Արվետի 6 ուղղություն, շուրջ 150 հայտ, 65 մրցանակակիր և Փարաջանովի «նռան գույնով» ու Ազնավուրի «բոհեմական» երգերով լցված ուղիղ 4.5 ժամ տևած արվեստոտ երեկո։
Օրերս ՍՄԱՐԹ կենտրոնում կայացավ «Վահէ և Լյուսի» հիմնադրամի ու ՔՈԱՖ-ի համատեղ «Մեկ դար, երկու լեգենդ» թվով երկրորդ մրցանակաբաշխության արարողությունը։ 11-18 տարեկան ՍՄԱՐԹացիներ ու լոռեցի պատանիներ անհատական և հիբրիդային ձևաչափով հանդես եկան մեծ երգչի ու նկարչի արվեստով ոգեշնչված իրենց աշխատանքներով։
Մրցույթին նախորդել են ՍՄԱՐԹ կրթակարգի վեց ուղղությունները ներառող աշխատարաններ, որոնք վարել են տարբեր երկրներից հրավիրված մասնագետներ. Վրեժ Քասունի(անիմացիա), Սոֆի Քյոշգերյան(պար), Ռուբեն Մալայան(նկարչություն/գեղագրություն), Պայքար Չախոյան(ձայնային ձևավորում), DJ Քրիս(երաժշտական գործիքներ) և Արման Սարիբեկյան (թատերարվեստ)։ Այս տարի աշխատարաններին ավելացան նաև ՍՄԱՐԹ այցերը։
«Հասկացանք, որ աշխատարանների ընթացքում ձեռք բերված հմտություններից բացի շատ կարևոր է, որ ճանաչողական այցեր լինեն տվյալ ոլորտը ներկայացնող կազմակերպություններ ու հաստատություններ։ Այդպիսով ՍՄԱՐԹացիները հնարավորություն ունեցան տեղում ծանոթանալու աշխատանքային պրոցեսներին ու ոգեշնչվելու պրոֆեսիոնալների գործերով»,- պատմում է ՍՄԱՐԹ կենտրոնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մետաքսյա Դավթյանը։
Խոսելով մրցույթի կարևորության մասին՝ Մետաքսյան առանձացրեց հետևյալ կետերը. «Սա ևս մեկ հարթակ է մարզի՝ արվեստով զբաղվող պատանիների ինքնաարտահայտվելու համար, ինչպես նաև լավ առիթ արվեստը հանրայնացնելու համար։ Դրամական պարգևներն էլ վկայում են այն մասին, որ կարելի է արվեստով գումար վաստակել, ինչը պակաս կարևոր չէ»։
Հեղինակ՝ Քնար Բաբայան