Լվացվենք, չիփս չուտենք ու հաճախենք ՍՄԱՐԹ

«Ես այստեղ լվացվել չէի ուզում, վախենում էի․․․ Բայց Նարինեն ինձ օգնել է, ես այլևս չեմ վախենում»,- ասում է 4-ամյա դսեղցի աղջնակը։

Այդ փոքրիկը ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի մանկան զարգացման անկյուն հաճախող հարյուրավոր երեխաներից է։ Նարինե Մովսիսյանն էլ մանկան զարգացման անկյան պատասխանատուն է։ Այստեղ երեխաները զարգանում են, սովորում են արտահայտվել ու լիցքաթափվել։ Պարապմունքներն օգնում են, որ  նրանք պատրաստ լինեն դպրոցական կյանքին, անցավ բաժանվեն ծնողներից։

«Մեր անկյունում երեխաները խաղում են, երգում, պարում, նկարում։ Արվեստի թերապիայի տեխնիկաներ ենք օգտագործում,- ասում է Նարինեն։- Ընդ որում՝ երեխաներն իրենց ստացած գիտելիքներն ու հմտությունները փոխանցում են ծնողներին ու հաճախ արձագանքներ ենք ստանում։ Մայրիկներն ասում են․ «Գիտե՞ք՝ իմ երեխան այստեղ սովորել է շնորհակալություն հայտնել»։

Նարինե Մովսիսյանը «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) հետ սկսել է համագործակցել 2016 թ․։ Նա նշում է, որ տասը տարվա աշխատանքային փորձ ունի ու պատմում է իր անցած ուղու, գյուղական միջավայրում աշխատելու մասին․ «Նախկինում ես մտածում էի, որ գյուղական համայնքներում ապրող երեխաներն ամաչկոտ են։ Սակայն հենց սկսեցի ՔՈԱՖ-ի հետ աշխատել, հասկացա, որ նրանք շատ բաց են ու շփվող։ Քաղաքային երեխաներից ամենևին չեն տարբերվում, պարզապես ավելի քիչ հնարավորություններ, զբաղմունք ունեն։ Օրինակ՝ շատ աղջիկներ կցանկանային ժամանակակից պարեր սովորել, սակայն համայնքային դպրոցներում միայն ազգագրական պարի խմբակներ կան․․․ Գյուղի երեխաներն ինձ համար մի ողջ աշխարհ բացեցին։ Չէի էլ պատերացնում, որ մեր գյուղերում այդքան ռեսուրսներ կան։ Երբ շահառու գյուղերի բնակիչները զգացին, որ ես պատրաստ եմ իրենց օգնել, սկսեցին ինձ ավելի ու ավելի վստահել։ Երբեմն երիտասարդ մայրիկներն ինձ տեսնում էին տեղի խանութում ու ժպտում․ «Դուք մեր հոգեբանն եք, չէ՞»։

Սակայն միշտ չի այդպես եղել։ Հաճախ մարդիկ չեն էլ իմանում, թե հոգեբանն ինչով է զբաղվում։ Սակայն ես պարբերաբար զրուցում էի համայնքների բնակիչների հետ, ու շուտով մեր միջև կամուրջներ ստեղծվեցին»։

Ապա Նարինեն պատմում է մի երեխայի մասին, որն անվասայլակով է տեղաշարժվում։ «Երբ նրա հետ աշխատում էի, սկսեցի պարային թերապիայի տարրեր օգտագործել։ Դժվար էր, բայց ժամանակի ընթացքում նա սովորեց ձեռքերով պարել․․․ Ու այնքա՜ն նազանքով էր պարում․․․»

Արևածագ համայնքում էլ Նարինեն պարային ներկայացում է բեմադրել, կոչվում էր «Միասին կարող ենք վերջ տալ բռնությանը»․ «Երեխաները սովորում էին պարային շարժումների միջոցով խոսել բռնության ու նրա անթույլատրելիության մասին․ դա թերապևտիկ նշանակություն ուներ»։

Սակայն ոչ մի գործ այդքան ոգևորիչ չի եղել Նարինեի համար, որքան ներկայիս աշխատանքը․  «ՔՈԱՖ-ն ինձ կարծես գրկեց, պարուրեց ու թույլ տվեց, որ նոր ձևով աշխատեմ, նոր մեթոդներ կիրառեմ։ ՔՈԱՖ-ը միշտ նպաստում է աշխատակիցների մասնագիտական ու անձնական աճին․․․ Աշխատանքային առաջին օրվանից ինձ ամեն ինչում աջակցել են, նյութեր են տրամադրել։ ՔՈԱՖ-ում մարդն ազատ է․․․ Իհարկե, լավ մշակված աշխատանքային պլան ունեմ, բայց այն ճկուն է, կարող է փոփոխվել՝ շահառուների կարիքներից ելնելով։ Օրինակ՝ եղել են դեպքեր, երբ անհրաժեշտ է եղել հղի կանաց հետ աշխատել։ Խմբային աշխատանք էր, բայց անհրաժեշտության դեպքում անհատական աշխատանք էլ էինք իրականացնում»։

Նարինեն պնդում է, որ ՔՈԱՖ-ի ներկայությունը խիստ կարևոր է գյուղական վայրերում։ «Այժմ, երբ այցելում ես որևէ շահառու համայնք, տեսնում ես, որ երեխաներն ավելի շատ զբաղմունքներ ունեն, քան քաղաքային շրջաններում․․․ Ես սիրում եմ ՔՈԱՖ-ի հետ աշխատել։ Ինձ դուր են գալիս գյուղը, բնությունը, գյուղի մարդիկ, այս հրաշալի շենքը։ Ես զգում եմ, որ ՔՈԱՖ-ն անվերջ նպաստում է իմ մասնագիտական ու անձնական աճին․․․ ՔՈԱՖ-ն ինձ ամեն օր ոգեշնչում է»։

Narine-Movsisyan-1-1024x681-1.jpg (1024×681)

Շրջակա համայնքների երեխաներն էլ են սիրում ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի հիանալի միջավայրը։ «Այստեղ ես սովորել եմ, թե ինչ է առողջ սնունդը։ Փաստորեն, այսքան ժամանակ իզուր էի չիպս ուտում․․․»,- ծիծաղում է մի չարաճճի նախադպրոցական։

Ծնողները նույնպես գոհ են Մանկան զարգացման անկյան պարապմունքներից։ «Վեցամյա որդիս օրերն է հաշվում, չի համբերում, իր հաջորդ այցելությանն է սպասում,- ասում է ձորագյուղցի մի մայրիկ։- Վերջերս հյուր պիտի գնայինք, որդիս բողոքեց։ Ասում է․ «Ես չեմ կարող ձեզ հետ գալ, վաղը ՍՄԱՐԹ-ի օրն է․․․»

Եվ մեկ տարի է, ինչ Լոռվա 6 համայնքների 140 փոքրիկներ այցելում են Մանկան զարգացման անկյուն ու վայելում «ՍՄԱՐԹ-ի օրերը»․․․

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org