Պատերազմի արժեքը՝ կյանք ու հոգի

Պատերազմում հիվանդանում է մարդու հոգին։ Հարազատ մարդու կորուստը կամ գիտակցումը, որ նա վտանգի մեջ է, հանպատրաստից տուն-տեղը լքելու ցավը, միջավայրի փոփոխությունը, անորորշությունն և վախն ազդում են մարդու հոգեբանության վրա։ Իսկ արկերի պայթյունն ու տագնապի ձայները դեռ երկար հնչում են պատերազմ ապրողի մտքում։

ՔՈԱՖ-ի հոգեբանական ծառայությունների ղեկավար Թամարա Հարությունյանն աշխատել է պատերազմից տուժած ընտանիքների հետ Հայաստանի գյուղերում և Արցախում։ Մեր հոգեբանները, իրենք էլ լինելով հոգեկան ծանր վիճակում, պատերազմի հենց առաջին օրվանից աջակցություն են ցուցաբերել տուժած ընտանիքներին։

Առաջին մասնագիտությամբ ինժեներ-կոնստրուկտոր Թամարան հետագայում ընտրեց հոգեբանությունը՝ մարդկանց օգնելով կուռ հուզական աշխարհ կառուցել։ Արդեն 15 տարի է՝ աշխատում է ՔՈԱՖ-ում ու ճանաչում է ՔՈԱՖ-ի շահառու գրեթե բոլոր այն ընտանիքներին, ովքեր այս պատերազմում հարազատ են կորցրել։

«Սարսափելի է․ երբեմն ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ կուզենայի անձամբ չճանաչել կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած այս զինվորներին։ Մենք իրենց համար այլ ապագա էինք երազում»,- ասում է խոր կսկիծով։

Ընդամենը 22 տարեկան էր, նոր էր սկսում հոգեբանի իր կարիերան, երբ 1992 թ․-ի Արցախի ազատամարտն էր։ «Պատմությունը կրկնվում է։ Ես աշխատում էի որդեկորույս մայրերի, զինվորների այրիների, Գետաշենից ինքնաբուխ ժամանած, հերոսաբար զոհված ազատամարտիկների երեխաների հետ»,- հիշում է Թամարան։ Ասում է, որ պատերազմներում ընտանիքների պատմությունները տարբեր են, բայց նաև զարմանալիորեն նման․ կորստյան ցավը նույնն է ամենուր։

Թամարա Հարությունյանը ՔՈԱՖ-ի հոգեբանական թիմի հետ միասին արդեն հանդիպել է Արցախից եկած ու ՔՈԱՖ-ի շահառու համայնքներում ապաստանած ավելի քան 30 ընտանիքների։ Նրանք իրենց կյանքը, միտքն ու սիրելիներին Արցախում են թողել։ «Հոգեբանի աշխատանքում ամենից շատ սիրում եմ մարդուն օգնելու կարողությունը, իսկ ամենադժվարն այն է, որ երբեմն լինում են պատմություններ, որոնք երկար ապրում են քո մեջ»:

Ճգնաժամային իրավիճակներում մարդիկ մոբիլիզացնում են իրենց բոլոր հոգեկան ռեսուրսները և ավելի ուժեղ են դառնում։ «Ամեն օր պիտի հարցնենք ինքներս մեզ, թե ինչ ենք անում ինքներս մեզ համար, ինչ ենք անում՝ պատերազմում հաղթելու համար։ Ու թեև վիշտն անտանելի է, մենք պետք է սովորենք ապրել պատերազմի պայմաններում։ Պետք է ապրենք ու ապրեցնենք։ Պետք է սովորենք ու մյուսներին էլ օգնենք նորից ժպտալ»։

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org