Ի՞նչ ընդհանրություն ունեն դպրոցի տնօրենը, կարի ֆաբրիկայի մեխանիկն ու քիմիայի մասնագետը։ Երեքն էլ ապրում են Լոռու մարզի Եղեգնուտ համայնքում, երեքն էլ ընդգրկված են ՔՈԱՖ-ի, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ու UNDP-ի կողմից իրականացվող տնամերձերի արդյունավետ տնտեսվարման ծրագրին։
«Կայուն եկամուտի ապահովում՝ տնամերձերի արդյունավետ տնտեսվարման միջոցով» ծրագիրն սկսվել է 2018թ․ սեպտեմբերին։ Դեբետցի, եղեգնուտցի ու ձորագյուղցի բազմաթիվ շահառուների հնարավորություն է տրվել մասնակցել արդյունավետ գյուղատնտեսությանը նպաստող դասընթացի։ 150 ընտանիք ստացել է ազնվամորու թփեր և ոռոգման համակարգեր։
Բացի այդ, ծրագրի շրջանակներում ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանում հիմնվել է հատապտուղների ուսումնացուցադրական այգի, որտեղ ներկա պահին մշակվում է ազնվամորու, մոշի, հաղարջի և հազազ բերբերիի ավելի քան 20 տեսակ։ Այգին կահավորված է կարկտապաշտպան, լարային, ինչպես նաև կաթիլային ոռոգման համակարգերով։
Վերջերս էլ ՔՈԱՖ-ը որոշում կայացրեց էլ ավելի հզորացնել այն տնտեսությունները, որոնք հատուկ հետաքրքրություն էին ցուցաբերել ազնվամորու ծրագրի նկատմամբ՝ լրացուցիչ թփեր տրամադրելով 55 ընտանիքի։
Եղեգնուտի դպրոցի տնօրեն Հովիկ Համբարձումյանը մի քանի օր առաջ է ստացել թփերը․ «Կնոջս հետ միասին ենք զբաղվում այս ծրագրով։ Սպասում ենք մյուս տարվա բերքին, որ փոքր-ինչ եկամուտ ստանանք»։
Մարուսյա Սարգսյանը Եղեգնուտի դպրոցում քիմիա է դասավանդում։ «Ես մշտական աշխատանք ունեմ, բայց մենք որոշեցինք ծրագրին մասնակցել, ու հույս ունենք, որ մյուս տարի լավ բերք ենք ունենալու»,- ժպտում է նա։- «Վերջիվերջո, գյուղում ենք բնակվում, սիրում ենք հողի հետ աշխատել»։
Գեղամ Առաքելյանն էլ երկար տարիներ կարի ֆաբրիկայում աշխատել է որպես մեխանիկ․ «Հիմա էլ հողագործությամբ ու անասնապահությամբ եմ զբաղվում։ Ինձ ծրագիրը դուր է գալիս․․․ Պետք ա որ մյուս տարի լավ բերք բռնի։ Կվաճառենք, եկամուտ կունենանք․․․ Ասում են, չէ՞, ով աշխատի, նա կուտի․․․ Մի խոսքով, շատ շնորհակալ ենք ՔՈԱՖ-ին այս ծրագրի համար»։
«Գյուղական տնտեսությունների հզորացումը, ընտանիքներին գյուղատնտեսական դասընթացներով ապահովելը մեծապես կնպաստի համայնքների զարգացմանը»,- նշում է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ղեկավար Քրիստ Մարուքյանը։- «Եւ ծրագիրն արդեն տվել է իր առաջին արդյունքները»։