Դեռևս 2020 թվականի պատերազմից հետո ՔՈԱՖ-ը ձեռնարկեց հրատապ ծրագրերի շարք՝ ի աջակցություն դժվարին իրավիճակում հայտնված արցախցիների։ Մեր շահառու համայնքներում նրանց տրամադրվեցին ժամանակավոր կացության հնարավորություններ, հոգեբանի, լոգոպեդի, սոցիալական աշխատողի ծառայություններ, ինչպես նաև կրթական ռեսուրսներ ու առաջնային բուժօգնություն։ Որպես երկարաժամկետ աջակցություն՝ 13 ընտանիքի, այդ թվում՝ 59 երեխայի, տրամադրվեցին մշտական տներ Դսեղում և Դեբետում։
Արցախում տեղի ունեցած վերջին ցավալի իրադարձությունները՝ 100,000 հայի, այդ թվում՝ 30,000 երեխայի բռնի տեղահանումը, հանգեցրել են հումանիտար ճգնաժամի։ Մարդկային այս ողբերգությունը պահանջում է հավաքական գործողություններ:
Շարունակելով մեր ջանքերը և հաշվի առնելով ներկա հումանիտար ճգնաժամը՝ ՔՈԱՖ-ը գործարկում է H.O.P.E. («Հույս») մարդասիրական նախագիծը, որի նպատակն է մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով որակյալ կացարանների տրամադրմանը, ներառական կրթության հնարավորությունների ստեղծմանը, հոգեսոցիալական աջակցությանն ու հմտությունների զարգացմանը:
▪ Կացարանների տրամադրում
Այսօր յուրաքանչյուր արցախցու համար կարևոր է վերագտնել տան ջերմությունն ու հարմարավետությունը, ինչը հաշվի առնելով՝ մենք, ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ, փորձելու ենք Արցախից բռնի տեղահանված անձանց ապահովել կացության ժամանակավոր և մշտական վայրերով։
▪ Կրթության հնարավորությունների ստեղծում
Կենսական նշանակության խնդիրների կողքին՝ մեզ համար առաջնահերթ է մնում կրթության հնարավորությունների ստեղծումը։ Այսպիսով, արցախցի երեխաներին ու երիտասարդներին նախատեսվում է ներգրավել ՍՄԱՐԹ նախաձեռնություններում և ՔՈԱՖ-ի կրթաթոշակների ու կարիերայի զարգացման ծրագրում։
▪ Հոգեբանական և սոցիալական աջակցություն
Ընդլայնելով Երեխայի և ընտանիքի կենտրոնների փորձառու մասնագետների մեր թիմը, որոնք ամեն տարի սպասարկում են 3-18 տարեկան հարյուրավոր երեխաների՝ մենք ծրագրում ենք արցախցի փոքրիկներին, երիտասարդներին ու ընտանիքներին տրամադրել հոգեբանական, լոգոպեդական, սոցիալական աշխատողի ծառայություններ, որոնք այս ճգնաժամային իրավիճակում նրանց շատ են պետք։ Զուգահեռաբար, ՔՈԱՖ-ը կձևավորի մասնագետների շարժական թիմեր՝ նրանց աշխատանքն անհրաժեշտ վայրերում ապահովելու նպատակով, ինչպես նաև կտրամադրի ատամնաբուժական ծառայություններ և Դսեղի առողջության կենտրոնին։
▪ Հմտությունների զարգացում
Երեխաներին և երիտասարդներին զուգահեռ մենք նպատակ ունենք նաև հզորացնել մասնագետներին՝ ամրապնդելով նրանց հմտություններն ու կարողությունները։ Այս տեսանկյունից արցախցի մանկավարժների և ծրագրավարների համար նախատեսված վերապատրաստման ծրագրերը վառ օրինակ են և կարող են նպաստել աշխատանք գտնելու հարցում։
Գիտակցելով միանվագ նվիրաբերությունների կարևորությունը՝ մենք հրավիրում ենք ձեզ միանալ ամսական ներդրումներ կատարելու մեր նախաձեռնությանը: Փոքր սահմանաչափով, բայց կանոնավոր նվիրաբերությունները կարող են հանգեցնել հսկայական փոփոխությունների՝ հնարավորություն տալով ՔՈԱՖ-ին երկարատև վերափոխումներ բերել Հայաստանի համայնքներում։
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով:
Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234
coaf@coaf.org
Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