Երբևէ մտածե՞լ եք Ձեր երազանքների դպրոցն ինչպիսին կլիներ։ Ի՞նչ կուզեիք սովորել այնտեղ։ Ինչպիսի՞ն կլիներ միջավայրը։
Կրթությունը մարդու կյանքի որակը պայմանավորող համընդհանուր արժեք է, որ քաղցր պտուղներ կարող է տալ, երբ այն արժևորում ես։ Հաջողության բանալիները տարբեր կարող են լինել, բայց մի բան հստակ է․ դեպի լավ ապագա տանող ճանապարհն անցնում է կրթության խաչմերուկով։
ՔՈԱՖ-ի գործունեության առանցքային ճյուղերից մեկը կրթությունն է: Մեր կրթական ծրագրերին մասնակցել են Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզի հազարավոր երիտասարդներ։
Իսկ Ձեզ քաջ հայտնի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը կրթության զարգացման ուղղությամբ մեր ամենամեծ ներդրումն է, որի մասին մի քանի կարճ փաստ կնշենք՝
- ՔՈԱՖ-ը 5 միլիոն դոլար է ներդրել այս հաստատությունը Լոռու 27 գյուղական համայնքների երիտասարդներին հասանելի դարձնելու համար։ Այն մեր ամենախոշոր ներդրումն է 2004-ից ի վեր։
- Ավելի քան 2300 ուսանողներ են հաճախել ՍՄԱՐԹ կենտրոն։
- ՍՄԱՐԹ-ը բոլորի համար է՝ թե՛ երեխաների (երեք տարեկանից բարձր), թե՛ մեծերի։
- Այն ունի ժամանակակից դասասենյակներ, աշխատանքային բաց տարածք, տեխնիկապես հարուստ հանդիպումների սրահներ, Էկոլաբ՝ միջավայրային հետազոտությունների համար, սրճարան, 130 տեղանոց դահլիճ, ձայնագրման ստուդիա և գրավիչ տեսարան՝ շրջապատված անտառներով ու սարերով։
Սովորելու մեր տարբերակը
ՍՄԱՐԹ-ում տնային առաջադրանքներ ու գնահատականներ չկան։ Ուսանողները կենտրոն հաճախում են շաբաթը երկու անգամ, ու ամեն դասի տևողությունը մոտ մեկ ու կես ժամ է։ Բաից ծրագրերից, ուսանողները կարող են մասնակցել նաև ՍՄԱՐԹամեջ հանդիպումներին, ՍՄԱՐԹ այցերին ու դասընթացներին։
ՍՄԱՐԹ-ում կան 18 ծրագրեր, որոնք բաժանված են երեք ուղղությունների՝ ԳԼՈՒԽ (իմացական), ՍԻՐՏ (հուզական), ՁԵՌՔ (գործառնական)։ Ծրագրերի բազմազանության նպատակը անհատի բազմակողմանի զարգացումն է: Յուրաքանչյուր բաժին ներառում է վեց ծրագիր, որոնք հիմնված են ինչպես ավանդական, այնպես էլ նորարարական ուսուցման մոտեցումների վրա։
Շատ աշխատանք, քաղցր պտուղներ
ՍՄԱՐԹ քաղաքացի դառնալու համար անհրաժեշտ է ավարտել առնվազն երեք ծրագիր, որից հետո ուսանողներն ազատ են շարունակելու իրենց ՍՄԱՐԹ ուղին ու ընտրելու նոր ծրագրեր։
Ավարտելով 3 ՍՄԱՐԹ ծրագիր՝ ուսանողը դառնում է ՄՏԱԾՈՂ։
Մրցանակը՝ երաշխավորագիր և ծրագրային փիներ։
Ավարտելով 6 ՍՄԱՐԹ ծրագիր՝ ուսանողը դառնում է ՍՏԵՂԾՈՂ։
Մրցանակը՝ երաշխավորագիր և ծրագրային փիներ + ՍՄԱՐԹ հուդի (շապիկ):
Ավարտելով 9 ՍՄԱՐԹ ծրագիր՝ ուսանողը դառնում է ԳԻՏԱԿ / ԳԻՏՈՒՆԻԿ։
Մրցանակը՝ երաշխավորագիր և ծրագրային փիներ + ՍՄԱՐԹ այց։
Ավարտելով 12 ՍՄԱՐԹ ծրագիր՝ ուսանողը դառնում է ՀՐԱՇԱԳՈՐԾ։
Մրցանակը՝ երաշխավորագիր և ծրագրային փիներ + թվային նոթատետր։
Ավարտելով 15 ՍՄԱՐԹ ծրագիր՝ ուսանողը դառնում է ՏԱՂԱՆԴ։
Մրցանակը՝ երաշխավորագիր և ծրագրային փիներ + համալսարանի մեկ տարվա կրթաթոշակ։
Ավարտելով 18 ՍՄԱՐԹ ծրագիր՝ ուսանողը դառնում է ՀԱՆՃԱՐ։
Մրցանակը՝ երաշխավորագիր և ծրագրային փիներ + համալսարանի բակալավրի կրթաթոշակ (այո՛, ամբողջությամբ)։
Ֆինանսներից, կառավարումից, մեխանիկայից մինչև թվային նկարչություն, ագրոտեխնոլոգիա ու յոգա՝ ՍՄԱՐԹ-ի ծրագրերը բազմազան են ու հազվագյուտ մեկ կրթական հաստատության տանիքի տակ հասանելի լինելու առումով՝ առավել ևս, Հայաստանի գյուղական համայնքներում։
ՍՄԱՐԹ-ը ՔՈԱՖ-ի կատարված մեծ երազանքներից մեկն է, որ մյուսներին օգնում է մեծ երազանքներ ունենալ ևս։
Ուսանողներն այստեղ մուտք գործելով՝ դուրս են գալիս նոր նպատակներով ու կյանքի հանդեպ զարգացող հետաքրքրությամբ ու ծարավով։
*****
Աշխարհն արագ է փոփոխվում․ համայնքներում բնակվող երիտասարդներին այդ ընթացքի մասնիկը դարձնելու, նրանց շուկայում մրցունակ ու զարգացումներին տեղյակ դարձնելու համար անհրաժեշտ են արդի գիտելիքներ ու հմտություններ։
Հայաստանի գյուղերն ունեն մեծ ներուժ, բայց հաճախ՝ սահմանափակ ռեսուրսներ։ Կրթական և տեխնոլոգիական հնարավորությունների ստեղծումը լավագույն ներդրումն է, որ կարելի է անել՝ Հայաստանի գյուղական համայնքների այսօրն ու ապագան բարելավելու համար։ Նվիրաբերելով ՔՈԱՖ-ին՝ Ձեր ներդրման 100%-ը կուղղվի ՔՈԱՖ-ի ծրագրերին, մասնավորապես՝ այլ համայնքներում ՍՄԱՐԹ կենտրոնների ստեղծմանը։