Կառավարման հմտությունները արագ փոփոխվող աշխարհում

Ասում են՝ ապագան պատկանում է նրանց, ովքեր այսօր դրան պատրաստվում են:

Մենք ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի երիտասարդներին վաղվա օրվան պատրաստում ենք՝ նրանց հասանելի դարձնելով ժամանակակից մասնագիտությունների մի լայն շրջանակ:

Աշխարհը զարգանում ու հաճախ փոփոխվում է բուռն տեմպերով: Ինչպե՞ս կառավարել այս կամ այն իրավիճակները, եթե ոչ ժամանակակից ու արդիականացված կառավարման հմտություններով:

Կառավարումը ՍՄԱՐԹ-ի ձեռնարկատիրական ոլորտի ծրագրերից մեկն է, որ առաջարկվում է Լոռու մարզում բնակվող մեր ուսանողներին: Այն երիտասարդներին սովորեցնում է ուժի, ազդեցության և առաջնորդության դրսևորումների մասին, ինչպես նաև ծանոթացնում այնպիսի հասկացությունների, ինչպիսիք են ժամանակի կառավարումը, որոշումների կայացումը, թիմային աշխատանքը և կոնֆլիկտի կառավարումը:

Օրինակ՝ ժամանակի կառավարման լավ հմտությունները օգնում են ուսանողներին դասակարգել իրենց դպրոցական առաջադրանքները ըստ առաջնահերթության և աշխատանքը ծրագրել այնպես, որ ժամանակին կարողանան ավարտել հանձնարարությունները: «Կառավարման ծրագրի ընթացքում իմ սովորած ամենաօգտակար բաներից են հրատապ և կարևոր առաջադրանքները տարբերակելն ու իմ մեծ ու փոքր նպատակներին հասնելու համար ինքս ինձ մոտիվացնելը», – բացատրում է Կառավարման ծրագրի ուսանող Կարինա Վարոսյանը, որ ՍՄԱՐԹ կենտրոն հաճախում է Ալավերդի քաղաքից:

Ուսանողները նաև ուսումնասիրում են կառավարման միջմշակութային առանձնահատկությունները, մասնավորապես մենեջերների և կազմակերպության անդամների վարքը, գործելակերպը և մշակութային կողմնորոշումները:

Իսկ որոշ ուսանողներ էլ ծրագրի շնորհիվ բացահայտում են մարդու վարքի հիմքում ընկած հոգեբանական գործոնները: «Ինձ համար սովորածս ամենատպավորիչ բաներից եղել է Մասլոուի պահանջմունքների բուրգը, որ բացատրում է մարդկային մոտիվացիայի տեսությունը», – ասում է ՍՄԱՐԹ-ի ուսանող Սյուզի Ղուլինյանը։

Լինելով ոչ ֆորմալ կրթության բաղադրիչ՝ Կառավարում ծրագիրը հանրակրթական դասընթացներից տարբերվում է ուսումնական ծրագրում ներառված խաղերով, վիկտորինաներով և առցանց ուսուցման նյութերով:

Ուսանողները նաև սովորում են՝ ինչպես գրել մոտիվացիոն նամակ և ինքնակենսագրական (CV), ինչը նշանակում է, որ մասնագիտական ուղին սկսելիս կարևորագույն խնդիրներից մի քանիսը արդեն իսկ լուծված են։

«Ուսանողներիս միշտ խրախուսում եմ շրջանակներից դուրս մտածել և փորձում օրինակներով ցույց տալ, որ չկան ճիշտ կամ սխալ պատասխաններ․ յուրաքանչյուր կարծիք կարևոր է», – ասում է ՍՄԱՐԹ-ի Կառավարման ծրագրավար Նաիրա Էվոյանը։

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org