Ոչ պատահական պատահականություններ

ՍՄԱՐԹ կենտրոնի սաները հավաքվել էին ամֆիթատրոնում ու քչփչում էին, որ շուտով հանդիպելու են «մայոր Գրիգորյանին և հաղորդավար Գլումովին»։ Իհարկե, երեխաները գիտեին, որ ՍՄԱՐԹամեջի հերթական հյուր, հանրահայտ հաղորդավար Գլումովը հենց ինքը Գրիգորյանն է, սակայն նրանք շատ էին ուզում հասկանալ, թե ինչպես է հնարավոր համատեղել իրարից այնքան տարբեր ոլորտներ, ինչպիսիք են զինվորական ծառայությունն ու շոու բիզնեսը։

Գոռ Գրիգորյանը սկսեց պատմել իր կյանքի պատմությունը, որն ամբողջովին բաղկացած էր «ոչ պատահական պատահականություններից»։

«Ինձ համար գիրքը միշտ եղել է ինֆորմացիայի հիմնական աղբյուր։ Եթե չլինեին կարդացածս գրքերը, չէր լինի նաև հաղորդավար Գլումովը, որը որոշ հաջողությունների է հասել»,- պատմեց նա։ Ապա հիշեց իր մանկության դրվագներից, երբ իր մայրը փորձել էր իրենից թաքցնել «Տաիս Աթենացին» գիրքը։ «Հետո նա հասկացավ, որ ես վաղուց այդ գիրքը կարդացել եմ, և այլևս անիմաստ է ինձնից գրքեր թաքցնել։ Իրականում, ես չէի էլ մտածում, որ կարդալն ինձ կյանքում օգնելու է, ինձ պարզապես դա դուր էր գալիս»։

Պարզվեց, որ հենց գրքերն են ձևավորելու Գոռ Գրիգորյանի անհատականությունն ու աշխատանքային ուղին։ Սակայն մինչ այդ նա երկար ճանապարհ ուներ անցնելու։

Գրիգորյանի ընտանիքն ապրում էր Ռուսաստանի Տոմսկ քաղաքում։ Երևան տեղափոխվեցին, երբ Գոռը 14 տարեկան էր։ Նա ցանկանում էր Ռուսաստան վերադառնալ և հնեաբանություն ուսումնասիրել, սակայն արդյունքում հայտնվեց․․․ Երևանի ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետում։ 1990-ական թվականներին Հայաստանում գրեթե հնարավոր չէր կիբեռնետիկայով զբաղվել, և Գրիգորյանը որոշեց զինվորական դառնալ․ «Հայրս Արցախյան պատերազմի մասնակից էր, բժիշկ էր․․․ Ես էլ ուզում էի հատուկ նշանակության ջոկատում ծառայել։ Այդ տարիներին քիչ էին այն մարդիկ, ովքեր իրենց կամքով ցանկանում էին ծառայել, և իմ այդ ցանկությանը զինկոմիսարիատում զարմանքով էին վերաբերվում։ Բայց ես իսկապես երազում էի այդ մասին»։

Գրիգորյանին հաջողվում է անցնել զինվորական ծառայության։ Նա կյանքն սկսում է նոր էջից, դառնում է ուղեկալի պետ, ստանում մայորի աստիճան, նույնիսկ վիրավորվում սահմանի վրա․․․

Թվում էր, թե զինվորական ծառայությունը մայոր Գրիգորյանի կյանքի հիմնական մասն է լինելու։ Սակայն երբ նա ծանոթացավ «Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանի հետ, ստիպված եղավ կրկին․․․ կյանքը նոր էջից սկսել։ «Ես նրան ներկայացրի 36 գաղափար, որի արդյունքում մենք ռադիոյում 28 նախագիծ կարողացանք իրականացնել։ Շուշանիկն ինձ միանգամից առաջարկեց ծրագրերի տնօրեն դառնալ․․․»։

Այդպիսով, զինվորական Գլումովը դարձավ ռադիոյի ծրագրերի տնօրեն, իսկ հետագայում՝ նաև հաղորդավար։ «Հաղորդավարները պետք է կեղծանուն ունենային,  և ես ընտրեցի Օստրովսկու պիեսներից մեկի հերոսի՝ Եգոր Գլումովի անունը։ Աշխատանքս սիրում էի, սակայն արդեն ընտանիք ունեի, և գումարը չէր բավականացնում։ Ստիպված էի 8 տարի շարունակ նաև գիշերային ակումբում աշխատել՝ առանց շաբաթ-կիրակիների»։

Որոշ ժամանակ անց Գրիգորյան-Գլումովին նաև հաղորդավարի աշխատանք առաջարկեցին հայաստանյան հեռուստակայաններից մեկում։ «Ես զգացի, որ, այնուամենայնիվ, կարդացածս գրքերն ու ստացածս գիտելիքներն ինձ շատ են օգնել։ Հենց այդ գրքերն են ձևավորել աշխարհայացքս, և հենց այդ գիտելիքների շնորհիվ է, որ ես ունեմ սիրելի աշխատանք և հասել եմ հաջողությունների»։

Գրիգորյանը նաև պատմեց իր ընտանիքի՝ կնոջ ու չորս երեխաների մասին, որոնց համարում է իր գլխավոր ձեռքբերումը։

«Կյանքս լի էր անսպասելի, պատահական իրադարձություններով։ Բայց պարզվեց, որ ոչինչ պատահական չի լինում»,- եզրափակեց նա։

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org