
Նոր հմտություններ, նոր մտածողություն, նոր հնարավորություններ․ երբ ԱԲ-ն հանդիպում է ՔՈԱՖ Քաղաքացիական կրթության ծրագրին

Հոդվածի հեղինակ՝ Լյուդմիլա Շիրրվանյան, ՔՈԱՖ Քաղաքացիական կրթության ծրագրավար
Դեռահասների կյանքում արհեստական բանականության (ԱԲ) ամենօրյա ներկայությունն արդեն իսկ իրականություն է, և այն էականորեն փոխում է կրթության վերաբերյալ պատկերացումները, դրա կազմակերպման ձևերը և նույնիսկ առօրյա գործողությունների բնույթը։ Այնուամենայնիվ, ԱԲ-ի լայն տարածումը նոր մարտահրավերներ է առաջադրում կրթության նկատմամբ հետաքրքրասիրության պահպանման տեսանկյունից։ Այն նաև ստեղծում է նոր հնարավորություններ, հատկապես՝ գյուղական համայնքներում ապրող սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների համար։ Հենց այս երկակի ազդեցության պայմաններում առանձնահատուկ կարևորություն է ստանում կրթական այնպիսի մոտեցումների կիրառումը, որոնք կկարողանան ԱԲ-ն վերածել արդյունավետ ուսուցման գործիքի։
Այդ համատեքստում է ձևավորվում ՔՈԱՖ Քաղաքացիական կրթության ծրագրի առանցքային կողմը, որը ցույց է տալիս, թե ինչպես է արհեստական բանականության ուսուցումը շրջադարձային դառնում ծրագրի շահառու երեխաների համար՝ օգնելով դեռահասներին զարգացնել քննադատական մտածողություն, թվային գրագիտություն և ստեղծարարություն, այլընտրանքային լուծումներ առաջարկել համայնքային խնդիրներին, միաժամանակ ձևավորվել որպես ապագայի պահանջված մասնագետներ։
Այս բլոգում ձեզ կներկայացնենք, թե ինչպես է նախորդ տարի ԱԲ-ն ինտեգրվել ՔՈԱՖ Քաղաքացիական կրթության ծրագրում՝ դառնալով դրա հիմնական բաղադրիչներից մեկը։
Ծանոթություն արհեստական բանականության հետ
Ինչպես գեներացնել նկարներ և տեսանյութեր, սիրելի բանաստեղծությունը վերածել ռիթմիկ երաժշտության, առանց տեխնիկական խորը գիտելիքների ստեղծել փոդքասթներ․ ԱԲ-ին նվիրված դասընթացի արդյունքում մասնակիցները ոչ միայն խորությամբ ծանոթանում են էթիկակական սկզբունքներին և այն մարտահրավերներին, որոնք կարող են ծագել ԱԲ-ի կիրառման ընթացքում, այլև ուսումնասիրում են գեներատիվ գործիքները, փորձարկում և ստեղծում իրենց փոքրիկ նախագծերը։ Օրինակ՝ նրանք փորձում են պատկերացնել, թե ինչ կրթություն և հմտություններ պետք է ունենա ապագայի ագրոտեխնոլոգը՝ ստեղծելով համապատասխան «ինքնակենսագրական»։
Այս գործընթացը, թերևս, այլ մակարդակի վրա է դնում սովորողների վերաբերմունքը գեներատիվ ԱԲ-ի նկատմամբ՝ ձևավորելով գրագետ վարքագիծ թվային հարթակներից օգտվելիս, օգնում է ճանաչել դիփֆեյքերը (deepfake)*, քննադատորեն մոտենալ ԱԲ-ի կողմից գեներացված տեղեկատվությանը և պատասխանատվությամբ օգտագործել այն։
Հեքիաթներ, որոնք կոտրում են կարծրատիպերը
Երբ խաչվում են կարծրատիպերի դեմ պայքարն ու տեխնոլոգիաները, ծնվում են նորարարական նախաձեռնություններ, որոնք նպաստում են կարծրատիպերի հաղթահարմանն ու առավել հավասար ու ներառական հասարակության ձևավորմանը։
Ծանոթացեք Այգեվանի Քաղաքացիական կրթության ծրագրի մասնակիցների կողմից ստեղծված հեքիաթներին՝ խելացի արքայադուստր Արևիկի, հրուշակագործ Տիգրանի և ճարտարապետ Մանեի մասին պատմություններին, որոնք կարևոր ուղերձներ են հաղորդում՝ մասնագիտությունը սեռ չի ճանաչում, իսկ խնամքի դերերն ու պատասխանատվությունները պետք է բաշխվեն հավասարաչափ։ Այս նախագիծը ստեղծագործ երեխաների և արհեստական բանականության «համագործակցության» վառ օրինակ է։ Նախ մասնակիցները մշակել են գաղափարն ու բովանդակությունը, ապա գործընթացում ներգրավել մանկապարտեզի սաներին և տարրական դասարանների աշակերտներին՝ նրանց հետ միասին պատկերելով հեքիաթների հերոսներին։ Վերջում՝ գործի են դրվել ԱԲ գործինքերը, որոնց միջոցով երեխաների նկարած կերպարները վերածվել են գունեղ ու գրավիչ հերոսների՝ նկարազարդելով հեքիաթները և դարձնելով առավել ազդեցիկ։

