Երբ ամեն վայրկյանը կարևոր է. ամրապնդելով առաջին օգնության հմտությունները Արմավիրում

*Ce blog a été traduit à l’aide de l’IA
Մարկ Գարգարյան
April 2, 2026
Healthcare

Արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և ճիշտ գործելու ունակությունը հաճախ վճռորոշ նշանակություն է ունենում։ Արմավիրի մարզում ՔՈԱՖ-ն ամրապնդում է այս հմտությունները՝ կենսական գիտելիքներ փոխանցելով ինչպես ուսուցիչներին, այնպես էլ աշակերտներին։ Այսպիսով, առաջին օգնության հմտությունները դառնում են դպրոցական առօրյայի անբաժան մաս։

Փետրվարին ՔՈԱՖ-ի շահառու 11 դպրոցի ուսուցիչներ Աղվերանում մասնակցեցին «Առաջին օգնության հիմունքներ» եռօրյա վերապատրաստմանը։ Արդեն մարտին այդ գիտելիքները դուրս եկան դասասենյակների պատերից. աշակերտները մասնակցեցին առաջին օգնության գործնական մրցույթի՝ տեսական գիտելիքը վերածելով իրական փորձառության։

Այս ամենի հիմքում մեկ նպատակ է՝ ՔՈԱՖ-ի շահառու համայնքներում ձևավորել հոգատարության և փոխօգնության կայուն մշակույթ։

Ինքնավստահ արձագանք՝ արտակարգ իրավիճակներում

Փետրվարին կայացած վերապատրաստումն ընդգրկում էր ինչպես տեսական, այնպես էլ գործնական փուլեր։ Նպատակն էր ուսուցիչներին նախապատրաստել արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելուն և զինելով անհրաժեշտ ունակություններով՝ այդ հմտությունները հետագայում նաև աշակերտներին փոխանցելու ակնկալիքով։

Շատ մասնակիցների համար այս փորձառությունը փոխեց առաջին օգնության մասին նախկինում ունեցած պատկերացումները։

«Ես կենսաբան եմ, բայց առաջին անգամ էի մասնակցում նման դասընթացի»,-պատմում է մասնակից ուսուցիչներից մեկը։-«Բացահայտեցի, որ առաջին օգնության մոտեցումները էապես տարբերվում են՝ ըստ տարիքի, հատկապես երեխաների պարագայում։ Նախկինում մենք միշտ չէ, որ գիտակցում էինք անհապաղ բժշկական օգնություն կանչելու կարևորությունը, չէինք տիրապետում նաև արհեստական շնչառության նրբություններին։ Սրանք ինձ համար իրական բացահայտումներ էին»։

Գիտելիքից՝ գործնական կիրառում

Մարտին շահառու դպրոցների աշակերտները հայտնվեցին «թեժ» իրավիճակներում. նրանց համար ստեղծվել էին սիմուլյացիոն սցենարներ, որտեղ պետք էր արագ որոշումներ կայացնել։ Կոտրվածքներից մինչև արյունահոսության դադարեցում,   ուշագնացության դեպքում առաջին օգնություն և բազմաթիվ այլ իրավիճակներ, որոնցից յուրաքանչյուրը պահանջում էր սառնասրտություն, թիմային աշխատանք ու ճկունություն։

Թիմերը ցուցադրեցին ոչ միայն իրենց սովորածը, այլև այն, թե որքան արդյունավետ կարող են համագործակցել։ Մրցակցային լարվածությունն օգնեց աշակերտներին տեսական գիտելիքը վերածել գործնական հմտության և ավելի ինքնավստահ գործել նման իրավիճակներում։

Լրացնելով գիտելիքի բացը

Նախաձեռնությունն ուղղված է առաջին օգնության ոլորտում առկա խնդրի հասցեագրմանը. այս բնագավառում պատկերացումները հաճախ սահմանափակվում են թերի կամ հնացած տեղեկություններով։ Ուսուցիչներին ու աշակերտներին գործնական հմտություններ փոխանցելով՝ ՔՈԱՖ-ը համայնքային մակարդակում ձևավորում է գրագետ արձագանքման նոր մշակույթ։

Այս ամենի հիմքում փոխօգնության ու ընդհանուր պատասխանատվության սկզբունքն է։ Մեր նպատակն է ունենալ ավելի պաշտպանված համայնքներ, որտեղ յուրաքանչյուրը գիտի՝ ինչպես արագ ու ճիշտ գործել վճռորոշ պահերին։

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

April 3, 2026
Կատեգորիա

Երբ ամեն վայրկյանը կարևոր է. ամրապնդելով առաջին օգնության հմտությունները Արմավիրում

February 18, 2026
Կատեգորիա

Ինչպե՞ս են համայնքների բնակիչները գնահատում առողջապահության որակը Հայաստանում

October 2, 2025
Կատեգորիա

«Առողջ ապրելակերպը՝ սովորություն 2025». հանրային իրազեկման արշավ

March 13, 2026
Կատեգորիա

Կանխարգելելի մահացության հաղթահարումը Հայաստանում. խոստումնալից արդյունքներ Դսեղի պիլոտային ծրագրից

September 3, 2025
Կատեգորիա

Learning to Save Lives–First Aid Takes Center Stage in Rural Armenia

September 1, 2025
Կատեգորիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Դսեղի առողջության կենտրոն