտասարդներին վերածում համայնքների ղեկավարների

September 1, 2025
Կատեգորիա

Արմավիրից մինչև Հարվարդի համալսարան. Մաքսիմի ճանապարհորդությունը

September 1, 2025
Կատեգորիա

Շնորհակալություն անմոռանալի ամառային դրամահավաք-երեկոյի համար

September 1, 2025
Կատեգորիա

Աջակցության անկյուն. ինչպե՞ս է ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի նոր կենտրոնը հոգատարության միջավայր ձևավորում Մյասնիկյանում

September 1, 2025
Կատեգորիա

ՔՈԱՖ-ն ավելի քան 400,000 ԱՄՆ դոլար է հավաքագրել՝ Լոռու ՍՄԱՐԹ կենտրոնում նոր մարզական խաղադաշտ կառուցելու համար