Եկեք ամառը սկսենք դրական նոտայով ու տեսնենք, թե ինչ ձեռքբերումներով էր լի մայիսը Հայաստանի մանուկների համար։
ՔՈԱՖ-ի սիրելի՛ ընկերներ,
Շնորհավոր հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ 2004 թվականից ի վեր ՔՈԱՖ-ի յուրաքանչյուր օրը հենց մանուկների պաշտպանության մասին է։ Մեր գործունեությամբ մենք փորձում ենք պաշտպանել նրանց կրթության, առողջության իրավունքները և ապահովել այնպիսի բարենպաստ միջավայր, որը թույլ կտա նրանց ինքնաարտահայտվել: Այն մասին, թե ինչպես ենք մենք շարունակում ձգտել ՔՈԱՖ-ի տեսլականին, և թե որքան կարևոր են ձեր նվիրատվությունները այդ գործում՝ պատմում ենք հաջորդիվ։
ՔՈԱՖ-ի ամառային դրամահավաք-երեկոն Նյու Յորքում
Ուրախ ենք հրավիրել ձեզ մեր 14-րդ ամենամյա ամառային դրամահավաք արշավին, որը տեղի կունենա հունիսի 25-ին Նյու Յորքի Dream Hotel Downtown-ում։ Երեկոն, որ հագեցած կլինի համեղ կոկտեյլներով ու պարերով, հնարավորություն կտա աջակցել Հայաստանի գյուղաբնակ երեխաների համար տեխնոլոգիական կրթության ապահովմանը։ Ինչպես գուշակեցիք, այս տարի դրամահավաքը նվիրված է արհեստական բանականության (ԱԲ) փոխակերպող ազդեցությանը: Ներդնելով ԱԲ լաբորատորիաներ և ծրագրեր Հայաստանի գյուղական համայնքներում՝ մենք կարող ենք էականորեն նպաստել մեր երկրի տեխնոլոգիական ներուժի իրացմանն ու թվային դարաշրջանին համապատասխանող հասարակության ձևավորմանը:
Նշեք ամսաթիվն օրացույցում՝ հունիսի 25
Միացեք այս կարևոր իրադարձությանը՝ ամրագրելով ձեր տեղը հիմա։
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-Ը ՎԵՑ ՏԱՐԵԿԱՆ Է
Մայիսի 27-ին մենք նշեցինք Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի վեցերորդ տարեդարձը։ Այս տարիների ընթացքում մեր բազմաշերտ ծրագրերը փոխակերպել են Դեբետի և հարակից համայնքների ավելի քան 3,000 երեխայի ու նրանց ընտանիքների կյանքը։ Մինչև 2026 թվականը մենք կմեծացնենք այս ազդեցությունը՝ հիմնելով ևս երեք ՍՄԱՐԹ կենտրոն Արմավիր, Գորիս և Կապան քաղաքներում։ Շնորհակալ ենք մեր նվիրված թիմին, ծրագրավարներին, ուսանողներին, գործընկերների ու աջակիցներին՝ մեզ վստահելու և ոգեշնչելու համար։
ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐԸ ԼՈՌՈՒ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Այո, այո, այս տարի «Եվրոպայի օր» տոնակատարությունները մեկնարկեցին Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնից: Ուրախ էինք մեր հարկի տակ հյուրընկալել թեմատիկ բազմաշերտ միջոցառումները և մի շարք կարևոր հյուրերի, այդ թվում՝ ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին և Լոռու մարզպետ Արամ Ղազարյանին։ Սա մեզ համար ևս մեկ նշանակալից օր էր, որի ընթացքում մենք հնարավորություն ունեցանք հայտնելու մեր երախտագիտությունը ԵՄ աջակցության համար։
ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՎԱՀԷ ԵՎ ԼՅՈՒՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՈՒ ՔՈԱՖԻ ԱՇԽԱՏԱՐԱՆՆԵՐԸ
Ուրախ ենք հայտնել, որ ՔՈԱՖ-ն ու «Վահէ և Լյուսի» հիմնադրամը երկրորդ տարին անընդմեջ իրականացնում են արվեստի տարբեր ճյուղերի թեմատիկայով աշխատարաններ Հայաստանի ու արտերկրի նշանավոր արվեստագետների մասնակցությամբ։ Մեկ հպում և դուք կիմանաք, թե ինչ հմտություններ է փոխանցում այս հագեցած ծրագիրը մեր տաղանդավոր ՍՄԱՐԹացիներին։
ՔՈԱՖ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ
ՔՈԱՖ-ի կրթաթոշակների և կարիերայի զարգացման ծրագիրն ավելին է, քան պարզապես ֆինանսական աջակցություն։ Նախորդ ամիս, բանավեճի ակումբում շարունակվող թեժ հանդիպումներին և մեր «ՔՈԱՖ շրջանավարտ» բրենդի գործարկմանը զուգահեռ, մենք հյուրընկալեցինք «Հալեպ» ընկերության հիմնադիր Ալին Մասրլիանին, որը փորձի փոխանակման շրջանակում մասնակիցների հետ կիսվեց իր անցած ուղով, արժեքավոր գործնական խորհուրդներով ու ոգեշնչող խոսքերով։
ՔՈԱՖ ԿՈՆՑԵՊՏ
Հայաստանի հյուսիսում գտնվող մեր բուտիկ հյուրանոցը զբոսաշրջային սեզոնը սկսում է հրաշալի նորություններով՝ հետաքրքիր իրադարձություններ, հյուրեր աշխարհի տարբեր անկյուններից և, ուշադրություն, նոր, կատարելագործված կայքի գործարկում։ Շտապեք բացահայտել մեր հյուրանոցի, ռեստորանի և համագումարների կենտրոնի հարմարավետությունն ու ամրագրեք ձեր տպավորիչ հանգիստը Լոռիում այսօր։ Հիշեցնենք, որ ՔՈԱՖ Կոնցեպտից ստացված ողջ հասույթն ուղղվում է Լոռու ՍՄԱՐԹ կենտրոնի կրթական ծրագրերի իրագործմանը:
ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
Անցյալ շաբաթ ՔՈԱՖ Այցելուների կենտրոնը մասնակցեց «Հայաստան. թաքնված ուղի» պանելային քննարկմանը, որի ընթացքում կենտրոնի բիզնեսի և գործառնությունների համակարգող Լիլիթ Ամիրաղայանը, Հայաստանի զբոսաշրջության ոլորտի առաջատարների հետ միասին, քննարկեց տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման համատեղ մոտեցումները: Այցելեք մեր կայք՝ բացահայտելու փաթեթներն ու փորձառությունները, որոնք առաջարկում է մեր Այցելուների կենտրոնը Լոռիում:
ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐ H.O.P.E. (ՀՈՒՅՍ) ՆԱԽԱԳԾԻՑ
Գիտե՞ք արդյոք, որ ինտերակտիվ թատրոնը, դերախաղը և կատարողական արվեստը կարող են օգնել երեխաներին ամրապնդել սոցիալական համախմբվածությունը։ Ստորև ներկայացված հղումով կարող եք ծանոթանալ այն մոտեցումներին, որոնցով մենք աջակցում ենք Արցախից Հայաստանի տարբեր գյուղական համայնքներ տեղափոխված փոքրիներին: