Առաջին բուժօգնության մրցույթ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ում

Oձի խայթոց, կոտրվածք, ուշաթափություն և… դերասանական հմտություններ: 14-ամյա Շանթ Եղիկյանը Դսեղից է, հետաքրքրվում է բժշկությամբ։ «Ուզում եմ ապագայում սրտաբան դառնալ, օգնել մարդկանց»,- ասում է Շանթը։ Անցյալ տարի Շանթը Հայաստանի մանուկներ հիմնադրամի /COAF/ Առողջ ապրելակերպի խմբակի անդամ դարձավ։ «Ես շատ արագ հասկացա, որ մենք հաճախ սխալ ձևով են առաջին բուժօգնություն ցույց տալիս»,- ասում է Շանթը։- «Օրինակ, նախկինում ես կարծում էի, որ օձի խայթոցի դեպքում պետք է թույնը բերանով դուրս քաշել… Սակայն խմբակի պարապմունքների ժամանակ իմացա, որ պետք է վնասված վերջույթն անշարժացնել ու շտապ բժշկի դիմել։ Նաև սովորեցի, թե այլ արտակարգ իրավիճակներում ինչպես է պետք վարվել»։

Օձի խայթոցին ճիշտ արձագանքելը միակ հմտությունը չէ, որ Հիմնադրամի շահառու գյուղերի երեխաները սովորում են Առողջ ապրելակերպի խմբակում։ Ծրագրի ընթացքում պատանիներն ուսումնասիրում են բերանի խոռոչի, տեսողության ու անձնական հիգիենա, սովորում, թե ինչ է առողջ սնունդը, ինչի կարող է հանգեցնել ծխախոտի օգտագործումը կամ ալկոհոլամոլությունը, ինչպես խուսափել սեռավարակներից, ծանոթանում առաջին բուժօգնության հիմունքներին։

Ինչպես նշում է Հիմնադրամի առողջապահական ենթածրագրի ղեկավար Լուսինե Սահակյանը, «մենք սովորեցնում ենք հմտություններ, որոնք յուրաքանչյուրի համար կենսական նշանակություն ունեն»։

Ամեն տարի ծրագիրն ավարտվում է մրցույթով, որի ընթացքում երեխաները ցուցադրում են իրենց պրակտիկ հմտությունները։ Այս ամառ մրցույթի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ նորաբաց ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում։ Մասնակցում էին Լոռու մարզի Դսեղ և Տավուշի մարզի Բերդավան համայնքների դպրոցները։

Եզրափակչից առաջ Բերդավանի թիմի դասընթացավար Իրինա Զուրաբյանը նշեց, որ առաջին բուժօգնություն հիմնական հմտություններին տիրապետելը խիստ կարևոր է յուրաքանրյուրի համար։ «Հույս ունենք, որ մեր երեխաները ցանկացած իրավիճակում կկարողանան խուճապի չմատնվել ու համապատասխան օգնություն ցույց տալ նախքան բժիշկների ժամանումը»,- ասաց նա։

Դսեղի  դպրոցի Առողջ ապրելակերպի խմբակավար և Լոռու դպրոցական առողջապահական կրթության համակարգող Գայանե Թումանյանն էլ գտնում է, որ երեխաները պետք է պատրաստ լինեն ցանկացած իրավիճակում կողմնորոշվել ու արագ արձագանքել։ «Եթե տիրապետում ես առաջին բուժօգնության հմտություններին, գուցե կարողանաս ինչ-որ մեկի կյանքը փրկել»,- ասաց Թումանյանը։

Մրցույթի ընթացքում դսեղցի ու բերդավանցի պատանիները ներկայացրին, թե ինչ է պետք անել կոտրվածքի, օձի խայթոցի, ուշաթափության, արնահոսող վերքի, մատի ամպուտացիայի, շնչուղիների լրիվ խցանման դեպքերում։ Հաղթեց Բերդավանի թիմը, որը նաև փորձում էր դերասանական հմտություններ ցուցաբերել իրավիճակները ներկայացնելիս։

Մրցույթից հետո 15-ամյա դսեղցի Նոննա Հովակիմյանը նշեց, որ նոր գիտելիքներ ձեռք բերելը հաղթելուց կարևոր է։ «Կարծում եմ, այժմ կկարողանամ մարդկանց օգնել մինչև բժիշկների գալը,- ասաց նա։- Դա, հաստատ, ավելի էական է, քան մրցույթում բարձր միավորներ հավաքելը»։

Վերջին հրապարակումները

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Ուղիղ չվերթով Քարակերտի կենտրոնից Դալարիկի դպրոց

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org