Նրանց հաճախ երկրորդ անգամ են բարևում, դաս հարցնելիս խառնում կամ պարզապես երկար, ուշադիր նայում։
Դպրոց գնում են միասին, ՍՄԱՐԹ՝ միասին, պարապմունքների՝ միասին, դե տանն էլ՝ միշտ։
Թվում է՝ երկվորյակներ Հայկ և Հրաչիկ Թորոսյաններին առաջին հայացքից դժվար է տարբերել, բայց մի փոքր շփվելուց հետո ամեն մեկն առանձնանում է իրեն բնորոշ հայացքով, ժպիտով, պատասխաններով, ապա նաև՝ հետաքրքրություններով։
Մտերիմները նրանց այնքան մանրակրկիտ գիտեն, որ տարբերում են անգամ անոթների ընդգծվածության աստիճանով ու խալերով, իսկ ում համար բարդ է, սանրվածքն ամենահուշողն է․ Հրաչիկի մազերը սովորաբար մի քիչ ավելի երկար են։
Հայկը Հրաչիկից մեծ է 40 րոպեով․ եթե չափազանցնենք, սա եղբայրների՝ թերևս միմյանցից երբևէ հեռու գտնված ամենաերկար ժամանակն է։ Ծնվելով, մեծանալով Ալավերդու Սարահարթ թաղամասում՝ նրանք գրեթե ամեն ինչ միասին են արել։ Հրաչիկը հուշում է՝ բացի մարաթոնից, որը ՍՄԱՐԹ-ի ուսանողների նախաձեռնությամբ Դեբետում տեղի ունեցավ 2021-ի օգոստոսին։ Մարաթոնին միայն ինքն էր մասնակցել։)
Տղաները «միշտ իրար հետ» լինելը համարում են երկվորյակներ լինելու ամենամեծ առավելությունը։ Միասին եկան նաև ՍՄԱՐԹ ու իրենց զբաղված գրաֆիկի հետ համատեղ (պատրաստվում են ընդունելության քննություններին)` մասնակցել են միևնույն ծրագրերին՝ Թվային Նկարչություն, Մարքեթինգ, Ֆինանսներ։
Վերջին երկուսը սերտորեն կապ ունեն տղաների ապագա մասնագիտությունների հետ․ նրանք ուզում են ուսումը շարունակել տնտեսագիտության ուղով։ Ջանք չեն խնայում, որ բարեհաջող հանձնեն քննություններն ու ընդունվեն Երևանում իրենց նախընտրած բուհը։ Ինտենսիվ սովորելուց զատ՝ կամավորական աշխատանքի հարուստ փորձ ունեն։
ՍՄԱՐԹ-ում նրանց նկարագրում եմ որպես քննադատական մտածողությամբ ու կազմակերպված «զիլ երկվորյակներ»։ Թեև Հայկին ու Հրաչին հեշտ չէ իրարից տարբերել, նրանք միասին առանց այդ էլ տարբերվում են։