Ահա թե ինչպես է արհեստական բանականությունը ոչ թե փոխարինում մարդու ստեղծագործական ներուժը, այլ դառնում այն խթանող գործոն՝ հնարավորություն տալով կյանքի կոչել գաղափարներ, որոնք միավորում են կրթությունը, արժեքները և նորարարությունը։
Արհեստական բանականության կիրառումը քաղաքացիական նախաձեռնություններում
Տեխնոլոգիաների սրընթաց զարգացմանը զուգահեռ մեծանում են հասարակության մտահոգությունները՝ առաջ բերելով մարդկանց և մասնագիտություններ փոխարինելու վերաբերյալ քննարկումներ, որոնք հաճախ միանշանակ չեն ընկալվում տարբեր խմբերի կողմից։ Այս դիսկուրսի կենտրոնում այսօր գտնվում է հենց արհեստական բանականությունը։
Նալբանդյանում համայնքային զարգացման ծրագրի շրջանակներում մասնակիցները փորձել են իրենց համայնքում արձագանքել այս մարտահրավերին՝ մեղմելով ԱԲ-ի վերաբերյալ ծայրահեղ ընկալումները և խթանելով ԱԲ գրագիտության տարածումը դպրոցականների շրջանում։ Այս նախաձեռնությունը առաջինն էր Նալբանդյանում, որը միտված էր ոչ միայն արձագանքել առկա մտահոգություններին, այլև բարձրաձայնել ԱԲ-ի պատասխանատու և գիտակից կիրառման կարևորության մասին։

Նալբանդյանի Քաղաքացիական կրթության ծրագրի մասնակիցների կողմից պատրաստված պիտակ ԱԲ գրագիտությանն ուղղված նախաձեռնության շրջանակում։
«ԱԲ-ն չի փոխարինում մարդկային մտածողությանը, այլ աջակցում է ուսման գործընթացին և չի կարող փոխարինել բժիշկներին կամ որոշում կայացնողներին»․ այս և այլ առանցքային ուղերձներով ծրագրի մասնակիցները այցելել են համայնքային մի շարք կառույցներ՝ նպաստելով արհեստական բանականության վերաբերյալ հանրային խոսույթի ձևավորմանը համայնքի տարբեր տարիքային խմբերի շրջանակներում։
Միևնույն ժամանակ դեռահասներին ներգրավելու տարբերակներն այլ են և առավել ժամանակակից․ Սնեփչատ բջջային հավելվածի միջոցով իրականացված հնգօրյա իրազեկման արշավը հետաքրքրաշարժ ու ինտերակտիվ նկարների, քուիզների և տեսանյութերի միջոցով ավելի քան 100 դեռահասի խրախուսել է մտածել ԱԲ-ի հնարավորությունների և սահմափակումների մասին, վերաիմաստավորել ԱԲ-ի օգտագործման դրդապատճառները և առավել քննադատորեն մոտենալ գործիքի գեներացրած տեղեկատվությանն ու պատկերներին։
Այսպիսով, քաղաքացիական կրթությունը դառնում է այն առաջնագիծը, որտեղ միահյուսվում են հնարավորություններն ու հանրային շահը, արդարության համար պայքարն ու առավել գիտակից և հմուտ քաղաքացիների ձևավորման գործընթացը։ ԱԲ-ի ուսուցումն ու քաղաքացիական նախաձեռնությունները համադրվում են՝ զարգացնելով գիտելիքներն ու հմտությունները և ձևավորելով պատասխանատու, արժեքահեն մոտեցումներով ու քննադատական մտածողությամբ առաջնորդվող քաղաքացիներ։ Արդյունքում, արհեստական բանականությունը դադարում է լինել պարզապես տեխնոլոգիական գործիք և վերածվում է սոցիալական փոփոխության միջոցի՝ ծառայելով առավել արդար, ներառական և գիտակից հասարակության կառուցմանը։
*Պատկերներ, տեսանյութեր կամ ձայնագրություններ, որոնք գեներացվում կամ փոփոխվում են արհեստական բանականության միջոցով իրական թվալու նպատակով։

