Լեռների երկրի երկար ու նեղ տառերը

Մի պահ մտածե՛ք՝ ինչքա՞ն հաճախ եք գրում ձեռագիր նամակներ ու կատարում նշումներ․ արդյո՞ք թուղթն ու գրիչը նույնքան արդիական են Ձեր կյանքում, ինչպես առաջ․․․

Համաձայնվե՛ք, որ ակնթարթային հաղորդագրությունների ու ամենօրյա տասնյակ էլեկտրոնային նամակների մեջ ձեռագիր նշումն ու նամակը եզակի և յուրահատուկ է դառնում։ Էլեկտրոնային նամակներն այնքան շատ են, որ դրանք հատ-հատ նկատելը դժվար է, փոխարենը՝ ձեռագիր գրված երկտողը երբեք աննկատ չի մնա։

Փետրվարի 16-ին ՍՄԱՐԹամեջի հյուրը նկարիչ և գեղագիր Ռուբեն Մալայանն էր՝ մարդ, ով լավ գիտի տառի, բառի և ձեռագրի արժեքը, հատկապես երբ այն գեղեցիկ ձևով է գրված։ «Ձեռագիր երկտողը յուրահատուկ ու միակն է՝ գրված միայն քեզ համար»,- հաստատում է Ռուբենը՝ խորհուրդ տալով չմոռանալ հաղորդակցության ավանդական այս միջոցի ազդեցիկությունը։

Գեղագրությունը, կամ, ինչպես հայերը կոչել են նախկինում, վայելչագրությունը, գրի, գործիքների, բովանդակության և մշակութային ժառանգության ներդաշնակությունն է։ «Գեղեցիկ ձեռագիր ունենալը դեռևս գեղագրություն չէ։ Կա անմիջական կապ գրի ու պատկերի միջև»,- նշում է Ռուբենը։

Աշխարհի այբուբենները հաճախ արտացելում են երկրի աշխարհագրությունը։ Օրինակ՝ Հայաստանը լեռների երկիր է, ուստի տառերը երկար ու նեղ են, իսկ արաբական տառերը՝ լայն ու սփռված՝ նմանվելով ծովերին ու օվկիանոսներին, որոնք շրջապատում են արաբական երկրները։ Չինական տառերն էլ հաճախ ներառում են իմաստ հաղորդող պատկերային տարրեր․․․

Ցուցադրելով Վենետիկի Մխիթարյան միաբանության, Մետանադարանի և հայկական պատմամշակութային ձեռագրերի իր անձնական արխիվը՝ Ռուբենը նշեց, թե որքան կարևոր է մեր պատմությունն ու մշակույթն ուսումնասիրելը և այն ժամանակակից ոգով ներկայացնելը։ «Առանց մեր պատմությունն իմանալու ապագա չենք կարող ունենալ»,- ասում է նա։

Գեղագրության հազարամյակների պատմությունը մեզ ներկայացնելուց հետո Ռուբենը բոլորիս տարավ գեղագրության խորհրդավոր աշխարհ՝ իր վրձնով ցույց տալով այն, ինչի մասին պատմում էր։

Ռուբենի ձեռքով ամեն տառ ու բառ դառնում է արվեստի գործ՝ ստիպելով խորասուզվել գեղագրության մասնիկներում ու մտովի պատկերացնել դրանց դասավորվածությունը։

Տեխնիկան զարգանում է, և դա հրաշալի է, բայց եկեք չմոռանանք արվեստի հին ու բարի տեսակների մասին, որոնք ժամանակակից աշխարհում է՛լ ավելի յուրահատուկ են։

Վերջին հրապարակումները

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Ուղիղ չվերթով Քարակերտի կենտրոնից Դալարիկի դպրոց

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org