Կոտրելով կարծրատիպերը․ աղջիկները կարող են

«Դու աղջիկ ես, չես կարող դա անել»,- արտահայտությունը Նարեն լսել է չափազանց հաճախ ու հակառակն ապացուցել։

Նարե Գալստյանն է՝ ՔՈԱՖ-ի շրջանավարտն ու Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի երկրորդ կուրսեցի։ Մեծ ֆուտբոլասեր է ու Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղից է՝ Հայաստանի ամենամաքուր համայնքներից մեկը։ Նարեն ակտիվ պատանի էր, անհնարինն էր անում՝ հնարավորինս շատ ծրագրերում ընդգրկվելու։

Երբեք չի համաձայնել կարծրատիպերի ու կնոջ դերի մասին շրջապատի նեղմիտ մոտեցումներին, որոնք քիչ չեն։ Մարդու իրավունքներով է տարված, կարծրատիպերը կոտրելու և ուրիշների կյանքի վրա դրականորեն ազդելու իր ներքին բնազդը դարձել է Նարեի բնավորությունը։

6 տարեկան էր, երբ ՔՈԱՖ-ն սկսեց աշխատել Լեռնագոգի իր դպրոցում։ «ՔՈԱՖ-ի շնորհիվ իմ մոտեցումները կյանքի բազում երևույթների հանդեպ փոխվել են։ Կարողացա իրերին տարբեր տեսանկյուններից նայել, բնական է, դարձա ավելի լայնախոհ ու հանդուրժող»,- խոստովանում է նա։ Սրտի խորքում միշտ էլ երազել է դերասանուհի դառնալ․ այդ միտքը փայփայել է ՔՈԱՖ-ի «Իմ թատրոն»-ին մասնակցելուց ու ընկերների հետ մի քանի դերեր խաղալուց հետո։

Անգլերենի իմացությունը փոխեց ՔՈԱՖ-ի շրջանավարտներից շատերի, այդ թվում՝ Նարեի կյանքը։ ՔՈԱՖ-ի և ԱՄՆ դեսպանատան համագործակցությամբ իրագործվող անգլերենի ուսուցման «Աքսես» ծրագրի շնորհիվ նա ընտրվել էր ՖԼԵՔՍ փոխանակման ծրագրի մասնակից։ Գրեթե մեկ տարի անցկացրել է ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգում, որը բնութագրում են որպես ցուրտ եղանակի ու ջերմ սրտերի նահանգ։ Այստեղ բացահայտել է նոր սպորտաձևեր՝ գնդի հրում և սկավառակի նետում, ժայռեր է մագլցել, առաջին անգամ տեսել է ընձուղտ՝ իր ամենասիրելի կենդանուն, ու համտեսել է աշխարհի ամենահամեղ տակոն և լազանյան։

Նարեն միշտ էլ հետաքրքրվել է մարդու իրավունքներով ու կոնֆլիկտների լուծմամբ։ Մի անգամ Կիևում (Ուկրաինա) մասնակցում էր աշխատաժողովի։ Մասնակիցները 5 երկրից էին, այդ թվում՝ Ադրբեջանից։ Առաջին անգամ, երբ հանդիպեց ադրբեջանցի աղջկան, մտածեց, որ ճիշտ իր նման է՝ մուգ, գանգուր մազերով ու շագանակագույն աչքերով։ Աշխատաժողովի ընթացքում շատերն էին հարցնում՝ արդյոք զույգ քույրեր են։ «Հենց այստեղ հասկացա, թե որքան նման են մեր ազգերը, բայց և որքան տարբեր ու հեռու միմյանցից»։

Աշխատաժողովի ավարտին Նարեն մի նամակ է գրում Ադրբեջանի մասնակցին՝ պատմելով, թե որքան կուզեր՝ երկու երկրների բնակիչների միջև խաղաղություն լինի։ Նույնպիսի արձագանք էլ ստանում է հասցեատիրոջից։ «Բոլորն այդ նամակից էին խոսում, բայց ինձ համար դա պարզապես երկու մարդու մարդ լինելու ապացույց էր։ Երբ մեկնում էինք, ես արտասվում էի, քանի որ գիտեի, որ գուցե երբևէ այլևս չհանդիպենք, որովհետև մեր միջև «կոնֆլիկտ» կա»։

Դրանից հետո Նարեն որոշեց մասնակցել հակամարտությունների լուծման և խաղաղաշինության ծրագրերի, սեփական համայնքում առաջնորդ դառնալ, սովորեցնել ու խրախուսել մարդկանց ավելի հանդուրժող ու մարդասեր լինել։ «Ուզում եմ իմ լուման ունենալ՝ ձևավորելու այն միջավայրը, որտեղ մարդիկ իրենց ապահով կզգան ու հանգիստ կարծիք կարտահայտեն»,- բացատրում է Նարեն, ով նաև ամեն օր պայքարում է իր ու այլ կանանց իրավունքների համար։

Իր համալսարանի ուսանողներից շատերն աղջիկ են։ Տեսնելով, թե որքան են իրենք իրենց սահմանափակում այլոց կարծիքների բեռի տակ, Նարեն օգտագործում է ամեն հնարավորություն՝ խոսելու հավասար հնարավորությունների ու կանանց ուժի մասին։

Դրա մասին բարձրաձայնելը կարող է որևէ մեկի միտքը փոխել։ Միտքը փոխելն էլ կարող է կյանք փոխել։

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org