Հայ կանանց համարձակ երազանքները

Մարդիկ մեծանում են՝ ուրիշներին օրինակ ունենալով, կան նաև նրանք, ովքեր չեն ուզում որևէ մեկին նմանվել ու փոխում են խաղի կանոնները։ Ամեն դեպքում, բոլորս էլ հանդիպում ենք մարդկանց, ովքեր ոգեշնչում են մեզ ու ազդում մեր անհատականության ձևավորման վրա։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում հնարավոր ամեն բան անում ենք, որ մեր ուսանողները հանրության կայացած անդամների հետ ոգեշնչող հանդիպումներ հաճախ ունենան։ Մարտի 12-ին ՍՄԱՐԹամեջ-ում՝ «Հայաստանի Համարձակ Հմայքը․հայ» խորագրի ներքո, մենք շատ կանացի, մոտիվացնող ու հիշվող զրույց ունեցանք՝ միանգամից երեք կին-բանախոսի մասնակցությամբ․

  • Արևիկ Համբարձումյան, «Լոֆթ» կենտրոնների (ինքնազարգացման ու ժամանցի կենտրոն) գլխավոր տնօրեն
  • Տաթևիկ Ռևազյան, Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
  • Արևիկ Առաքելյան, «Արտույտի» (շարֆեր հայ ժամանակակից նկարիչների գործերի հիման վրա) հիմնադիր ու գործադիր տնօրեն

Հյուրերն իրենց ներշնչող պատմություններն սկսեցին երազանքներից ու հաջողության ճանապարհի սկզբից։ Դեռ մանկուց անսահման սիրելով արվեստն ու նորաձևությունը՝ «Արտույտի» Արևիկը երազում էր որևէ կերպ համադրել այդ երկու ոլորտները։ «Մեծացել եմ պատերազմի տարիներին և, ի տարբերություն ձեզ, հնարավորություն չեմ ունեցել հաճախելու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի նման նորարարական կենտրոն։ Այնուամենայնիվ, երազել չէի դադարում»,- բացատրում է նա։

Ճանաչելով Հայաստանի հարուստ մշակույթը՝ Արևիկը զգում էր, որ այն նշանակալիորեն չի ներկայացվում աշխարհում։ «Առաջին շարֆս վաճառել եմ մայրիկիս՝ առանց զեղչի։ Երկրորդը փողոցում իրացրի՝ ընկերուհուս ընկերուհուն, ով հետաքրքրված էր իմ շարֆերով։ Գնացի երազանքիս հետևից․ դիզայնից սկսած մինչև առաքում ինքս էի անում։ Հետո հայտնվեցի Միլանի նորաձևության շաբաթում․ այդ մասին անգամ ամենահամարձակ երազանքներում չէի մտածում»,- խոստովանում է «Արտույտի» Արևիկն ու հորդորում ունկնդիր ուսանողներին առավելագույնը քաղել ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ից, որը նոր դռներ է բացում։

Տաթևիկ Ռևազյանն աշխարհում քաղավիացիայի ամենաերիտասարդ ղեկավարն է և հայաստանյան կոմիտեի առաջին կին նախագահը։ «13 տարեկանս լրանալուն պես, երբ արդեն իրավունք ունեի, սկսեցի աշխատել գրախանութում։ Մեծանալով Դանիայում՝ ապրում էի Կոպենհագենի օդանավակայանի մոտ։ Ընկերուհուս հետ պաղպաղակ էինք գնում «ՄաքԴոնալդսից» ու նայում, թե ինչպես են ինքնաթիռներն օդ բարձրանում ու վայրէջք կատարում։ 15 տարեկանում հստակ գիտեի, որ ուզում եմ ավիացիայում աշխատել»,- հիշում է Տաթևիկը, որն ավելի ուշ 4 տարի աշխատել է Կոպենհագենի օդանավակայանում և, ի վերջո, տեղափոխվել Հայաստան՝ երազելով զարգացնել տեղի ավիացիան։ Այս ոլորտում աշխատելու ընթացքում նա եռապատկել է Հայաստան-Եվրոպա չվերթների քանակը՝ ապահովելով բյուջետային ավիաընկերությունների մուտքը մեր երկիր։

Ինչպես ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի բազմաթիվ ուսանողներ, «Լոֆթի» Արևիկը ևս ծնվել է Վանաձորում՝ մեր կենտրոնից ընդամենը 15 րոպեի հեռավորությամբ։ «Եթե չմտածեի, որ հաջողելու եմ, այսօր այստեղ չէի լինի։ Իհարկե, ոչինչ հեշտությամբ չի տրվում, մեծ ջանքեր են պահանջվում»,- ընդգծեց նա։ Արևիկը խորհուրդ տվեց մեր ուսանողներին կառչած չլինել «Ինչպես հաջողակ դառնալ», «Ինչպես դառնալ միլիոնատեր մի քանի շաբաթում» և նման այլ վերնագրերով հոդվածներից։

«Ո՞ւմ եք ուզում նմանվել»,- հարցրեց «Լոֆթի» Արևիկը՝ կոչ անելով երիտասարդներին մենթորներ ունենալ, ովքեր իրենց կուղղորդեն սոցիալական զարգացման ճանապարհին։ Խոսելով կնոջ վախերի մասին՝ նա նշեց․ «Վախերը հաղթահարելն ու դա չանելն է մեզ տարբերակում միմյանցից։ Երբեք չեմ կոտրվել, քանի որ իմ մտքում երբևէ նման ընկալում չի եղել»։

Համառությունն ու նպատակին հասնելու մի քանի սցենարներ ունենալն օգնում է հաջողել, ինչ էլ որ անելու լինես։ Բանախոսներից մեկը խորհուրդ տվեց ուժեղ լինել ու երբեք չընկրկել, մյուսն էլ՝ պատրաստ լինել հիասթափությունների, ինչը ևս բնական է։

#ՀայաստանիՀամարձակՀմայքը թույլ տվեց նորովի գնահատել մեծ երազանք ունենալու կարևորությունը ու վստահություն ներշնչեց, որ ամեն հաջորդ քայլը մեզ ավելի է մոտեցնում մեր նպատակների իրագործմանը։

Վերջին հրապարակումները

«Մեկ դար, երկու լեգենդ». Փարաջանովի ակնահաճո գույներն ու Ազնավուրի՝ ականջ շոյող երգերը ՍՄԱՐԹ-ում

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org