Տասնյոթամյա աղջիկ, ով մեծ սեր ունի ֆիզիկայի ու մաթեմատիկայի հանդեպ, ապրում է Լոռու Մարց գյուղում ու ասում, որ մի օր հնարավոր է ստեղծի իր սեփական ռոբոտը։ Կարճ ասած` ծանոթացե՛ք Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի «բնակիչ» Մարիամ Խաչատրյանի հետ։
Եթե Մարիամը մի օր ռոբոտ ստեղծեր, այն կլիներ աղբ հավաքող «մարդ-սարք»։ «Փողոցներում շատ աղբ կա․ մարդկանց կյանքը շատ կհեշտանար, եթե լիներ ռոբոտ, որ ամեն օր հավաքեր այն»,- ասում է նա՝ կանգնած իր գյուղի մի ճանապարհին, որին նայում ու մտովի պատկերացնում է իր նկարագրածը։
Այն նորարարություններին, որոնց ծանոթացել է ՍՄԱՐԹ-ի Մեխանիկա ծրագրի ընթացքում, նրան գյուղի առօրյա կյանքը հեշտացնելու հետ կապված գաղափարներ են տվել։ Օրինակ՝ տեխնոլոգիայի կիրառումը գյուղատնտեսության մեջ։ «Մարցում մարդկանց մեծամասնությունը դեռևս չի օգտագործում ժամանակակից տեխնիկա այգիների մշակման մեջ»,- պատմում է Մարիամը՝ կարծելով, որ արժե ընդլայնել դրա կիրառումը ֆիզիկական աշխատանքը թեթևացնելու ու ավելի մեծ արդյունավետություն ապահովելու համար։
Ինչպես իր հասակակիցներից շատերը, Մարիամն ապագա մասնագիտության փնտրտուքների մեջ է։ «Ամեն անգամ, երբ ՍՄԱՐԹ-ի մի նոր ծրագիր եմ ավարտում, որոշում եմ հենց այդ ուղղությամբ շարունակել, և այդպես, ամեն հաջորդ ծրագրի հետ ցանկությունս փոխվում է»,- անկեղծանում է նա։
Շուրջ 3 տարի Լոռու ՍՄԱՐԹ կենտրոն հաճախելով՝ նա հասցրել է չինարեն սովորել, ծանոթանալ ավանդական նկարչությանը, կատարողական արվեստին, յոգային ու իրեն հոգեհարազատ ճարտարագիտության ոլորտին։ Չինարենն իր մեջ Չինաստանի մասին շատ կարծրատիպեր է կոտրել, նկարչությունը՝ սովորեցրել ազատ լինել, կատարողական արվեստի շնորհիվ կարողացել է արագ մերվել թիմակիցների հետ, յոգայից սովորել վախը կառավարել ու չխուսափել այն վարժություններից, որոնք իրեն բարդ են թվում։ «Ճամփորդությունը» շարունակվում է․․․