Ֆինանսների ծրագրավար Նելլի Կոբելյանը խոստովանում է, որ մինչև ՍՄԱՐԹ-ում հայտնվելը երբեք չի մտածել կրթության ոլորտում աշխատելու մասին։ Սկզբում, ինչպես ինքն է ասում, վստահություն ներշնչող միակ բանը սերն էր երեխաների ու մասնագիտության հանդեպ։
«ՍՄԱՐԹ-ում առաջին իսկ օրը զգացողություն ունեի, որ ես վաղուց եմ այս երեխաներին ճանաչում ու դասավանդում»,- վերհիշում է Նելլին։
Ծրագրավարն այսօր վայելում է ուսանողների հետ շփումն ու ոգևորվում միայն այն մտքից, որ ամեն օր հնարավորություն ունի ոգեշնչելու իր ուսանողներին՝ նպատակներ դնելու և դրանց հասնելու գործում։
«Ես պարզապես օգնում եմ նպատակները հստակ ձևակերպել, ժամանակը կառավարել ու հաջողակ ուղիներ կազմել»,- ասում է Նելլին, ով համոզված է, որ ՍՄԱՐԹ-ի յուրաքանչյուր ծրագիր նպաստում է ուսանողների ինքնագնահատականի բարձրացմանը, աշխարհայացքի ընդլայնմանն ու մասնագիտական կողմնորոշմանը։
Ուսանողներին մոտիվացնելու համար Նելլին մեկ տարի առաջ քաղցր բամբակի փոքր արտադրություն է հիմնել։
«Երբեմն ուսանողներս կասկածով են մոտենում իմ այն պնդումներին, որ հնարավոր է բիզնես սկսել՝ փոքր գումար ներդնելով։ Որոշեցի ինքս ինձ մարտահրավեր նետել ու սեփական օրինակով ցույց տալ նրանց, որ հնարավոր է»,- ասում է Նելլին։
Նելլին ուսանողների հետ ամառային ծրագրի շրջանակում ավարտական նախագծի վրա է աշխատում։
Ֆինանսներ ծրագրի «պատճառով» երեխաներն իրենց գրպանի փողը չեն ծախսում բուֆետի ուտելիքի կամ չիպսերի վրա։ Նրանք արդեն գիտեն` ինչ է խնայողությունը, և ամեն ինչ անում են վաղ հասակից սեփական խնայողություններ ունենալու ուղղությամբ։
Ցանկացած ծրագիր հեշտ ու հավեսով ընկալելու լավագույն եղանակներից մեկը այն խաղի վերածելն է։ ՍՄԱՐԹ-ում ֆինանսների մասին սեղանի խաղերի պակաս չկա։ Դրանք հիմնականում ուսանողների կողմից են ստեղծվում։
Նելլին սիրում է տարբեր բիզնես գաղափարներով կիսվել գործընկերների հետ՝ նրանց ոգեշնչելով նոր գաղափարներ գեներացնել ու իրագործել։
Տասնյակ անքուն գիշերներ քաղցր բամբակ պատրաստելուց հետո միայն Նելլիին հաջողվեց սեփական տեխնոլոգիան ստանալ։
Նելլին հաճախ է քաղցր բամբակի պատրաստման վարպետաց դասեր անցկացնում երեխաների համար։
Նելլին երեխաներին քաղցր բամբակից տարբեր ֆիգուրներ ստանալ է սովորեցնում։
Հեղինակ՝ Քնար Բաբայան