Նա հմտորեն կտրտում է աղցանի բանջարեղենն ու այն մի կողմ դնում, հետո անցնում է դդմիկով կոտլետ պատրաստելուն: Ծաղկակաղամբով տապական վաղուց արդեն պատրաստ է:
Պրոֆեսիոնալ երաժիշտ, մանկավարժ, մի քիչ ծրագրավորող, ձայնային ձևավորող, սիրողական մակարդակի խոհարար ու համակարգչային ‘’World of tanks’’ խաղերի մեծ երկրպագու՝ ծանոթացեք ՍՄԱՐԹ-ի երաժշտական գործիքների ու ձայնային ձեւավորման ծրագրավար Դավիթ Գալստյանի հետ:
Նվագել, ինչպես և խոհանոցում փորձարկումներ անել, նա սկսել է դպրոցական տարիքից:
2005թ. ի վեր Վանաձորի «Որդան կարմիր» ռոք խմբի բաս կիթառահարն է:
«Շատ եմ սիրում նվագել ու մանկավարժություն: ՍՄԱՐԹ-ում էդ երկուսը համատեղում եմ»,-ասում է Դավիթը:
Դավիթը նվագել սկսել է 14 տարեկանից: Ասում է` երաժշտական կրթություն չունի, ինքնուս է:
Դավիթը դդմիկով կոտլետ է պատրաստում: Չնայած նա մսակեր է, բայց ամռանը նախընտրում է բանջարեղեն ուտել:
Ընկերներից ով սոված է լինում, առանց վարանելու Դավիթին հյուր է գալիս: Նրանք արդեն գիտեն, որ Դավիթը միշտ համով մի բան կհյուրասիրի:
Դավիթն ամառային աղցան է պատրաստում: Նա վաղուց մենակ է ապրում ու ինքնուրույն է կազմակերպում իր կենցաղը: Վանաձորում նա այն հատուկենտ երիտասարդներց է, որ ծնողներից առանձին է ապրում:
Համավարակի պատճառով Դավիթն այս օրերին հիմնականում տանն է ստեղծագործում:
Նվագելուց բացի Դավիթը սիրում է նաև ձայնային ձեւավորմամբ զբաղվել:
Կիթառ, բաս կիթառ, ստեղնաշարային ու հարվածային գործիքներ՝ սրանք երաժշտական գործիքների ոչ լրիվ ցանկն է, որ Դավիթը տիրապետում է: Հերթում ուդն ու ֆլեյտան են: