Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

«Պար, նկարչություն, ասեղնագործություն, դաշնամուր, «Արմաթ» խմբակ, անգլերեն»,- սա Օձունից 16-ամյա Ռիմա Ասրյանի հետաքրքրությունների ոչ ամբողջական ցանկն էր մինչև ՍՄԱՐԹ հաճախելը։

«ՍՄԱՐԹացիներիս համար կյանքը բաժանվում է «ՍՄԱՐԹ-ից առաջ»-ի և «հետո»-ի։ Երկու տարի համբերատար սպասել եմ, թե երբ վերջապես կընդգրկեն պարի ծրագրում, և հասցրել եմ կրթակարգի 10-ից ավելի ծրագիր ավարտել։ Պարից հետո լավագույն եռյակում անգլերենն ու չինարենն են»,- անկեղծանում է Ռիման, ով հունվարից նաև ՔՈԱՖ-ի անգլերենի «Աքսես» ծրագրի մասնակից է։

Մինչև ՍՄԱՐԹ հաճախելը Ռիման միայն հետևում էր, թե ինչպես են իր հասակակիցները տարբեր ծրագրերի մասնակցում, և մտքով անգամ չէր անցնում, որ մի օր էլ ինքը կհաջողի։

«ՍՄԱՐԹ-ում սովորեցի ավելի ազատ ու մեծ երազել։ Այստեղ ես հնարավորություն ստացա փորձելու այն, ինչ գյուղում ինձ հասանելի չէր։ Ես դադարեցի սահմանափակվել քչով»,- ասում է նա ու հավելում, որ կրթության մեջ իրեն առաջ են մղում «ագահությունը» (բառի դրական իմաստով) ու մրցակցության զգացումը։

Անցած տարի ՔՈԱՖ-ի ու «Վահե և Լյուսի» հիմադրամի կողմից կազմակերպված «Հայկականի արդիականացում» մրցույթում (պար անվանակարգում) հաղթելուց հետո Ռիմայի «երկրորդ շնչառությունն» է բացվել։

Հերիք է ոտքը դնի պուանտի մեջ, նա արդեն պատրաստ է ինքնամոռաց պարապել ու ստեղծագործել։

Ասեղնագործելու հմտությունը պետք եկավ պարի հերթական մրցույթի զգեստը ձևավորելու համար։

Ռիման ապրում է պարով ու բաց չի թողում ՄԱՐԹ-ում ոչ մի աշխատարան, որտեղ կարող է պարի մի տեխնիկա կամ շարժում ավել սովորել։

ՍՄԱՐԹ-ի հերթական աշխատարանի ժամանակ Ռիման փորձում է հին տեխնիկայով կարճամետրաժ անիմացիա ստեղծել։

Ըստ Ռիմայի, ՍՄԱՐԹ-ում իր կարևոր ձեռքբերումներից մեկը լսարանի առաջ անկաշկանդ ելույթ ունենալն է։

Էլ ի՞նչ շաբաթօրյակ Օձունում առանց Ռիմայի։

Մինչև ՍՄԱՐԹ-ը Ռիման բավարարվել է գյուղում առկա խմբակներով ու արվեստի դպրոցով։ Դաշնամուր նվագելը նրա հետաքրքրություններից մեկն էր։

Նոր գիտելիքի ու հմտությունների փնտրտուքները Ռիմային այս տարի հասցրին Օձունի Թումո Բոքս։ Այստեղ նա ֆիլմերի ստեղծում է ուսումնասիրում։

Ռիման հասկանում է, որ պարուհի դառնալու հնարավորությունը բաց է թողել (ուշ տարիքում է սկսել պարել), բայց համառորեն պարապում է ու չի պատրաստվում այն թողնել։ Առաջիկա նպատակը՝ այս տարի ևս ՔՈԱՖ-ի՝ «Վահե և Լյուսի» հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված «Մեկ դար, երկու լեգենդ» մրցույթում հաղթելն է։

Հեղինակ՝ Քնար Բաբայան

Վերջին հրապարակումները

2024 թվականը՝ հետահայաց

«Մեկ դար, երկու լեգենդ». Փարաջանովի ակնահաճո գույներն ու Ազնավուրի՝ ականջ շոյող երգերը ՍՄԱՐԹ-ում

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org