Երեխայի կյանքի համար միշտ պետք է պայքարել

Լեռնագոգցի Մանուշակ Ավագյանը 25 տարեկան է, մանկական ուռուցքաբան-արյունաբան է։ Նաև ՔՈԱՖ-ի շրջանավարտների ասոցիացիայի անդամ է։

Մանուշակը հիշում է, թե ինչպես ՔՈԱՖ-ը «մտավ» Լեռնագոգ ու վերանորոգեց համայնքի դպրոցը․ «ՔՈԱՖ-ը մեծ ազդեցություն է թողել իմ կյանքում։ Այդ ժամանակ չէի էլ մտածում, որ կընդունվեմ բժշկական համալսարան ու կկենտրոնանամ գիտական գործունեության վրա։ Ինձ պարզապես շատ էին հետաքրքրում Հիմնադրամի առաջարկած խմբակներն ու կրթական ծրագրերը։ Ես ընդգրկված էի առողջ ապրելակերպի ու լուսանկարչության խմբակներում։ Ստացածս գիտելիքները լիովին փոխեցին իմ մտածելակերպը»։

Որոշ ժամանակ անց Մանուշակը գիտակցեց, որ իրեն ամենից շատ հետաքրքրում են բժշկությունն ու առողջապահությունը։ ՔՈԱՖ-ի առողջապահական թիմի հետ շփվելուց, նրանց ծրագրերում որպես կամավոր ընդգրկվելուց հետո բժիշկ դառնալու ցանկությունն ավելի ուժեղացավ։ Արդյունքում Մանուշակն ընդունվեց Երևանի պետական բժշկական համալսարան, ապա՝ Հայաստանի ամերիկյան համալսարան, ու ամբողջովին կենտրոնացավ ուսման վրա։

«Մի անգամ դոկտոր Կարո Արմենի մասին հոդված կարդացի։ Այն, հիմնականում, «Աջենուս» ձեռնարկության և իր անցած ճանապարհի մասին էր։ Ինձ խիստ տպավորեցին իմունային թերապիայի միջոցով քաղցկեղը բուժելու մասին մտքերը»,- մտաբերում է Մանուշակը։ – Այդ բնագավառում գործելն ինձ համար դարձավ երազանք, որի իրականացումն անհնարին էր թվում»։

IMG_7953-1024x683-1.jpg (1024×683)

Մանուշակը որոշեց մանկական ուռուցքաբանության մեջ մասնագիտանալ։ Մասնակցեց մի շարք գիտաժողովների, նորություններ իմացավ, հիվանդությունների բուժման նորարարական մեթոդներին ծանոթացավ։ Զբաղվեց քաղցկեղին առնչվող հետազոտություններով, միջազգային ամսագրերում հոդվածներ հրապարակեց։ Իսկ այժմ Մանուշակը կլինիկական օրդինատոր է պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում։

Մանուշակը պատմում է իր առաջին հիվանդի՝ վեցամյա մի տղայի մասին, որի մոտ ախտորոշել էին Յուինգի սարկոմա․ «Քիմիաթերապիայի 6 փուլերի արդյունքում ինձ հաջողվեց առաջնային ուռուցքների չափը 50%-ով նվազեցնել»։

«Չես կարող աշխատել քաղցկեղ ունեցող երեխաների հետ ու լինել «սովորական բժիշկ»,- պնդում է Մանուշակը։- «Պետք է ձգտել լինել լավագույնը, պետք է փորձել բուժման բոլոր հնարավոր տարբերակները, որոնք գոյություն ունեն մեր երկրում և երկրից դուրս։ Երեխայի կյանքի համար միշտ պետք է պայքարել ու երբեք չհանձնվել»։

Մանուշակը գտնում է, որ ՔՈԱՖ-ը շատ է նպաստել իր զարգացմանն ու մասնագիտական աճին․ «Ես չեմ ուզում շարքային մասնագետ լինել։ Ուզում եմ ավելի շատ բանի հասնել և՛ որպես բժիշկ, և՛ որպես գիտնական։ ՔՈԱՖ-ը միշտ կարևորել է ստացած գիտելիքներն ու փորձը կիսելու, տարածելու գաղափարը։ Այժմ ես ձգտում եմ խրախուսել, որ մեր համայնքների դպրոցականները միշտ գնան իրենց երազանքների հետևից ու ոմանք էլ, գուցե, մտածեն բժիշկ դառնալու մասին»։

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org