Գյուղական համայնքների զարգացում համաժողովը

Նոյեմբերի 9-10-ին Լոռու Դեբետ համայնքում գտնվող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը մարդաշատ էր․ գյուղական համայնքների զարգացման ոլորտում ծրագրեր իրականացնող տեղական ու միջազգային կազմակերպությունների, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների բազմաթիվ ներկայացուցիչներ, տեղական ու միջազգային փորձագետներ ու անհատ ձեռներեցներ հավաքվել էին մասնակցելու «Գյուղական համայնքների զարգացում» թեմայով երկօրյա համաժողովին, որը նվիրված էր համայնքային զարգացմանն առնչվող մի շարք թեմաների՝ կրթություն, առողջապահություն, սոցիալական հարցեր, ենթակառուցվածքներ ու տնտեսական զարգացում, միգրացիա։

Համաժողովը նախաձեռնել էր «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ)՝ համատեղ կազմակերպելով այն Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ու Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ, համագործակցելով նաև ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության ու Արմենիա Մարիոթ հյուրանոցի հետ։

Մասնակիցներին ողջունեց ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։ Ապա հետևեցին բացման խոսքերը․ ելույթ ունեցան համակազմակերպիչները՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոն և
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինը։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարազդատ Կարապետյանը, Zieschang consulting-ի ներկայացուցիչ Հելեն Զիշանգը և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի փորձագետ Մարթա Մարցիսն էլ ներածական խոսքով հանդես եկան։

Silicon Seeds-ի ներկայացուցիչ Խեսուս Լոզանոն, Zieschang consulting-ի ներկայացուցիչ Հելեն Զիշանգը, Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարել Հոֆստրան, ՔՈԱՖ-ի «Սոցիալական աշխատանք» ենթածրագրի համակարգող Նախշուն Աֆանեսյանն ու ՔՈԱՖ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Սերոբ Խաչատրյանը վարեցին տնտեսական զարգացմանը, միգրացիային, առողջապահության ու սոցիալական հարցերին, կրթությանն առնչվող զուգահեռ նիստերը։

Համաժողի առաջին օրվա ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան դիտելու Մարտիրոս Սարյանի ու Մինաս Ավետիսյանի գործերի վիրտուալ ցուցադրությունը, որը նորարարական տեխնոլոգիաների միջոցով արտացոլված էր ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի պատերին։

Համաժողովն ավարտվեց համայնքային զարգացման ծրագրերի մրցույթի մրցանակաբաշխությամբ։ Ամռանը հայտարարված մրցույթին մասնակցել էին ՔՈԱՖ-ի շահառու համայնքների 16-ից բարձր տարիքի անձանց խմբեր՝ ներկայացնելով համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերի նախագծեր։ Առաջին տեղում էր Դսեղի դպրոցի աշակերտների կողմից ներկայացված «Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ» նախագիծը, որով նախատեսվում է բացօթյա կինոթատրոնի հիմնում։ 2-րդ տեղում կրկին Դսեղի դպրոցի աշակերտների մեկ այլ խմբի կողմից ներկայացված «OakHut» նախագիծն էր, որով նախատեսվում է Դսեղ գյուղում զբոսաշրջիկների համար ստեղծել ժամանակավոր հանգրվան` փայտե տնակի տեսքով, գետնից 1․5 մետր բարձրության վրա։ Իսկ 3-րդ տեղում Ձորագյուղ համայնքի փողոցների լուսավորության ծրագիրն էր՝ ներկայացված Ձորագյուղի համայնքապետարանի կողմից։ Հաղթողներին կտրամադրվեն դրամական մրցանակներ՝ ծրագրերն իրականացնելու համար։

Գլխավոր մրցանակակիրներ Լուսինե Վանյանն ու Լենա Անտոնյանը նշեցին, որ ՔՈԱՖ-ի շնորհիվ բազմաթիվ հմտություններ ու գիտելիքներ են ստացել, և կցանկանային ինչ-որ կերպ իրենց ստացածը համայնքին վերադարձնել՝ գյուղում անվճար կինոթատրոն ստեղծելով։

Համաժողովի մասնակիցները խիստ ոգևորված էին գյուղական համայնքների ակտիվ պատանիների հետ հանդիպումից։ «Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկության հիմնադիր Արտուշ Խաչատրյանն էլ ձեռնարկատիրության ու գյուղական զարգացման վերաբերյալ խորհուրդներ տվեց երիտասարդներին։ Մասնակիցներից շատերը նշեցին, որ համաժողովը կարող է հետագա գործընկերությունների ու համագործակցությունների համար հիանալ հիմք դառնալ։

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org