ՍՄԱՐԹ-ում դժվար գտնվի մեկը, ով չի ճանաչում թատերարվեստի ծրագրավար Թաթուլ Բոստանչյանին. ոնց էլ չլինի, ամառային ծրագրերի ժամանակ գոնե մեկ անգամ լսել եք նրա հանրահայտ «Hello»-ն` ամենաարդյունավետ «աղմկամարիչ» կոչը։
Մասնագիտությամբ դերասան ու ռեժիսոր Թաթուլը ՍՄԱՐԹ-ում հայտնվել է ընկերներից մեկի խորհրդով ու «բարեխոսությամբ»։
«Կատարողական արվեստի նախկին ծրագրավար Անին, երբ արդեն պատրաստվում էր տեղափոխվել Երևան, առաջարկեց դիմել իր հաստիքի համար։ Մտածեցի՝ լավ առիթ է Վանաձորից դուրս աշխատելու»,- այսպես է Թաթուլը հիշում ՍՄԱՐԹ-ում իր հայտնվելն ու հավելում, որ երեխաների հետ աշխատանքը երիտասարդ մնալու, նոր մարդկանց ու գույներ բացահայտելու լավ հնարավորություն է։
Ստվերային, տիկնիկային ու ռադիո ներկայացումներից մինչև հեքիաթների գրքի հրատարակում ու թատերարվեստի մասին սեղանի խաղերի ստեղծում։ Սա վերջին տարիների թատերարվեստի ծրագրի նախագծերի ոչ ամբողջական ցանկն է։ Թաթուլը բացատրում է, որ նախագծերն անելիս ելնում են տվյալ խմբի հետաքրքրություններից ու կարողություններից։
«Շատ եմ ոգևորվում, երբ ծրագրի ավարտից հետո որոշ ուսանողներ կրթությունը շարունակում են հենց թատրոնի ուղղությամբ»,- եզրափակում է Թաթուլը։
Երեխաների հետ բեմական արվեստից խոսելու համար շատ կարևոր է սեփական թարմ օրինակներ ունենալ։ Դրա համար Թաթուլն աշխատում է միշտ նոր դերեր ու ներկայացումներ ունենալ։
Ամառային ծրագրերի ժամանակ թատերարվեստի ծրագրավարը սահուն վերածվում է խաղավարի։
Հերթական ամառային ծրագրի շրջանակում տիկնիկներ են պատրաստում ներկայացման համար։
Ոչ, հատակը չեն մաքրում, այլ բեմում համաչափ շարժվել են սովորում։
Թիմային խաղերի «մեծն առաջնորդը»։
Լռություն. փորձը սկսված է։
Թաթուլն իր մասնագիտական կապերն օգտագործում է ուսանողների նախագծերին ամեն կերպ աջակցելու համար։ Վանաձորի տիկնիկային թատրոնի բեմից հայտարարում է ՍՄԱՐԹացիների «Քաջ Նազար»-ը ներկայացման սկիզբը։
Թաթուլը ժամանակ առ ժամանակ ներգրավվում է տարբեր թատերական նախագծերում որպես ռեժիսոր կամ դերասան։ Նա ասում է, որ եթե չստեղծագործի, վաղ թե ուշ «կժանգոտի»։
ՍՄԱՐԹ-ի Օսկարը՝ «Վահե և Լյուսի» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Ի՞նչ բեմ առանց Թաթուլի։
Հեղինակ՝ Քնար Բաբայան