Բարի գալուստ 2020-ի առաջին ՍՄԱՐԹամեջ։ Մեզ հյուր է եկել BBC-ի ռուսական ծառայության երկար տարիների լրագրող, Հայաստանի հանրային ռադիոյի նախկին տնօրեն կամ պարզապես շատերիս արդեն հարազատ դարձած «ձայն»` Մարկ Գրիգորյանը։
Ի՞նչ է պատմությունը և որտեղի՞ց է այն գալիս։ Երբ շունն է կծում մարդուն, դա նորություն չէ։ Նորությունն այն է, երբ մարդն է կծում շանը։ Ի՞նչ է սա նշանակում։ Լրագրության բարդ թվացող ոլորտը Մարկը սկսեց ներկայացնել ամենապարզից՝ պատմությունից։ Մենք ապրում ենք պատմությունների դարում, և մեզ հետաքրքրող ամեն բան պատմություն է։ Լուսանկարը ևս պատմություն է, այն մեզ օգնում է պատմել, հատկապես երբ ուրիշներին ենք ցույց տալիս։
Մարկը մեզ պատմեց հին ու նոր պատմություններ թե՛ իր, թե՛ այլոց կյանքից։ Մի բան պարզ էր․ պատմություններն ապրում են տարիներով, անգամ դարերով, եթե իհարկե հետաքրքիր են։
Ինչպես կյանքում, այնպես էլ լրագրության մեջ, մարդկանց ուշադրությունը գրավելու համար պետք է հետաքրքրաշարժ լինել։ «Հետաքրքիր լինելու համար նախ պետք է հետաքրքրասեր լինել․ լրագրությունն իմ իմացած ամենահետաքրքրասեր մասնագիտությունն է»,- նշեց Մարկը։
Ըստ Մարկի՝ լրագրության մեջ նորությունը ձևավորում են 3 գործոններ՝ մարդկանց մեծ խմբին վերաբերելը, աշխարհագրորեն մոտ լինելը և հայտնի մարդկանց ներգրավվածությունը։
Անշուշտ, լրատվության մասին խոսելիս դժվար թե չհիշեինք կեղծ (ֆեյք) նորությունների մասին, որոնք գրեթե ամեն օր լսում ենք։ Մարկը նշեց, որ լուրը լսելիս միշտ արժե ստուգել դրա հավաստիությունը։ Ամենապարզ եղանակը այլ աղբյուրներում տեղեկատվությունը փնտրելն է․ որքան շատ լրատվականներ են գրում տվյալ իրադարձության մասին, այնքան շատ է հավանականությունը, որ այն հավաստի է։
Հանդիպման վերջում մի ուսանող հարցրեց՝ արդյոք առիթ ունենալու դեպքում Մարկը կվերադառնա՞ր Լոնդոն։ Պատասխանը չուշացավ,- «Ես միշտ էլ ունեմ վերադառնալու հնարավորություն, բայց ես որոշել եմ Հայաստան վերադառնալ և ես երջանիկ եմ․ ինչու՞ պետք է փոխարինեմ իմ երջանկությունը այլ բանով»։