Մեծը զբաղվում է շյուղագործությամբ ու երազում ծրագրավորող-քիմիկոս դառնալ, իսկ կրտսերը հելունագործությամբ է զբաղվում ու երազում նկարչուհի-դերձակ դառնալու մասին: Պողոսյան քույրերին միավորում է թենիսը, հարավկորեական ժամանակակից երաժշտության նկատմամբ սերն ու ճարտարագիտությունը:
Երբ երկու տարի առաջ ՔՈԱՖ-ի ճարտարագիտության ու բասկետբոլի ծրագրերը մեկնարկեցին Արմավիրի մարզի Շենիկ համայնքում, 12-ամյա Անահիտ Պողոսյանը շտապեց գրանցվել բասկետբոլի ծրագրին:
«Բասկետբոլի խումբը շատ արագ հավաքվեց, ու ես չհասցրի գրանցվել: Այդպես ես հայտնվեցի ճարտարագիտության ծրագրում»,- պատմում է Անահիտը, ով այնքան սիրեց ճարտարագիտությունը, որ կարճ ժամանակ հետո փոքր քրոջը` 9-ամյա Նունեին ևս «բերեց» ճարտարագիտության:
Անահիտն առաձնահատուկ հպարտությամբ է ասում, որ չնայած Նունեն փոքր է տարիքով, բայց ճարտարագիտությունից լավ գլուխ է հանում: