Եթե Թումանյան քաղաքից 17-ամյա Ասատուրին խնդրեք նկարագրել իր կյանքը երկու բառով, նրա դեպքում դա կլինի երեքը՝ ռուբիկ-կուբիկ, կինո ու վիդեոմոնտաժ։
Բայց սրանով չեն սահմանափակվում նրա հետաքրքրությունները։ Այս ընթացքում նա հաջողացրել է ՍՄԱՐԹ-ի 6 ծրագիր (ծրագրավորում, անգլերեն, կատարողական արվեստ, ֆինանսներ, թվային նկարչություն և մեխանիկա) ավարտել։ Ափսոսում է միայն, որ այլևս չի հասցնի ձայնային ձևավորման ծրագրին էլ մասնակցել։
Ասատուրը FLEX ծրագրի (ապագա առաջնորդների փոխանակման ծրագիր) այս տարվա հաղթողներից է ու գալիք ուսումնական տարին անցկացնելու է ԱՄՆ-ում։
Ռուբիկ-կուբիկի նկատմամբ սերն ու հետաքրքրությունն սկսվել է 10 տարեկանից, երբ մայրիկը նրան նվիրեց առաջին ռուբիկ խորանարդը։ Այսօր նա հայտնի խորանարդների սեփական հավաքածու ունի։
«Ափսոսում եմ, որ Հայաստանում Speedcubing-ը այդքան էլ զարգացած չէ, իսկ իմ հավաքածուի համար ամեն մի նոր նմուշ ես ստիպված եմ լինում դրսից պատվիրել»,- ասում է նա։