Երևանից դուրս եկող ուղիղ ճանապարհը տանում է դեպի մի գյուղ, որտեղ ապրել նշանակում է ամեն օր արթնանալ, քայլել վարդագույն տուֆից պատրաստված տների արանքով, բարևել նարդի խաղացող պապիկներին ու տեսնել փողոցում վազվզող երեխաներին, որոնք սկսել են ավելի քիչ վազվզել, քան առաջ․ հեռախոսներ կան։
Արմավիրի ամենաշեն գյուղերից մեկի մասին լսե՞լ եք․ Շենիկն է։ Ինչպես մարզի շատ գյուղեր, այն ևս հարթավայրային է։ Բնության մեջ ապրողները հաճախ սարեր են փնտրում, որոնք չկան, քիչ հեռու են։
Այստեղ ապրել նաև նշանակում է սովոր չլինել ծորակից հոսող ջրին․ համայնքում խմելու ջուրը գնում են Թալինից ու խնայողաբար օգտագործում։ Ջուր չկա, փոխարենը կա ժպտացող ծիրան, ուշահաս քաղցր ձմերուկ, ցորեն, գարի․․․ Մի խոսքով, այստեղ ամեն բան լավ է աճում։ Իսկ միգուցե լավ աճեցնո՞ւմ են։
Ասում են՝ գյուղի նախկին անվանումը Խոտալյուր է եղել (գյուղում եղել է գործարան, որտեղ խոտից այլուր են պատրաստել): Գործարանը փակվեց, ու Խոտալյուրը դարձավ Շենիկ՝ ի պատիվ պատմական Սասունի Շենիկ գյուղի։ Ճիշտ այդպես՝ գյուղի բնակիչներից շատերը սերում են Սասունից, նաև Մուշից ու Ջավախքից։
Սասնա և Մշո արմատներ ունի մեր շրջանավարտ, համայնքին նվիրված Անուշ Մկրտչյանը, ով այժմ ԵՊՀ-ի ուսանող է։ Հեռավար կրթութան արդյունքում ժամանակի մեծ մասը գյուղում է անցկացնում ու լավ եղանակին առցանց դասերին միանում իրենց այգում իր ստեղծած փոքրիկ անկյունից․ «Գյուղից Երևանի կենտրոն դասի եմ գնում»․- կատակում է նա։ Մաքուր օդ, արև, բնություն․ մեկուսացման այս պայմանները քաղաքաբնակներին շքեղ են չէ՞ թվում։
Անուշը դեռ առաջին-երկրորդ դասարան էր, երբ ՔՈԱՖ-ի կողմից հիմնովին վերանորոգվեց գյուղի դպրոցը․ «Շատ լավ հիշում եմ՝ մինչև նորոգումը դպրոցի հատակը հողոտ էր, ու սպիտակ գուլպաներս տուն գալիս միշտ փոշոտված էին լինում։ Դպրոցի վերաբացումը մեծ իրադարձություն էր մեզ համար, քանի որ գյուղ նոր մարդիկ էին եկել»։
Փոփոխություններ լինելու համար այժմ Շենիկի Անուշը նոր մարդկանց գալուն չի սպասում։ Մշտապես կապի մեջ է համայնքի հետ ու անգամ ավագանու նիստերին է կամավոր մասնակցում, որ տեղյակ լինի գյուղի անցուդարձից։
Շենիկը գյուղ է, որտեղ արտագնա աշխատանքը ամենևին էլ միակը թվացող այլընտրանքը չէ։ Այստեղից չեն շտապում հեռանալ, քանի որ տեղում աշխատատեղ գտնելը խնդիր չէ։ Կան գյուղատնտեսության ոլորտի մի քանի խոշոր կազմակերպություններ, որտեղ հենց տեղացիներն են աշխատում։
Շենիկում կարգ ու կանոնը երևում է նաև համայնքում գոմերի դասավորվածությունից․ դրանք ճանապարհի մի կողմում են, որտեղով և կենդանիներն են տեղաշարժվում։
Տարիների ընթացքում Շենիկի զարգացման ամենավառ դրվագները մարդկանց մտքում են եղել՝ կաղապարներից ու կարծրատիպերից դուրս գալով։ Ֆուտբոլի կիսավեր դաշտում գյուղի աղջիկները հավաքվել, թիմ են կազմել ու խաղացել, անգամ հարակից գյուղի՝ Լեռնագոգի աղջիկներին մրցույթի հրավիրել։ Այստեղ ֆուտբոլն այլևս միայն տղաների խաղ չէ։
Շենիկը ՔՈԱՖ-ի առաջին շահառու գյուղերից է եղել։ Սերունդները, որոնք մասնակցել են զարգացման տարբեր ծրագրերի, սովորել են նոր լեզուներ, ուր էլ որ լինեն, իրենց ներուժն օգտագործում ու պահում են համայնքում։
Այն ամենը, ինչ կատարվում է Շենիկում, մնում է Շենիկում։