Սոցիալական աշխատանքի շնորհիվ լսելի դարձած ձայները

Լքված երեխային ծնողները հետ են վերցրել մանկատնից։

Հաշմանդամություն ունեցող երեխան վերջապես կարողանում է այցելել իր համայնքի դպրոց։

Գյուղացին իր աշխատավարձից 8 անգամ ավելի գումար է վաստակում։

Զույգի հարաբերությունների խնդիրները հարթվել են, ու նրանց ընտանիքը վերամիավորվել է։

Սրանք ՔՈԱՖ-ի սոցիալական աշխատողների բերած մի քանի օրինակ են միայն, որ ներկայացրին, երբ հարցրինք, թե ինչ դեր է խաղում սոցիալական աշխատողը ՔՈԱՖ-ի շահառուների կյանքում։

ՔՈԱՖ-ի սոցիալական աշխատողները մեր թիմի կարևոր մասնիկն են, օրնիբուն աշխատում են կարիքավոր շահառուների կյանքը բարելավելու ուղղությամբ։ Աղքատության, խտրականության, հաշմանդամության, բռնության կամ գործազրկության խնդիրները մեր մասնագետների ուշադրության կիզակետում են։

2006 թ․-ից ի վեր ՔՈԱՖ-ն աշխատում է խոցելի խմբերի երեխաների ու մեծահասակների հետ։ Այսօր մենք սոցիալական աշխատողի ծառայությունների մատուցման երկու մոդել ունենք․

  • ՍՄԱՐԹ մոդելը
  • Գյուղական ծրագրերի մոդելը

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը ոչ ֆորմալ կրթության միակ հաստատությունն է Հայաստանում, որ սոցիալական աշխատողի ծառայություններ է առաջարկում կենտրոն այցելող շահառուներին։ Իրենց անձնուրացության շնորհիվ մեր սոցաշխատողները բոլոր շահառուների հետ աշխատում են ինչպես նախքան կենտրոն գալը, այնպես էլ այդ ընթացքում։ Բացի այդ, մինչև ՍՄԱՐԹ-ի ծրագրերի մեկնարկը ուսանողները մասնակցում են ներածական շաբաթվան, որի ընթացքում ծանոթանում են մարդու իրավունքներին, մի թեմա, որ հանրակրթական դպրոցներում մակերեսորեն են շոշափում։

Գյուղական ծրագրերի դեպքում մեր սոցիալական աշխատողները սերտորեն համագործակցում են տեղական ինքնակառավարման մարմինների ու համայնքների ղեկավարների հետ՝ առանձնացնելու անապահով ընտանիքները ու պարզելու, թե ինչպես կարող են օգնել վերջիններիս։ Մոտեցումն անհատական է ու համակարգային, այսինքն՝ մենք փորձում ենք առանձնահատուկ լուծում տալ ամեն դեպքին՝ ներառելով նաև ընտանիքը, համայնքը, դպրոցը կամ այլ հաստատություններ։

ՔՈԱՖ-ի սոցիալական աշխատանքի համակարգող Նախշուն Աֆանեսյանը ոլորտում է արդեն 8 տարի։ Կարևորում է ամեն դեպքին անհատական մոտեցումը։ Ասում է, որ գյուղական համայնքներում ամենից շատ գերակշռում են ընտանեկան բռնության, սոցիալական խնդիրների ու երեխաների շահագործման դեպքերը։ «Մենք խրախուսում ենք մեր շահառուների անկախությունն ու ինքնուրույնությունը։ Մեր աշխատանքի ահռելի մաս միտված է գործազրկության հաղթահարմանը։ Խթանում ենք նախաձեռնողականությունը ու փորձում կոտրել բացասական կարծրատիպերը, որ իրապես խանգարում են կյանքում»։

Քանի որ ընտանեկան բռնությունը Հայաստանում լուրջ խնդիր է, մեր սոցիալական աշխատողները ջանք չեն խնայում այդ մասին իրազեկելու, տեղեկացնելու։ Մարդու իրավունքների մասին համայնքային միջոցառումներ, ֆլեշմոբեր ու թրեյնինգներ պարբերաբար են իրականացվում։

2019 թ․ մեր սոցիալական աշխատողները մարդու իրավունքների թեմայով ամառային դպրոց են անցկացրել՝ ներգրավելով Լոռու, Շիրակի և Արմավիրի մարզերը։ Մասնակիցները ծանոթացել են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, քննարկել են իրավունքներից մի քանիսն ու նոր բաներ պարզել մարդու իրավունքների ձևավորման համակարգի մասին։

Համայնքներում շատ ձայներ կան, որ լսելի չեն։ ՔՈԱՖ-ի սոցիալական աշխատողները այդ ձայները լսելի են դարձնում ու բարձրաձայնում խնդիրներ, որոնց մասին շատերը լռում են։

Վերջին հրապարակումները

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Ուղիղ չվերթով Քարակերտի կենտրոնից Դալարիկի դպրոց

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org