Լուսվարդի ուղևորությունը հաջողակ կարիերայի ճանապարհով

Աշխատանքի է գալիս մի կես ժամ շուտ, տաք թեյի բաժակն առնում է ձեռքերի մեջ, լուսամուտից դուրս է նայում ու մտովի պատրաստվում արդյունավետ օրվան․ ՔՈԱՖ-ի շրջանավարտ Լուսվարդ Առաքելյանի սովորական աշխատանքային օրվա առաջին ինքնառաջադրանքն է։ 

Լուսվարդի ոչ միայն պատանեկության տարիները, այլև կարիերայի զարգացումը ՔՈԱՖ-ի հետ ձեռք ձեռքի էին։ Մասնակցել է կրթական ծրագրերի, ՔՈԱՖ-ի և HSBC Հայաստան բանկի համատեղ կրթաթոշակին է արժանացել, որի շրջանակներում նաև պրակտիկայի ու մենթորության ծրագրերի է մասնակցել։ 

Այսօր նա Հայաստանի ֆինանսական և խորհրդատվական առաջատար կազմակերպություններից մեկում ֆինանսական շուկաների կրտսեր մասնագետ է, մի քանի տարվա աշխատանքային փորձ ունի և այսօր պատրաստ է իր ձեռքբերումներն ու խորհրդի պատառիկները բաժին հանել այն երիտասարդներին, ովքեր նույն ուղին են բռնում։ 

Մեկնարկը շուտ տալ 

Լուսվարդը մասնագիտական զարգացման ուղղությամբ սկսել է բավականին վաղ աշխատել։ Հայաստանում միաժամանակ սովորելն ու աշխատելը տարածված բան չէ, և ինքն իր կուրսի այն եզակիներից էր, ով դեռ ուսանողական տարիներից աշխատել է վաճառքի ոլորտում։   

«Զուգահեռ աշխատելն ու սովորելն օգնել են ինձ գործնականում ավելի պատասխանատու լինել, համադրել գիտելիքն ու պրակտիկան, հաճախորդի սպասարկման հմտություններ ձեռք բերել, փորձել ուժերս տարբեր ոլորտներում»։ 

Չիմանալն ամոթ չէ

2019թ․, երբ Լուսվարդը ՔՈԱՖ-ի պրակտիկան անցկացնում էր HSBC Հայաստան բանկում, բանկային համակարգից գործնական գիտելիքներ չուներ։ «Այն ուսանողներին, ովքեր կուզենան պրակտիկ փորձ կուտակել, խորհուրդ կտայի երբևէ չվախենալ անծանոթ ոլորից։ Միշտ էլ մի բանից սկսել է պետք»։ 

Առավելագույնը քաղել փորձառությունից

Լուսվարդը անսահման բարձր է գնահատում ՔՈԱՖ-ի մենթոր, HSBC Հայաստան բանկի նախկին ֆինանսական տնօրեն Աստղիկ Դրամփյանի հետ համագործակցությունը․ «Ես սկսեցի սիրել բանկային ոլորտը հենց իմ մենթորի և իրենց թիմի շնորհիվ,- նշում է Լուսվարդը՝ կարևորելով աշխատակիցներից սովորելու և կազմակերպության ներքին մշակույթը որդեգրելու անհրաժեշտությունը։- Շատ ժամանակ անցկացրեք ձեր ղեկավարների հետ․ նրանցից սովորելու շատ բան կա»։

Անձնական կյանքը ներդաշնակել գործին

Հաճախ է իրեն բռնում աշխատանքից հետո գործին վերաբերող հարցերի շուրջ մտմտալիս և նոր բաներ ուսումնասիրելիս․ «Լրացուցիչ ջանքեր են պետք հաջողելու համար»,- վստահ է Լուսվարդը, որ ձգտում է իր ոլորտին մշտապես քաջատեղյակ լինել։ 

Սակայն այդ ամենը չի խանգարում իրեն գործից հետո հաճելի այլ զբաղմունքներից օգտվել՝ նկարել, որևէ հետաքրքիր դասընթացի մասնակցել, ընկերներին հանդիպել։ 

*****

Այժմ ՔՈԱՖ-ի շրջանավարտների համար անցկացվող TՕEFL IBT դասերին է մասնակցում․ սա առցանց նոր դասընթաց է այն ուսանողների համար, ովքեր ուզում են բարձրագույն կրթությունը շարունակել Հայաստանի կամ արտերկրի լավագույն բուհերում։ Լուսվարդը ուզում է 2021 ուսումնական տարում դիմել Մեծ Բրիտանիայում Օքսֆորդի համալսարանի ֆինանսների և բիզնեսի կառավարման (MBA) մագիստրոսական ծրագրին: 

ՔՈԱՖ-ի շրջանավարտի հաջողության ուղին սկսվում է համառ աշխատասիրությունից ու գնում մեծագույն երազանքի լայնահուն ճանապարհով։

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org