Երեխաներն այլևս բժիշկներից չեն վախենում

Հայաստանի մանուկներ հիմնադրամը «Էվոկաբանկի» միջոցով վերանորոգել է Կոթիի ամբուլատորիան

Փետրվարին տեղի ունեցավ Տավուշի մարզի Կոթի համայնքի ամբուլատորիայի երկու վերանորոգված սենյակների բացումը։ Աշխատանքների կազմակերպումն ու վերահսկումն իրականացրել է Հայաստանի մանուկներ հիմնադրամը՝ «Էվոկաբանկի» կողմից արված նվիրատվության միջոցով։ Հիմնադրամը տրամադրել է համապատասխան սարքավորումներ, ինչպես նաև խաղալիքներ գնել ամբուլատորիա այցելող երեխաների համար։

«Շատ շնորհակալ ենք Հիմնադրամին ու «Էվոկաբանկին»,- ասում է ամբուլատորիայի ընտանեկան բուժքույր Գայանե Դավթյանը։- «Նոր միջավայրում աշխատելը խիստ հաճելի է։ Առաջ մեր գյուղի երեխաները պատվաստումներից վախենում էին։ Հիմա գալիս, խաղում են Հիմնադրամի նվիրաբերած խաղալիքներով, մատիտներով նկարում։ Հաճույքով են գալիս այստեղ, ու բժիշկներից, սրսկումներից այլևս չեն վախենում»։

Նվիրատվության միջոցով մասնակիորեն վերանորոգվել են բուժհաստատության պատերը, պատուհաններն ու առաստաղը։ Հիմնադրամն էլ, իր կողմից, ամբուլատորիայի ջրագիծն է վերանորոգել ու բարելավել սանիտարահիգիենիկ պայմանները։

«Ամբուլատորիայի պատուհանները փայտից էին ու կիսափտած… Պատերին համարյա ներկ չէր մնացել, ջեռուցման մարտկոցներն էլ քայքայված էին»,- ասում է բուժհաստատության հաշվապահ Սիլվա Սուքիասյանը։- «Ջուրը դույլերով էինք բերում… Հիմա ամեն ինչ փոխվել է, հարմարավետ սենյակներ ունենք, հոսող ջուր»։

Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանն էլ է ոգևորված ամբուլատորիայի վերանորոգմամբ. «Հիմա սենյակները շատ ավելի լավ սանիտարական պայմաններ ունեն։ Բուժաշխատողներն ավելի որակյալ ծառայություններ են կարողանում մատուցել, ծնողներն էլ երեխաներին հաճույքով են բերում ամբուլատորիա… Հիմնադրամն, ինչպես միշտ, հրաշալի գործ է արել»։

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org