Անգլերեն սովորելու երեք պատճառ

Դու կկարողանաս օգնել գյուղում մոլորված օտարերկրացուն

Մի քանի ամիս առաջ 16-ամյա աքորեցի Յուրա Թաթոյանը համայնքի փողոցներից մեկում հանդիպեց արտասահմանցի մի զբոսաշրջիկի։ Երիտասարդը շփոթված էր․ նա անընդհատ դիմում էր անցորդներին ու հարցնում․ «Do you speak English?» Ակնհայտորեն, ոչ ոք չէր կարողանում օգնել երիտասարդին։ Յուրան մոտեցավ ու պարզեց, որ զբոսաշրջիկը մոլորվել է, ցանկանում է Ալավերդի հասնել։ «Ես գիտակցեցի, որ հանգիստ կարողանում եմ շփվել օտարերկրացիների հետ»,- հպարտությամբ պատմում է Յուրան։

Պատանին անգլերեն սովորել է հենց իր համայնքում, անգլերենի ուսուցման Access միկրոկրթաթոշակային ծրագրի շնորհիվ։ Access-ը ՔՈԱՖ-ի և ԱՄՆ դեսպանատան համատեղ ծրագիրն է։

«Երբ Աքորիում բացվեց անգլերենի խմբակը, ես 12 տարեկան էի։ Իրականում, մի քիչ փոքր էի դասերին մասնակցելու համար։ Ուսուցչուհին ասաց, որ կարող եմ ազատ ունկնդիր լինել։ Սակայն որոշ ժամանակ անց պարզվեց, որ շատ լավ եմ յուրացնում դասերը, և ես դարձա Access-ի լիիրավ մասնակից»,- ծիծաղելով պատմում է Յուրան։- «Հիմա ազատ կարողանում եմ հաղորդակցվել, անգլերեն տեքստեր կարդալ, տեսանյութեր դիտել։ Ու շատ հպարտ եմ, որ անգլերենիս շնորհիվ կարողացա օգնել  մոլորված զբոսաշրջիկին»։

Դու կկարողանաս անգլերեն նամակներ կարդալ ու թարգմանել

«Յուրան այժմ սովորում է Ալավերդու պետական քոլեջում, սպասարկման կառավարում է ուսումնասիրում։ Սակայն նրա տարերքը աշուղական երգ-երաժշտությունն է։ Նա երգում է Ալավերդու «Լազուր» համույթում և երբեմն Երևանում էլ է ելույթներ ունենում»,- պատմում է Յուրայի մայրը՝ Աննա Թաթոյանը։ -«Մի անգամ, երևանյան այցելություններից մեկի ժամանակ տաքսի էինք նստել, և վարորդը մեզ մի անգլերեն նամակ ցույց տվեց։ Ասաց, որ դեսպանատնից է ստացել, բայց չի հասկանում, անգլերեն չգիտի։ Խնդրեց թարգմանել․․․ Ես էլ հպարտությամբ ասացի, որ տղաս կօգնի։ Յուրան կարդաց, ամեն ինչ հասկացավ ու բացատրեց վարորդին։ Մի երկու տարի առաջ չէինք էլ պատկերացնի, որ նա կկարողանա հենց Աքորիում այդքան լավ անգլերեն սովորել․․․ Ամենակարևորն այն է, որ նա տարբեր իրավիճակներում կիրառում է ստացած գիտելիքները»։

Դու կկարողանաս հեռահար աշխատանք գտնել

«Յուրան շատ հոգատար որդի է»,- ասում է Աննան։ – «Երբ շատ փոքր էր, ու ցուրտ եղանակին ավտոբուսով ինչ-որ տեղ էինք գնում, նա իր թաթիկներով փակում էր ականջներս, որ հանկարծ չմրսեմ։ Իսկ երբ մեծացավ, փորձում էր գումար վաստակել, որ ինձ համար նվերներ գնի»։

Յուրան ոչ միայն դաշնամուր է նվագում ու Սայաթ-Նովայի ստեղծագործությունները կատարում, այլև զբաղվում է երաժշտական գործիքավորումով։ «Սփյուռքահայ երգիչ-երաժիշտներից շատերն են իրենց գործերում հայկական ռիթմեր օգտագործում։ Երկու տարի առաջ, երբ ավարտեցի ՔՈԱՖ-ի և ԱՄՆ դեսպանատան անգլերենի դասընթացը, սկսեցի համակարգչով հայկական մեղեդիներ գործիքավորել, MP3 ֆայլեր ստեղծել և առաջարկել օտարերկրացի հաճախորդներին»,- պատմում է Յուրան։- «Անգլերեն լեզվով գրագետ բանակցություններն աշխատանքիս կարևորագույն մասն են կազմում։ Պոտենցիալ հաճախորդներն անմիջապես վստահությամբ են լցվում իմ նկատմամբ, երբ գիտակցում են, որ լավ անգլերեն գիտեմ։ Եթե ՔՈԱՖ-ի միջոցով լեզու չսովորեի, դժվար թե կարողանայի այս աշխատանքով զբաղվել»։

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org