Բոստոնահայ բժիշկ-գիտնականի պատմությունը

Լեռնիկ Օհանջանյանը բժիշկ-գիտնական է, զբաղվում է երիկամային քաղցկեղի իմունային և թիրախային թերապիայով։ Լեռնիկը Թեհրանում է ծնվել, դպրոց գնացել, ապա ընտանիքով տեղափոխվել Երևան ու սովորել Երևանի պետական բժշկական համալսարանում։ Հետագայում ուսումը շարունակել է ԱՄՆ-ում, ավարտել Բալթիմորի Ջոն Հոփքինսի համալսարանը։

Մի քանի տարի առաջ Լեռնիկը սկսեց մտածել Հայաստանում կամավորությամբ զբաղվելու ուղղությամբ։ Անցյալ տարի նրա մտահղացումն իրականացավ, և նա միացավ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) առողջապահական թիմին։

«Այստեղ իմացա, որ աղքատությունը երեխաների շրջանում 64%-ի է հասնում։ Նրանք մեծ մասամբ գյուղական շրջաններում են ապրում,- ասում է Լեռնիկը։- Իրականում, դա ահավոր է, չէ՞ որ իրենք են մեր ապագան․․․ Վերջիվերջո, հայաստանցի երեխաները պետք է պաշտպանված լինեն»։

Եվ Լեռնիկը որոշեց իր գիտելիքներով ու հմտություններով օգնել Հայաստանի գյուղական շրջանների երեխաներին։ «ՔՈԱՖ-ը վստահելի կազմակերպություն է։ Գյուղերում ՔՈԱՖ-ին հավատում են, և դա շատ կարևոր է։ Ես սկսեցի մտածել, թե գիտելիքներս ինչպես կիրառեմ, ու որոշեցի համայնքներում աշխատել։ Նպատակս գյուղական երեխաների առողջապահական գիտելիքները բարելավելն էր։ Ընդհանրապես, պատանիների առողջական խնդիրների հայտնաբերումն ու լուծումը խիստ անհրաժեշտ են,- կարծում  է Լեռնիկը։- Դրա արդյունքում նրանք կկարողանան հիմնավորապես կենտրոնանալ իրենց կրթության վրա։ Ես էլ որոշել եմ իմացություններս ծառայեցնել այդ երեխաների կարիքներին»։

Լեռնիկը ժամանակին աշխատել է Հնդկաստանի չքավոր շրջաններում ու պնդում է, որ Հայաստանում կամավորական աշխատանքը բոլորովին այլ փորձառություն է։ «Այստեղ շատ բան եմ սովորել։ Լավ է, երբ կարողանում ես հենց գյուղում աշխատել, երեխայի կարիքները հասկանալ․․․ Օրինակ՝ ես չգիտեի, որ Արմավիրի մարզի երեխաների շրջանում ատամնափուտը շատ է տարածված։ Եթե գյուղեր չայցելեի, չէի իմանա, որ, ասենք, Լեռնագոգի, Եղեգնուտի կամ Գուսանագյուղի երեխաներն այդքան կրթված են, քաղաքավարի ու խելացի։ Նրանք միշտ պատրաստ են նոր բաներ սովորելու։ Հետաքրքիրն այն է, որ, պատանիները հաճախ ավելի կրթված են, քան իրենց ծնողները։ Ես նրանց համար դասախոսություն եմ կարդացել սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կանխարգելման մասին։ Հեշտ չէր, որովհետև նրանք ամաչում էին․․․ Բայց երբ սկսեցին խելացի հարցեր տալ, պարզվեց, որ իրենք շատ ավելի են պատրաստ «դժվար» թեմաներ քննարկելու, քան մեծահասակները։ Ինձ համար էլ էր դա մարտահրավեր, բայց, կարծես թե, հաղթահարեցինք․․․»

Լեռնիկը վստահ է, որ ՔՈԱՖ-ը կտրուկ փոխել է գյուղական վայրերում ապրող երեխաների կյանքը։ «Տավուշցի, լոռեցի, շիրակցի ու արմավիրցի երեխաները չեն կարող օգտվել երևանցի երեխաների հնարավորություններից։ Անհավասարությունը չափազանց մեծ է։ Իսկ ՔՈԱֆ-ն ամեն ինչ անում է, որ այդ անհավասարությունը վերանա, ընդ որում՝ դա բոլոր բնագավառներին է վերաբերում՝ կրթություն, առողջապահություն, սոցիալական վիճակ։ ՔՈԱՖ-ը սերտորեն աշխատում է համայնքների հետ, ՔՈԱֆ-ին հարգում ու վստահում են․․․ Վստահությունը խիստ կարևոր է, ամեն ինչ հենց այդտեղից է սկսվում։ Սփյուռքում գիտեն, որ կա մի կազմակերպություն, որը նվիրատվությունների 100%-ն ուղղորդում է գյուղական համայնքների երեխաներին․․․ Ընդ որում՝ դա անհնարին կլիներ առանց ՔՈԱՖ-ի մասնագետների, որոնք հենց տեղում՝ գյուղերում են աշխատում, գրասենյակներում չեն նստում․․․»

Երիտասարդ բժիշկն ասում է, որ կցանկանա հետագայում էլ ՔՈԱՖ-ի հետ համագործակցել․ «Կմտածեմ, թե ինչ ծրագիր կարելի է նախաձեռնել, որ համայնքներին ավելի մեծ օգուտ բերեն ու ավելի հզոր ազդեցություն ունենան մարդկանց կյանքի վրա»։

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org